Մատչելիության հղումներ

Փողոցում հավաքված են մարդիկ՝ զորախմբերով, որ փորձում են լուծել իրենց ունեցվածքի պահպանության հարցը. Անդրանիկ Քոչարյան


ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդդիմադիրների մոտ քաղաքական օրակարգ չի տեսնում, ասում է՝ նրանք ռևանշի ձգտող ուժեր են։

«Այսօր փողոցում հավաքված են մարդիկ՝ իրենց զորախմբերով, որոնք փորձ են անում լուծել իրենց ունեցվածքի պահպանության հարցը», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտարարեց իշխանական պատգամավորը։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Քննիչ հանձնաժողով պետք է հրավիրվեն նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները. Քոչարյան

«Մեղադրանքներ պետք է չհնչեցնել, դրանց շուրջ պետք է բանավեճ ծավալել, պատճառները հասկանալ Շուշիի կորստի և Շուշիի կորստից դասեր քաղել ու ընդհանրապես մեր պատմությունից, ու մեր գործընկերները այդ ճանապարհով չեն գնում, որովհետև այդ ճանապարհով գնալու պարագայում իրենք շատ-շատ հարցերի պետք է պատասխանեն», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին՝ Շուշիի կորստի հետ կապված։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահը նշեց, որ հանձնաժողովը պետք է այդ հարցերի շուրջ հրավիրի նախկիններից՝ հասկանալու համար «մեր պարտությունը ինչպես կերտվեց, հատկապես Հոկտեմբերի 27-ից հետո»։

«Եվ դա ինչ ընթացքով է տեղի ունեցել, որովհետև այսօր էլ ընդդիմության լիդերների մեջ կան մարդիկ, որոնք ուղղակի պատասխանատու են բանակը նման վիճակի հասցնելու համար, նույն Սեյրան Օհանյանը», - նշեց նա՝ հավելելով, որ Օհանյանն, օրինակ, պետք է պատասխանի հարցին, թե ինչու չի եղել մոբիլիզացիոն ռեսուրս։

«Ես այնտեղ հստակ ընդդիմություն, ընդդիմադիր քաղաքական օրակարգ չեմ տեսնում»

Իշխանությունները իրենց հասանելիք դասերը ոչ միայն քաղել են, այլև կառավարության ծրագրում ներառել են, թե ինչպես պետք է այս իրավիճակից դուրս գանք, վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը։

Վերջինս ընդդիմության քայլերում հստակ քաղաքական օրակարգ չի տեսնում, այլ սեփական ունեցվածքը պահպանելու ցանկություն. «Ես այնտեղ հստակ ընդդիմություն, ընդդիմադիր քաղաքական օրակարգ չեմ տեսնում, ես տեսնում եմ այնտեղ նախկինների՝ ռևանշի ձգտող ուժեր՝ իրենց ակնհայտ զորքերով, այսօր էլ մենք Գյումրիում տեսանք զորքերի առկայությունը, որը 18 թվականի հեղափոխության ընթացքում փորձ արվեց օգտագործվի, բայց դա չգլխատվեց, նրանք շարունակում են մնալ կենսունակ, այդ զորքերը օլիգարների շուրջ համախմբված, սպորտային կեցվածքով երիտասարդներ են։

Այստեղ պետք է նայել ռևանշի ձգտող ուժերը, որոնք Ֆրանսիայի հրապարակում հիմա տեղակայված են, իրենք, ըստ էության, փորձ են անում իրենց ունեցվածքի պաշտպանության խնդիրը լուծել, որովհետև քաղաքական օրակարգ գոյություն չունի, քաղաքական հեռանկար չկա, այսօր փողոցում հավաքված են մարդիկ՝ իրենց զորախմբերով, որոնք փորձ են անում լուծել իրենց ունեցվածքի պահպանության հարցը», - հայտարարեց նա։

«Արցախի պաշտպանության խնդիրը լուծվում է ոչ թե Ֆրանսիայի հրապարակում, այլ բուն Արցախում և Հայաստանի սահմանններում»

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Արցախի պաշտպանության հարցով բոլորը պետք է մտահոգվեն, և դա չպետք է արվի Երևանում՝ Ֆրանսիայի հրապարակում։

Արձագանքելով ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե Արցախի պաշտպանության հարցն է իրենց օրակարգը, և Արցախը ամբողջությամբ վտանգված է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության ղեկին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Արցախի պաշտպանության խնդիրը լուծվում է ոչ թե Ֆրանսիայի հրապարակում, այլ բուն Արցախում և Հայաստանի սահմանններում, այդ խնդրով բոլորս պետք է մտահոգված լինենք և կատարենք ծրագրային մոտեցումներ, այն խնդիրը պետք է փորձենք լուծել, որը նաև ներառված է կառավարության ծրագրի մեջ»։

«Պարոն Սաղաթելյանը շատ լավ է, որ մտահոգված է, և Դաշնակցությունը մտահոգված է, բայց այդ մտահոգությունների շուրջ համախմբված երիտասարդությունը չգիտես՝ ինչու փոխանակ Արցախի խնդրին ավելի մոտ տիրույթում գտնվի, գտնվում է Ֆրանսիայի հրապարակում և Լաոյին արթնացնելով գնում են Գյումրի 80 անց մարդկանց ծեծելու», - հավելեց նա։

Քոչարյանը համաձայն չէ իրավապաշտպանների գնահատականների հետ

Պաշտպանության հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց իրավապաշտպանների դիտարկումներին, թե բերման ենթարկվածներին զորահավաքների ուղարկելը նշանակում է պաշտպանական գերատեսչությունը ներգրավել քաղաքականության մեջ։

Քոչարյանն էր Պաշտպանության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկել այս հարցը, նա ենթադրել էր, որ ընդդիմության նախաձեռնած ակցիաների մասնակից երիտասարդները եռամսյա հավաքներից և զինծառայությունից խուսափածներ են:

«Ես ասել եմ՝ բոլոր այն բերման ենթարկվածները, որոնց մեջ կլինեն խուսափողներ կամ կասկածներ, որ նրանք ապօրինի ազատված են զինվորական ծառայությունից, բնականաբար նրանք այդ տվյալները պետք է փոխանցեն ՊՆ», - այսօրվա ասուլիսին ասաց նա՝ հավելելով, որ մեկ իրավապահ մարմինը փոխանցում է իր տեղեկատվությունը, և սա որևէ քաղաքական կողմ չունի։

Անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկելու իր առաջարկը վախեցնելու նպատակ չի ունեցել, շեշտեց Քոչարյանը՝ պարզաբանելով՝ առաջարկը կորցրած ռեսուրսը վերականգնելու ուղի գտնելու մասին է։

«Սա տևական ժամանակ տեսադաշտից դուրս մնացած այն ռեսուրսի մասին է, որը որ թվում է թե մեր երկիրն ունի՝ պաշտպանական համակարգն ունի, բայց եթե նա էդ ռեսուրսը կորցրել է ինչ-ինչ ճանապարհով՝ թե՛ զորակոչի, թե՛ եռամսյա հավաքների, ես առաջարկել եմ դա վերականգնման ուղի գտնել՝ հենց հաշվի առնելով նրանց ակտիվ մասնակցությունը փողոցային պաշտպանություն կազմակերպելուն։ Լավ կլինի, որ մեր սահմանների պաշտպանությանը նույնպես իրենք շատ ակտիվ մասնակցեն արդեն որպես պետական պատվեր», - ասաց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը։

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG