Մատչելիության հղումներ

Եթե Ծառուկյանը համաձայնի, քրեական հետապնդումը կդադարի. լրացել է ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, արխիվ

Մինչ գլխավոր դատախազը հանձնարարում է իրավապահներին ակտիվացնել Գագիկ Ծառուկյանի քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումները, պարզ է դառնում, որ այս ամիս արդեն լրացել է 2017-ին տեղի ունեցած ենթադրյալ ընտրական հանցագործության վաղեմության ժամկետը։ Սա նշանակում է, որ կարող է դադարեցվել ինչպես ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի, այնպես էլ այս գործով անցող մյուս՝ մոտ երկու տասնյակ մեղադրյալների հետապնդումը։

Եթե Ծառուկյանը համաձայնի, ապա քրեական հետապնդումը կդադարի, գործն էլ դատարան չի գնա։ Ծառուկյանը, որ ակտիվ քաղաքականությունից ըստ էության հեռացել է 2021-ի արտահերթ ընտրություններից հետ, արդյոք կգնա՞ այս քայլին։ Փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց՝ ԲՀԿ առաջնորդը ի սկզբանե խոսել է իր անմեղության մասին՝ փակագծեր չբացելով։

«Մեր պնդումը մենք վերահաստատում ենք, որ քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կարող է վկայել, որ պարոն Ծառուկյանը կատարել է իրեն վերագրվող արարքը: Արդեն պետք է, որ վերջնական իրավական գնահատականի արժանացնեն, որովհետև սույն գործը ճիշտ է՝ ծավալուն գործ է, բազմադրվագ գործ է, բայց ամեն դեպքում չի կարող հավերժ տևել այս գործի քննությունը», - ասաց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Գլխավոր դատախազությունից էլ միայն փոխանցեցին՝ գործը կարճվում է, եթե մեղադրյալը համաձայնում է գնալ այդ քայլին, հակառակ դեպքում քննությունը շարունակվում է։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնում են նաև, թե դատախազի հանձնարարականի նպատակն է ամբողջությամբ բացահայտել ոչ միայն Գեղարքունիքում, այլև մյուս մարզերում գործած ընտրակաշառքի հանցավոր սխեմաները, հայտնաբերել պաշտոնյաների հանցավոր գործունեության այլ դրվագները։

Նախկին պատգամավոր, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը մեղքը չի ընդունում և դեռ երկու տարի առաջ հայտարարում էր, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։

«Նա հայտնել է դիրքորոշում, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ինքը չի կատարել իրեն վերագրվող արարքները», - նշեց փաստաբանը:

2020-ին այս գործի պատճառով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Ծառուկյանն անազատության մեջ մեկ ամիս անցկացրեց, հետո 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց և մինչև օրս այլևս որևէ քննչական գործողության չի մասնակցել։ Նրա պաշտպան Էմին Խաչատրյանի խոսքով՝ համբերատար սպասում են ԱԱԾ-ի քննության ավարտին՝ հասկանալով, որ գործը բազմադրվագ է և ծավալուն։ ԱԱԾ-ն, իր հերթին, շուրջ երկու տարի է քննում է՝ արդյոք Ծառուկյանն ու մյուսները 2017-ի ընտրություններին կազմակերպե՞լ են ընտրակաշառք տալու գործընթացը։

«Հիմա թե վարույթ իրականացնող մարմինն ինչ գործողություններ է պլանավորում, որ պետք է կատարի, կամ ինչ հանձնարարականներ է տվել հետաքննության մարմնին, տվյալ պահին մենք որևէ ինֆորմացիա այդ մասով չենք տիրապետում ու հավանաբար չենք էլ կարող տիրապետել», - նշեց փաստաբանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շարունակում է պնդել՝ իշխանությունները չկարողացան բարեփոխել դատաիրավական համակարգն այնպես, որ նման գործերի քննությունը չձգձգվեր նախքան վաղեմության ժամկետի լրանալը։ Սաքունցը քննադատում է առհասարակ կոռուպցիոն գործերով վաղեմության ժամկետի կիրառումը։

«Կարծում եմ, որ այնքան ակնհայտ են եղել փաստերը, այնքան ակնհայտ են եղել այդ գործողությունները, որ դրանց վերաբերյալ վկայությունները կարելի էր հավաքել և գործը շատ կարճ ժամկետում ուղարկել դատարան: Կա՛մ ես պետք է ենթադրեմ, որ իրավապահ մարմիններում գտնվողները, որոնք այդ համակարգային անպատիժ կառավարման փիլիսոփայությունը կրողներն են եղել, որովհետև միայն քաղաքական վերնախավը չի եղել քաղաքական կոռուպցիայի ու անպատժելի կառավարման կրողը, դրանք իրականացրել են իրենց ենթակաների միջոցով, որ այդ ենթակաները գիտակցաբար և դիտավորյալ են ձգձգել, որպեսզի այդ վաղեմության ժամկետի ֆորմալ, ձևական մոտեցումը կիրառվի, կա՛մ նրանք չունեն համապատասխան կարողություններ», - նշեց Արթուր Սաքունցը

Իրավապաշտպանը, միևնույն ժամանակ, շեշտում է, որ առանց իրական վեթինգի հնարավոր չէ ակնկալել արդյունավետ քննություն պետության դեմ կատարած հանցագործությունները բացահայտելու համար։

Եթե Ծառուկյանը համաձայնի, քրեական հետապնդումը կդադարի. լրացել է ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետը
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00

XS
SM
MD
LG