Մատչելիության հղումներ

Իշխող ուժի պատգամավորները պնդում են, թե ընդդիմությունը Արցախի հարցը շահարկում է իշխանության վերադառնալու համար


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում, արխիվ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մի շարք պատգամավորներ այսօր շտապեցին խորհրդարանի ամբիոնից գնահատականներ հնչեցնել ընդդիմադիրների՝ արդեն երեք օր շարունակվող անհնազանդության ակցիաների ու հավաքների մասին։

«Փողոց է դուրս եկել ոչ թե ընդդիմութունը, այլ ռևանշիստները, որոնք ցանկանում են վերականգնել իրենց ամեն ինչ անելու հնարավորությունը», - հայտարարեց պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ «ցուցարարների շարքերում կան նաև ազնիվ քաղաքացիներ, որոնք դժգոհ են իշխանության աշխատանքից»։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

«Եվ իրավունք ունեն դժգոհ լինելու, որովհետև այն սպասումները, որ ունեին, դեռ չի արդարացել։ Բայց մենք եթե հասկանանք ու ըմբռնումով մոտենանք, մենք պիտի ներենք նրանց, ովքեր իշխանություն են ուզում զավթեն, բռնազավթեն, որոնք էսօր բացահայտ հանրահավաքում ասում են, որ մենք կձևավորենք կառավարություն։ Չեն ասում՝ ընտրություն լինի, ժողովուրդը որոշի, չէ իրանք պիտի որոշեն», - ասաց նա։

«Փողոց դուրս եկած ընդդիմության առաջնորդները ամեն ինչ անելու են, որ օրենք խախտեն, իսկ իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ ինքն օրենքի դաշտից դուրս չգա, - շարունակեց Խաչատրյանը։ - «Մի բան ա, երբ որ իշխանությունը բռնազավթված ա, հասարակությունը համոզված է, որ կաշառքով, չգիտեմ ինչով ձևավորվել է խորհրդարան և ընդվզում է, մի բան ա, երբ որ ինչ-որ հրոսակախմբեր օրինական իշխանությունը փորձում են տապալել ու զավթել իշխանությունը»։

Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում ցուցարարներին
Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում ցուցարարներին

Այսօր առավոտյան «Կապիտալ շինարարություն» անունով մի ընկերության բեռնատարներ փակել էին Կիևյան կամուրջն ու Բաղրամյան պողոտայի վերջնահատվածը։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների պնդմամբ, այս ընկերությունը պատկանում է նախկին իշխանական մի փոխնախարարի, չնշեցին թե ում։

Վահագն Ալեքսանյան
Վահագն Ալեքսանյան

«Հասկանո՞ւմ եք, նախկին փոխնախարարը, որ հինգ հարյուր հազար դրամ աշխատավարձով չգիտեմ ինչպես դարձել ա շինարարական ընկերության սեփականատեր, իր բեռնատարներն ու բետոնախառնիչներն ա ուղարկում քաղաքացիների առաջ փողոց փակելու։ Սա մի յուրատեսակ ցուցադրություն ա, սիրելի քաղաքացիներ, թե կոնկրետ ինչի համար են իրենք պայքարում։ Այսինքն՝ բերել էն գույքը, որը դուք մեզնից պահանջում եք պետականացնել, բերել էդ գույքով ձեր ճանապարհն են փակում», - ասաց Վահագն Ալեքսանյանը։

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Բեռնատարների մասին հիշատակումները գրավեցին Ազգային ժողովի նախագահի ուշադրությունը։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հետևություններ պետք է անեն. - «Մենք ենք մեղավոր, որ էդ ընկերություններում փայ չենք մտել, էդ ընկերությունները մերը չեն, էդ ընկերությունները չեն վախենում իրենց քաղաքական դիրքորոշումները արտահայտեն։ Ժամանակին թե' ընկերությունները, թե' էն հայտնի շոու բիզնեսի աստղերը, որոնք վախում էին մի հատ ծպտուն հանեին, թե' որոշ եկեղեցականներ, որոնք վախում էին քիթը մարտի 1-ից սկսած իրանց էդ սև քողերի տակից հանեին... մենք ենք չակերտավոր մեղավոր։ Ոչինչ, ես վստահ եմ, որ հետևություններ կարվի, և վստահ եմ, որ էդ բոլոր խավերը նույնպես այդ հետևություններին շատ մոտիկից կծանոթանան»։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների ելույթներում արծարծված հաջորդ թեման Արցախն էր։ Իշխանականները վստահեցում են, թե ընդդիմությունը շահարկում է Արցախի հարցը ընդամենը իշխանության վերադառնալու համար։

Վաղարշակ Հակոբյան
Վաղարշակ Հակոբյան

Վաղարշակ Հակոբյանի պնդմամբ, փողոցի շարժումը Արցախի հետ կապ չունի. - «Էս գործողությունը նույնիսկ Հայաստանի հետ որևէ կապ չունի։ Էս ամեն ինչը մի բանի մասին ա՝ իշխանությունը զավթելու, իշխանության զավթման միջոցով սեփական շահերը առաջ տանելու մասին ա»։

Իր հերթին պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանը ափսոսանքով նկատեց, որ ընդդիմադիրները Արցախի դրոշները տեղադրել են դահլիճում, որից հեռացել են։ Ապա ավելացրեց, թե Երևանի կենտրոնում Արցախի դրոշը ծածանելով, Արցախին որևէ օգուտ չեն տալիս. - «Ի՞նչ, մեծ հերոսություն ա Արցախի դրոշը տեղադրելը, ի՞նչ, մենք չէինք ընդունում, չէինք ուզում։ Դուք հայրենասեր եք, մենք ո՞չ»։

Վլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովի պետիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը նաև պնդեց, որ ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել, թեև արդեն երրորդ օրն է, բազմաթիվ հաղորդումներ ու տեսանյութեր կան ցուցարարների հանդեպ ոստիկանության կողմից կիրառված բռնությունների մասին։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս բարձրաձայնել է ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի գործադրման մասին։

XS
SM
MD
LG