ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ կարևոր ձևաչափ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող որոշ թեմաների շարունակականությունը պահպանելու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը՝ շեշտելով՝ հիանալի կլիներ, եթե Բաքվում հասկանային, որ հենց դա կարող է քննարկման հարթակ դառնալ՝ առանց մեծ դժվարության ու մտահոգության՝ առաջին հերթին ղարաբաղցիների համար։
Ընդգծելով, որ Բաքուն կտրականապես դեմ է դրան՝ Վարդանյանը նկատեց՝ պարզ է, որ սա շարունակությունն է Ադրբեջանի քաղաքական գծի, որ հակամարտությունը լուծված է, և որ Մինսկի խումբն այլևս անելիք ու տեղ չէ։
«Այն, ինչ տեղի ունեցավ օրերս, երբ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն իրականում դուրս է գալիս Մինսկի խմբից, ինչպես ես հասկացա, հավանաբար, առաջին հերթին արձագանք էր արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև առճակատմանը», - ասաց Օլեսյա Վարդանյանը՝ նկատելով՝ Ռուսաստանը իրեն մեկուսացված է զգում։
«Ռուսաստանն արդեն դուրս է եկել կամ հեռացվել Եվրոպայի խորհրդից։ Վերջին երեք օրերին խոսվում էր այն մասին, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ ԵԱՀԿ-ից։ Այսինքն՝ Ռուսաստանը զգում է, որ իրեն մեկուսացնում են շատ ուղղություններով: Ղարաբաղյան համատեքստն աշխարհում այն քչերից էր, որտեղ իսկապես իրական համագործակցություն կար և այն շատ բովանդակային էր։ Օրինակ, բրյուսելյան այս գործընթացը, որն այժմ ղեկավարում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեկնարկել է Մոսկվայի օրհնությամբ։ Եվ այնտեղ պարբերաբար, մանրամասն, բովանդակալից քննարկումներ են եղել այն ամենի մասին, ինչ Եվրամիությունը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, և ինչ Ռուսաստանն անում է Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Եվ, իհարկե, Ռուսաստանը դա դիտում էր որպես նպաստող հանգամանք, որպես նախագահ Պուտինի կողմից հայտարարված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ու Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու առաքելության ամրապնդում։ Բայց այնպես ստացվեց, որ Ուկրաինայում այս պատերազմով Ռուսաստանը սկսեց զգալ, որ նրան մեկուսացնում են», - ասաց Վարդանյանը՝ դա անհիմն համարելով։
Նրա համոզմամբ, Արևմուտքը Մոսկվային որևէ կերպ մեկուսացնելու ցանկություն չունի․ - «Օրերս Փարիզում էի։ Կարող եմ ասել, որ այնտեղ բացարձակապես ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում ուկրաինական հակամարտությունը ինչ-որ կերպ տեղափոխել Ղարաբաղի հարցի վրա»։
Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտողի կարծիքով՝ Հայաստանի, Ղարաբաղի համար ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ կարող էր ինչ-որ օգուտ բերել՝ հույս հայտնելով, որ Մինսկի խումբը ինչ-որ ձևով դեռ կմնա։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․