Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը:

«Դատարանը բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը՝ երկու ամսով: Այս որոշման կայացումը մեզ համար ակնհայտ կանխատեսելի էր, դրա համար պարոն Ծառուկյանը չներկայացավ, ինքը Ազգային անվտանգության ծառայություն է միանգամից գնացել», - հայտարարեց Դիլբանդյանը:

Փաստաբանը հայտնեց, որ որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում: «Որոշումն ակնհայտորեն անօրինական էր, որովհետև բոլոր այն փաստարկները, որոնք առաջին ատյանի դատարանում ներկայացվեցին, ըստ էության չորս ամիս անցնելուց հետո առանց որևէ վկայակոչելու, խոչընդոտելու որևէ հիմք մատնանշելու քաղաքական գործչին, կուսակցության ղեկավարին միջին ծանրության հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելը եվրոպական արժեքներին համահունչ որոշում չէ», - ընդգծեց Սամվել Դիլբանդյանը:

ԲՀԿ առաջնորդին կալանավորելու համար Ազգային անվտանգության ծառայությունն էր միջնորդել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն այդ միջնորդությունը մերժվել էր։ Դրանից հետո դատախազությունը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։ Վերաքննիչը ԲՀԿ առաջնորդին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանի դատարանին:

Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG