Մատչելիության հղումներ

Հասարակական կարգը խստագույնս պետք է պահպանեն իրավապահ մարմինները. իշխանական պատգամավորներ


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վստահ է, որ ընդդիմությանը չի հաջողվի իշխանափոխություն անել թեկուզ միայն այն պատճառով, որ այսօր փողոց դուրս եկած ցուցարարները, իր համոզմամբ, բացասական էներգիա են հաղորդում։

Հրաչյա Հակոբյան
Հրաչյա Հակոբյան

«Իրենց ասելիքը՝ մահ, արյուն։ Գնում են կառավարության շենքի դիմաց, ինչ-որ ներկ են քսում ձեռներին, արյուն են ցույց տալիս։ Էն մարդը, ով որ տանը նստած հետևում է իրենց ակցիաներին, իրենցից ստանում է մենակ բացառապես նեգատիվ, և երբեք չի գնա, չի մասնակցի իրենց ակցիաներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը։

Փողոցներ փակել, արագաչափերին նկարներ փակցնել, մարզերից քայլերթ, բուհերում ակցիային միանալու կոչեր... թվում է մեթոդները նույնն են, ինչ 2018-ին, երբ հենց Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում։

Զուգահեռները, ըստ իշխող ուժի պատգամավորների, տեղին չեն։ Հրաչ Հակոբյանը պնդում է, թե իրենք դրական տրամադրություն էին փոխանցում ժողովրդին։

Իշխանական մեկ այլ պատգմավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է, թե ի տարբերութոյւն թավշա հեղափոխության, այսօր փողոց դուրս եկած ուժերը թշնամանք են քարոզում. - «Գործողությունները ուղեկցվում են անկարգություններով, հայհոյանքներով, անհանդուրժողականությամբ։ Իսկ 2018-ը բոլորովին այլ բանի մասին էր»։

Երեկ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հանրային լայն ճնշման տակ հաշված օրերի ընթացքում Փաշինյանը պետք է հեռանա: «Քաղպայմանագրի» ներկայացուցիչները, սակայն, վստահեցնում են, որ վարչապետի հրաժարականի հարցը ընդհանրապես չեն քննարկում, իսկ ընդդիմադիրների հետագա քայլերն էլ, ըստ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, կանխատեսելի են՝ շահարկել Արցախի հարցը. - «Պետք է ֆիքսենք, որ ընդդիմադիրները կրկին փորձում են ինչպես իշխանություն եղած ժամանակ Արցախը բերել քաղաքականացնել, Արցախի հարցը ներքաղաքական հարց սարքել և ըստ էության ծառայեցնել որպես իշխանության ձևավորման աղբյուր։ Այս նարատիվը վստահաբար վերացել էր 2018-ից հետո։ Հիմա կրկին փորձում են հետ բերել, որովհետև այլ աղբյուր իրանք չունեն իշխանության ձևավորման, չունեն լեգիտիմ աղբյուր, ասել է թե՝ ժողովրդի աջակցությունը։ Որովհետև մենք տեսնում ենք, որ այդ ակցիաները ըստ էության ամեն դեպքում չեն ուղեկցվում քաղաքացիների մեծ աջակցությամբ»։

Ընդդդիմությունը պնդում է, որ գործող իշխանությունները մտադիր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը հնարավոր է կանխել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։

Ընդդիմադիրները, սակայն, մինչև օրս չեն հստակեցրել Արցախը փրկելու իրենց ծրագիրը։ Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի պնդմամբ, այն խաղաղության ճանապարհից շեղվելն է. - «Ընդդիմության գործողությունները փակում են խաղաղության ճանապարհը։ Դրանք երևանյան ճանապարհները չեն, դրանք խաղաղության ճանապարհներն են»։

Իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ մայիսի 1-ից կանցնեն ավելի հուժկու գործողությունների, թե ինչ՝ չեն հստակեցնում։

«Ինչո՞ւ մայիսի 1-ից», - հարցնում է Հովհաննիսյանն ու շարունակում. - «Երեկ տեղի ունեցած դեպքը Արմեն Մարտիրոսյանի հետ կապված, չեմ կարծում, որ մայիսի 1-ից հետո էր»։

Հասարակության շրջանում ատելության գեներացիան կարող է հանգեցնել ավելի վատ սցենարների. ընդդիմությանն են մեղադրում իշխանականները. - «Հիմա մարդիկ, ովքեր որ 2020 թվականի պատերազմից հետո մտել էին նաև ձեր գրասենյակ, այսօր քայլում են տարբեր մարզերից դեպի Երևան, այսօր իրենց շարքերում են, այդ մարդիկ չեն փոխվել, այդ մարդկանց նպատակները և գործելաոճը չի փոխվել։ Իրենք փողոցում մարդիկ են ծեծում, իրենք սպառնում են ավելի կոշտ միջոցների դիմել։ Ինչի՞ն են միտված և ի՞նչն է փորձում օգտագործվել, ի՞նչ է փորձում դրվել էս գործողությունների հիմքում։ Դա մեր հանրության վախերն են, փորձում են կրկին կապիտալիզացնել էդ մարդկանց ցավերն ու ողբերգությունը, ու խաղալ հանրային կարծիքի և հույզերի հետ»։

Իշխանականնեը ամփոփում են՝ հասարակական կարգը խստագույնս պետք է պահպանեն իրավապահ մարմինները։

XS
SM
MD
LG