Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա, նախատեսված է հանդիպում ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ռուսաստանի վարչապետի և Պետդումայի նախագահի հետ։
Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները կանդրադառնան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կլինի։
Բրյուսելյան բանակցությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, արտգործնախարարներին էլ հանձնարարել էին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը։
Բրյուսելյան այս բանակցություններից հետո և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը Պուտինի հետ հեռախոսով էին զրուցել, նրան ներկայացրել իրենց հանդիպման արդյունքները։ Փաշինյանը Պուտինի հետ խոսել էր նաև Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ներխուժման մասին։
«Առաջին հերթին բարձրացվելու է Հայաստանում ու Արցախում անվտանգության միջավայրի հարցը»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ այցի ընթացքում հայկական կողմն առաջին հերթին բարձրացնելու է Հայաստանում ու Արցախում անվտանգության միջավայրի հարցը։
«Հեռախոսազրույցների ընթացում Փաշինյանը բարձրաձայնել է ռուս խաղաղապահների պատասխանատվության հարցը կապված Փառուխի դեպքերի հետ։ Արդյո՞ք այդ հարցը կքննարկվի Մոսկվայում դեմ առ դեմ հանդիպման ընթացում, սա ևս հարցերից մեկն է, եթե էդ ընդհանուր անվտանգության համատեքստում խոսենք», - ասաց Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցություններում Երևանի համար կարևոր խնդիր է նաևռուս-ուկրաինական պատերազմի հարցում հայկական կողմի մինչ այժմ ցուցաբերած չեզոքության պահպանումը։
«Որ մինչև հիմա Հայաստանը դրսևորել է ուկրաինական այս հարցում և կարողացել է պահպանել հարաբերություններ և քաղաքականության իմաստով որոշակի դիվերսիֆիկացվածություն՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի ուղղությամբ», - նշեց Բադալյանը։
Նախքան վարչապետի այցը, տասն օր առաջ Մոսկվայում կայացել էր երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Անցած շաբաթավերջին էլ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսով քննարկել էին Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։