Մատչելիության հղումներ

Ընդդիմությունն այսօրվանից անհնազանդության ակցիաներ է սկսում


Ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում, 1-ը մայիսի, 2022թ․
Ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում, 1-ը մայիսի, 2022թ․

Ընդդիմությունն այսօրվանից անհնազանդության ակցիաներ է սկսում. առավոտից բազմաթիվ փողոցներ ու մայրուղիներ փակ են լինելու, երեկվա հանրահավաքի ընթացքում հայտարարեց Ազգային Ժողովի փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։

«Սիրելի հայրենակիցներ, վաղը Կենտրոն համայնքում, հատկապես, որևէ մեքենայի շարժ պետք է չլինի», - հայտարարեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ, 1-ը մայիսի, 2022թ․
Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ, 1-ը մայիսի, 2022թ․

Մեկ շաբաթ իրազեկման ակցիաներ անելուց հետո, իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմությունը երեկ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք էր հրավիրել, Սաղաթելյանը հայտնեց՝ հրապարակում են գիշերելու, վրաններ ու աթոռներ տեղադրեցին։

«Էս քանի օրը պետք է նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, ընկնենք, վեր կենանք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տևելու, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնություն», - հայտարարեց Սաղաթելյանը։

Ցուցարարները վրաններ են տեղադրում Ֆրանսիայի հրապարակում, 1-ը մայիսի, 2022թ․
Ցուցարարները վրաններ են տեղադրում Ֆրանսիայի հրապարակում, 1-ը մայիսի, 2022թ․

Ընդդիմությունը փողոցային պայքար սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու մասին ելույթից հետո։

Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը մտադիր է Արցախը հանձնել Ադրբեջանին, իսկ դա, ըստ նրանց, հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։

Երեկ ելույթներ ունեցան խորհրդարանի ըննդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի շարք պատգամավորներ, խոսեց նաև երկու շաբաթ առաջ Ազատության հրապարակում նստացույց սկսած, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը՝ հանրահավաքի ժամանակ, 1-ը մայիսի, 2022թ․
Արթուր Վանեցյանը՝ հանրահավաքի ժամանակ, 1-ը մայիսի, 2022թ․

«Էս իշխանություններն արդեն երեք-չորս տարի է բոլոր ուղղություններով ձախողել են, բայց, երբ երկրի վարչապետի աթոռը բախտի բերմամբ, թե պատահմամբ, զբաղեցրած անձը Ազգային ժողովում ասաց, որ «Արցախի կարգավիճակի շեմը պետք է իջեցնենք», իսկ, ամենակարևորը, երբ ասաց՝ «ունենալու էինք նույն վիճակը՝ բացառությամբ զոհերի», ես հասկացա, որ մենք այլևս իրավունք չունենք նստենք տանը, մենք պետք է դուրս գանք և վերջ տանք այս ամենին», - ասաց Վանեցյանը։

Հանրահավաքին երթով միացել էր, սակայն հարթակից ելույթ չունեցավ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG