Դեռ մինչև պատերազմը Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ։ Երեկ Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նախագահ Վլադիմիր Զելենսկին նորից կրկնել է սա, պնդելով՝ ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան վրա Ռուսաստանը չէր հարձակվի։
«Եթե մենք լինեինք ՆԱՏՕ-ում, ապա այս պատերազմը չէր լինի, կամ այլ կերպ կստացվեր՝ մեր կողքին կլինեին մեր մտերիմ հարևանները, մենք կարող էինք միասին պայքարել։ Բայց ես վստահ եմ, որ պատերազմ չէր լինի, եթե մենք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ լինեինք», - հայտարարել է Զելենսկին։
Մոսկվան պատերազմի պատճառներից խոսելիս միշտ ընդգծում է, թե «հատուկ գործողությունն» Ուկրաինայում սկսել է, քանի որ հակառակ դեպքում Ուկրաինան ուշ թե շուտ կդառնար ՆԱՏՕ-ի անդամ և ի՛նքը կհարձակվեր Ռուսաստանի վրա՝ մասնավորապես Ղրիմի համար։
Երեկվա հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին նաև բողոքել է արևմտյան երկրներից՝ ասելով, թե որոշ զինատեսակներ, որոնք տրամադրվել են արևմտյան երկրների կողմից, շատ ուշ են հասել Ուկրաինա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ մի շարք եվրոպական երկրներ 100 տոկոս աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, մինչդեռ մյուսները փոխել են իրենց դիրքորոշումը։ Զելենսկին չի ասել, թե եվրոպական հատկապես որ երկրներից է դժգոհ։
Շաբաթ օրը Ուկրաինա անսպասելի այցով ժամանել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, բանակցել Զելենսկու հետ ու նույնիսկ զբոսնել Կիևի կենտրոնական փողոցներով, շփվել շարքային ուկրաինացիների հետ։
Մեծ Բրիտանիայից Ուկրաինայի իշխանությունները գոհ են, քննադատություն հաճախ Կիևից հնչում է Գերմանիայի հասցեին՝ հատկապես այն պատճառով, որ Բեռլինը չի ուզում միանգամից հրաժարվել ռուսական գազից։
Associated Press-ի հարցազրույցում Զելենսկին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններից։ Չնայած Ուկրաինայի իշխանությունները, Արևմուտքը հայտարարում են ռուսական բանակի գործած պատերազմի հանցագործությունների մասին՝ Զելենսկին երեկ ասել է, թե բանակցությունները կարող են արագացնել հրադադարը և կյանքեր փրկել, ու հենց այդ պատճառով ուկրաինական կողմը պատրաստ է նույնիսկ այսօր շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ։
«Այնուամենայնիվ, կընդունենք խաղաղությունը, քանի որ ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի՝ մեր պայմաններով, անկախության պայմաններով, Ուկրաինայի պայմաններով։ Ոչ ոք չի ցանկանում բանակցել այն մարդկանց հետ, ովքեր խոշտանգել են մեր մարդկանց, բայց մենք չենք կարող կորցնել դիվանագիտական լուծման հնարավորությունը, եթե դա ունենք», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Այսօր Մոսկվայում Ուկրաինայում հրադադարի շուրջ Ռուսաստանի նախագահը բանակցելու է Ավստրիայի վարչապետի հետ։ Կարլ Նեհամերն առաջին արևմտյան առաջնորդն է, որը ժամանում է Ռուսաստանի մայրաքաղաք Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր։