Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների հետ։
Իր թվիթերյան էջում նա գրել է, որ զրուցել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Բացի այդ, հիշեցրել է, որ երեկ և այսօր «լավ քննարկումներ» է ունեցել
Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ:
«Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին»,- գրել է ԵՄ դիվանագետը։
Ապրիլի 6-ին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել էին ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով և նախապատրաստել խաղաղության պայմանագիր: Այնուհետև երեկ հեռախոսազրույց էր կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ըստ երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։