Իշխող ուժը վստահ է՝ ընդդիմությունը չի կարող հասնել իշխանափոխության: Այսօրվանից սկսված անհնազանդության ակցիաները, ըստ «Քաղաքացիական պայմանագրի», կրկնում են 2018-ի հեղափոխության տեխնիկական հնարքները, բայց զուրկ են բովանդակությունից:
Իշխող խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ փողոցում տիրող իրավիճակն իրենց չի անհանգստացնում, Փաշինյանի հրաժարականի հարցը չի քննարկվում, օրակարգից չեն շեղվում: Ընդդիմությունը, ըստ նրա, քաղաքացիների համբերությունն է փորձում։
«2018-ին համաժողովրդական շարժում էր: Հիմա չի կարելի կրկնել մի քանի հարյուր հազարի կամ միլիոնի արածը ընդամենը 4-5 հազարով», - ասաց նա` հավելելով. «Հիմա իրենց փոքրաթիվ աջակիցների հետ փորձում են ազդել ընդամենը մարդկանց նյարդերի վրա, ինչ-որ նյարդային մթնոլորտ ստեղծել: Չեմ կարծում, որ այստեղ անհանգստանալու ինչ-որ մի բան կա»:
Իշխանական մեկ այլ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը նախ ծրագիր է ուզում տեսնել ընդդիմությունից։ Ասում է՝ հստակ պահանջ չի լսել. «Չեմ բացառում, որ մարդիկ, որոշ մասը գաղափարի համար է դուրս եկել և ճանապարհ փակում, բայց նրանց կազմակերպիչների մոտ ես գաղափար չեմ տեսնում, ես նույնիսկ ասելիք չեմ լսել այսքան ժամանակ»:
Արձագանքելով հրապարակում հնչող ելույթներին, թե վարչապետ Փաշինյանը մտադիր է Արցախը հանձնել Ադրբեջանին, իշխանական պատգամավորը պնդեց՝ Արցախի վերաբերյալ ներկայիս ընդդիմությունը, որ երեկ դեռ իշխանություն էր, ամեն ինչ իմացել է:
«Նոր փաստաթուղթ, ինչպես մեր ղեկավարությունն է ասում, չկա: Ես կոնկրետ գործողության խոսք չեմ լսում, «թուրք Նիկոլ, դավաճան, առանց թուրք Հայաստան», բայց կոնկրետ իմաստ իրենց ասելիքի մեջ չկա: «Նիկոլ, հեռացի՛ր», հետո՞», - նշեց նա:
Դիտարկմանը, որ գործող իշխանությունն էլ 2018-ին ասում էր` «մերժիր Սերժին» ու մերժեց, պատգամավորն արձագանքեց. «Մենք պահանջեցինք հրաժարականը, բերեց դրան չէ՞ այդ ամեն ինչը: Այսօր «Քաղաքացիական պայմանագրում» միանշանակ այդպիսի հարց չի քննարկվում»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ծրագրի բացակայությունից բացի, առաջարկում է ուշադիր նայել՝ ովքե՞ր են կանգնած անհնազանդության այս գործողություների ետևում և ի՞նչ նպատակներով. «Երբ հարցը հնչում է ավելի կոնկրետ` իսկ դուք ի՞նչ եք առաջարկում, օրինակ, կամ ինչի՞ց եք բողոքում, վերջում պարզվում է, որ հարցը գալիս, հասնում է իշխանափոխության պարզ ցանկությանը: Հեղափոխություններ կամ իշխանափոխություններ լինում են այն դեպքերում, երբ հասարակությունը չի կարողանում ազատ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, ինչը Հայաստանում չկա, և լինում է, երբ դրա հետ կապված իրոք լինում է հասարակական պահանջ, իսկ այդ պահանջը չկա», - շեշտեց նա:
Վաղը մենարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը սոցիալական հարթակներում հիշեցնում են, որ ընդդիմադիրները պետբյուջեից աշխատավարձ են ստանում խորհրդարանում, այլ ոչ թե փողոցում լինելու համար։
Գրառումներից մեկի հեղինակն էլ հենց Բաբկեն Թունյանն էր։ Հիշեցմանը` 2018-ին էլ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանն էին պատգամավորի կարգավիճակում փողոց փակում, իշխանական պատգամավորն արձագանքեց. «Թող այն ժամանակ հիշեցնեն, ի՞նչ ասեմ: Ես հիմա Ազգային ժողովում աշխատում եմ, հիմա թող ընտրողներն էլ իրենք գնահատեն` ամեն մեկին ինչի համար են գործուղել Ազգային ժողով, և այդ տվյալ մարդը որքանով է արդարացնում իրենց սպասելիքները: Եթե իրենք գտնում են, որ իրենց ընտրողն իրենցից հենց դա է պահանջում, շատ նորմալ է, իրենց իրավունքն է: Ես որևէ մեկին ոչ ուղղորդելու, ոչ հորդորելու, ոչ կոչ անելու առավել ևս բան չունեմ»:
Իշխող ուժը վստահ է՝ ընդիմությունն այսօր պատրաստ չէ կառուցողական աշխատանքի, համագործակցության եզրեր չեն տեսնում, քանի որ, պնդում են, բովանդակային քննարկում չկա։