Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանք «մնացյալ խնդիրներին» համապարփակ լուծում տալու և հարաբերությունները կարգավորելու ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Եվ երբ մենք խոսում ենք առկա մեխանիզմների մասին, անշուշտ, ԵԱՀԿ Մինսկի խումբը մաս է կազմում դրան», - հավելել է Փրայսը ի պատասխան հարցի՝ «Ռուսաստանը և Ֆրանսիան հեռացրել են իրենց համանախագահներին ԵԱՀԿ Մինսկի խմբից, ե՞րբ է նույնն անելու ԱՄՆ-ը։ Եվ առհասարակ, ինչպիսի՞ն է լինելու Մինսկի խմբի ճակատագիրը»։
Հիշեցնելով, որ թեմային անդրադարձ եղել է նաև անցած շաբաթ, խոսնակը նշել է նաև, որ պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ զրուցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ «Բայց մենք հանձնառու ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային նպաստելուն։ Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը և օգտվել գոյություն ունեցող մեխանիզմներից՝ ուղղակիորեն ընդգրկվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրա հետևանք բոլոր մնացյալ խնդիրներին լուծում գտնելու գործում և համապարփակ խաղաղ համաձայնություն կնքելու ճանապարհով կարգավորելու հարաբերությունները», - ասել է Փրայսը։
Մեկ այլ հարցի, թե ներկայումս ի՞նչ կարգավիճակով է տարածաշրջան այցելում Մինսկի խմբում Միացյալ Նահանգների համանախագահ Էնդյու Շոֆերը, քանի որ Պետդեպարտամենտի թվիթերյան հաղորդագրությունում նա, ըստ հարցի հեղինակի, ներկայացվել է որպես «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական», և Հայաստանից հետո այցելելո՞ւ է նա արդյոք նաև Ադրբեջան, Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է․ - «Մենք չենք տիրապետում տվյալ անհատի ուղևորության դետալներին, կամ թե ինչ կարգավիճակով է նա գործել ժամանակին, բայց կվերադառնանք Ձեր հարցին, եթե հավելելու որևէ բան ունենանք»։
Էնդրյու Շոֆերը երեկ Երևանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Մեկ շաբաթ առաջ էլ Երևանում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումներ էր ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը։ Թե՛ ֆրանսիացի և թե՛ ամերիկացի դիվանագետները հայկական կողմի պաշտոնական հաղորդագրություններում ներկայացվել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։
Ապրիլի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Լավրովի խոսքով՝ Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։
Այդ հայտարարությունից հետո, այդուհանդերձ, թե՛ Ֆրանսիան և թե՛ Միացյալ Նահանգները հայտարարեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Ռուսաստանը, մինչդեռ, Մինսկի խմբում իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակեց արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։