Մատչելիության հղումներ

Իշխանության հրաժարականի պահանջով ընդդիմության բողոքի գործողությունները շարունակվում են


Իշխանության հրաժարականի պահանջով ընդդիմությունն առավոտից շարունակում է բողոքի ակցիաները, մայրաքաղաքում փողոցներ են փակում, իրազեկման երթեր անցկացնում։

«Հայաստան» դաշինքի համակիր երիտասարդներն այսօր ևս բուհերով շրջեցին՝ կոչ անելով ուսանողության միանալ իրենց պայքարին։ Նրանք նաև մի քանի րոպեով փակեցին Թումանյան փողոցը, ոստիկանները, սակայն, երիտասարդներին հեռացրին ճանապարհից։ Նույն ընթացքում այլ փողոցներում ևս զուգահեռ բողոքի ակցիաներ էին ընթանում։

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն ու համակիրներն էլ փակել էին Ազատության պողոտան, ոստիկանները նրանց ևս հեռացրեցին փողոցից, ոմանց բերման ենթարկեցին։ Այս քայլերթի մասնակիցները շարժվեցին դեպի մայրաքաղաքի կենտրոն, որտեղ և փորձեցին փակել նաև Սայաթ-Նովա - Նալբանդյան փողոցների խաչմերուկը։

Միջազգային հանրության կողմից Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը իջեցնելու հորդորի մասին վարչապետի հայտարարությունից հետո ընդդիմությունը պնդում է, որ գործող իշխանությունը պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ այս ակցիաներով ցանկանում են քաղաքացիներին տեղեկացնել երկրին սպառանացող վտանգների մասին. - «Քաղաքացիները տարբեր հատվածներում իրազեկման ակցիաներ են իրականացնում, հանրության ուշադրությանն են ներկայացնում այս պահին Հայաստանում առկա խնդիրները, նաև ընդդիմադիր ուժերի, տարբեր հասարակական-քաղաքական ուժերի գործունեության ծրագիրը։ Բնականաբար, նպատակը մեր հանրությանը լիարժեք ներկայացնելն է սպասվող սպառնալիքները»։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները նաև մարզերում են ակցիաներ իրականացնում։ Երրորդ օրն է ընդդիմադիր ուժի մի խումբ ներկայացուցիչներ մարզերից քայլերով գալիս են Երևան։

Արարատի մարզի Տիգրանաշենից քայլերթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է առաջնորդում։ Երկրորդ օրն է համակիրների հետ շարժվում են դեպի մայրաքաղաք։

«Միայն երեկ քայլել ենք տասնինը կիլոմետր, Երասխի հատվածում մնացել ենք գիշերվա ընթացքում։ Քանի որ օրվա ընթացքում իրազեկում էինք անում և ասում էինք ժողովրդին ոչ միայն քայլերթի մասին, այլ նաև, որ գիշերակացով մնալու ենք Երասխում, բազմաթիվ մարդիկ, տասնյակ ընտանիքներ, ոչ թե առանձին անհատներ, այլ ընտանիքներով մոտենում էին, խարույկի շուրջ գեղեցիկ քննարկումներ ենք ունեցել և կոչ ենք արել միանալու։ Ոմանք ասում էին, որ հենց այս պահին աշխատանքի բերումով քայլերթին չեն միանալու, բայց մեզ վստահեցրել են, որ ամսի 1-ին մեզ հետ միասին, քանի որ ամբողջ ոգով ու սրտով մեզ հետ են և մեր գաղափարակից ընկերներն են, ամսի 1-ին միասին լինելու ենք Երևանի մատույցներում և միասին մտնելու ենք Երևան։ Ընդհանուր առմամբ, բուռն արձագանք կա նաև վարորդների կողմից, որոնք ազդանշաններով ու բացականչություններով ողջունում են մեզ։ Հաշվի առնելով, թե ինչքան մարդ է մեզ միացել երեկվանից, թե ինչպես են կանգառներում մարդիկ դիմավորում մեզ, ինչպես դիմավորեցին Սուրենավանում, ընդհանուր առմամբ տրամադրությունները բարձր, որովհետև հանուն գաղափարի ենք պայքարում, և այս միասնականությունը ուղղակի դեպի հաղթանակ է տանելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Արդեն երկրորդ շաբաթն է «Ազատության» հրապարակում նստացույցն է շարունակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Ընդդիմադիրներները այս ակցիաներից հետո շաբաթավերջին հանրահավաք են հրավիրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG