Մատչելիության հղումներ

«Մենք որևէ շենք չենք գրավելու, շենքերում այլևս իշխանություն չկա». ընդդիմությունը շարունակում է ցույցերը


Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները օրվա երկրորդ կեսին երթով ու վանկարկումներով Ֆրանսիայի հրապարակից շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին։

«Մենք որևէ շեք չենք գրավելու, մենք որևէ սադրանքի չենք գնալու, ինչո՞ւ շենք չենք գրավելու, որովհետև շենքերում այլևս իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է», - հայտարարեց խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Ազգային ժողովի շենքը շրջափակված էր ոստիկանական մեծաթիվ ուժերով նախքան կառավարության հետ հարց ու պատասխանը։ Վահաններով ու սաղավարտներով ոստիկանները շղթայել էին Դեմիրճյան փողոցը, որտեղից Փաշինյանի շարասյունը Ազգային ժողով է մտնում։ Ազգային ժողովի ճաղավանդակներից ներս՝ գետնին տեղադրված էին լրացուցիչ պաշտպանական միջոցներ։

Ցուցարարները կանգ առան շենքի մոտ, որտեղ նրանց ու համազգեստավորների միջև երկու անգամ քաշքշուկ սկսվեց։ Կարճ ժամանակ անց լարված իրավիճակը հարթվեց, ոստիկանները բացեցին Դեմիրճյան փողոցը, ցուցարարները շարունակեցին երթը։

Մինչ քաղաքացիների երթը Բաղրամյան փողոց, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարություն տարածեց, թե հավաքի կազմակերպիչները մտադրված են Ազգային Ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում «դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը»։

Ընդդիմադիրները Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը կեղծ են որակում: Պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ այդպիսով ԱԱԾ-ն ու իշխանությունը փորձում են ահաբեկել ցուցարարներին, որ չմասնակցեն ցույցներին։

«ԱԱԾ այս հայտարարությունը ունի մեկ նպատակ՝ օր-օրի թափ առնող հանրային բողոքը, հանրային զայրույթը վախի մթնոլորտում փորձել սահմանափակել, մարդկանց ուղղակի վախեցնել, որ փողոց դուրս չգան: Կարծում եմ՝ մեր գիտակից քաղաքացիները ԱԱԾ այդ հիմար սադրանքին չեն ենթարկվի», - նշեց Մանուկյանը:

Մինչև Ազգային ժողովի մոտ հասնելը Ֆրանսիայի հրապարակում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Հինգ կետերով ներկայացրեց, թե ինչու են պայքարում, որ Փաշինյանը հեռանա իշխանությունից։

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տապալելով արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը բերել է պատերազմ ու պարտություն: Երկրորդ՝ խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել: Երրորդ՝ 2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս ունենք գերիներ: Չորրորդ՝ իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն, ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է, հիմա գնում է այլ ճանապարհով: Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ: Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա», - հայտարարեց Սաղաթելյանը:

Այսօր էլ նախորդ օրերի պես ընդդիմադիր շարժումը Երևանում շարունակեց անհնազանդության ակցիաները։ Վաղ առավոտյան բետոնախառնիչ մեքենաներով փակել էին Դավթաշենի ու Կիևյան կամուրջները։ Իսկ կեսօրին «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները խմբերով Երևանի կենտրոնի տարբեր ուղղություններով երթ արեցին։

Դաշնակցականները երթի ընթացքում մի քանի րոպեով փակում էին հարակից փողոցները, Հանրապետականներն էլ առանձին էին երթ անում, որոշ քաղաքացիները պատշգամբներից ու մեքենաների ազդանշաններով ողջունում էին ցուցարարներին, մի քանի կանայք էլ մայթերից նախատում նրանց։ Ցերեկվա երթերի ժամանակ ցուցարարներին ուղեկցում էին փոքրաթիվ ոստիկաններ, բախումներ ու քաշքշուկներ չեղան։

XS
SM
MD
LG