Մատչելիության հղումներ

Ըստ փորձագետների, Պուտինը ձգտում է վերականգնել Ռուսաստանի վաղեմի փառքը


Ուկրաինա ներխուժելով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խարխլեց Եվրոպայում տասնամյակների հարաբերական խաղաղությունն ու կայունությունը։ Փորձագետների համոզմամբ՝ Պուտինը գաղափարական առաջնորդ է, որը փորձում է վերականգնել գերտերության կարգավիճակը, որը Ռուսաստանը կորցրեց Խորհրդային Միության փլուզման հետ։

1980-ականների կեսերին՝ նախքան քաղաքականություն մտնելը, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի արտաքին հետախուզության լեյտենանտ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը իր ծառայությունն անցնում էր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում՝ քողարկված աշխատելով ԽՍՀՄ-ԳԴՀ Բարեկամության տան տնօրենի պաշտոնում։ 1999 թվականի վերջին՝ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի սկանդալային հրաժարականից հետո Պուտինը նշանակվեց նախագահի պաշտոնակատար։

Հիմնականում կեղծված որակված ընտրություններում տարած հաղթանակների, պաշտոնավարման բոլոր հնարավոր ժամկետները երկարաձգելու, քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու ու լռեցնելու արդյունքում է նա առայսօր իշխանության ղեկին, նկատում է գերմանական Մարշալ հիմնադրամի փորձագետ Մայքլ Քիմաժը. «Բազմաթիվ լրագրողների, բարձրաստիճան սպաների և այլ սպանվածների երկար ցանկ կա: Ենթադրվում է, որ դրանց պատվիրատուն անձամբ Պուտինն է կամ նրա նեղ շրջապատը»:

Վլադիմիր Պուտինը տարիների ընթացքում հզոր, ազդեցիկ, հեղինակություն վայելող, Ռուսաստանի փառահեղ անցյալը վերակերտող, ամենագետ տղամարդու կերպար է ստեղծել։ Այն համապատասխանում է նրա գաղափարական առաջնորդի ոճին, կարծում է Ներբասկայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Սամուել Հանթերը:

«Դե, նման առաջնորդները խոսում են անցյալից, երբ ամեն ինչ ավելի լավ էր: Նրանք խոսում են այդ ժամանակներին վերադարձ կատարելու մասին՝ խոստանալով, որ, որպես առաջնորդ, կանեն ամեն ինչ հզոր ու ազդեցիկ դարաշրջանը վերականգնելու համար։ Այս առումով, Պուտինը դրա վառ օրինակն է», - նշել է պրոֆեսորը։

Պուտինը ցանկանում է, որ Ռուսաստանին վերստին որպես գերտերություն վերաբերվեն, կարծում է Բրուքինգս հաստատության փորձագետ Անգելա Սթենթը։ «Եվ նա կարծում է, որ աշխարհը պետք է Ռուսաստանին վերաբերվի այնպես, ինչպես Խորհրդային Միությանը: Պուտինը չի ցանկանում վերականգնել Խորհրդային Միությունը, բայց ուզում է, որ Ռուսաստանին վերաբերվեն որպես գերտերության, որի կարծիքի հետ հաշվի են նստում։ Նա ցանկանում է, որ մարդիկ ինչ-որ առումով վախենան Ռուսաստանից՝ ընդունելով ազդեցության գոտիներ ունենալու իր իրավունքները», - ընդգծել է փորձագետը։

Վերլուծաբան Մայքլ Քիմաժը համաձայն է. «Ըստ իս, նա իրեն իսկապես հայրենասեր է համարում: Այդ պատճառով, իրեն պարտավորված է զգում. փառահեղ Ռուսական անցյալն ու հզորությունը վերականգնելը շարժիչ ուժ է: Եվ, իհարկե, ակնհայտ է իշխանության հանդեպ նրա մոլուցքն ու առաջին հերթին՝ որպես ինստիտուտ, ՊԱԿ-ի հանդեպ նրա սերը»։

Չնայած Ռուսաստանի անկում ապրող տնտեսությանը՝ Պուտինին հաջողվել է հզոր դաշինքներ ստեղծել ու ներգրավվել տարբեր հակամարտություններում, որն էլ Չիկագոյի Գլոբալ հարցերի խորհրդի անդամ Էլիզաբեթ Շաքելֆորդի համոզմամբ՝ ապահովում է Պուտինի բարձր վարկանիշը Ռուսաստանի ներսում։

«Դե, կարծում եմ, ամենամեծ բանը, որը նա արեց իշխանության գալով այն էր, որ ինչ-որ առումով իսկապես վերականգնեց Ռուսաստանի դերը աշխարհում իբրև գերտերություն, քանի որ Ռուսաստանն իրականում դուրս էր մնացել շատ գործընթացներից: Եվ նա դա արեց ավելի բարձր քաշայինների հետ պայքարում, ճի՞շտ է», - ասել է Էլիզաբեթ Շաքելֆորդը։

Թեև Ռուսաստանը տարբեր հակամարտություններում է ներգրավվել՝ հարևան Ուկրաինայում նման լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու ռիսկը անկանխատեսելի էր շատերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի համար. «Նա միշտ էր անողոք։ Դուք ականատես եղաք, թե նա ինչ արեց Չեչնիայում։ Նա չի երկմտել ջախջախելու նրանց, ում սպառնալիք է համարել։ Դա նորություն չէ: Բայց որ նման խաղադրույք կկատարեր՝ ես սրանից հինգ տարի առաջ, իհարկե, չէի կարող կանխատեսել»:

Փորձագետների համոզմամբ, քովիդի համավարակի բռնկումից ի վեր՝ Պուտինը ավելի մենակ ու մեկուսացած է, քան երբևէ։ Դեռ նախքան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Պուտինը ծայրաստիճան զգուշավորություն էր ցուցաբերում անգամ պատվաստված արևմտյան առաջնորդների հետ հանդիպումներին։

XS
SM
MD
LG