Մատչելիության հղումներ

Արցախի ԱԺ-ն կոչ է անում «համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում»


Արցախի Ազգային ժողովը այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է եղել պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված ԱԺ-ի հայտարարությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հայտարարությամբ կոչ է անում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

Ըստ Արցախի խորհրդարանի, Հայաստանի կողմից «Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար»:

33 խորհրդարանականներից 29-ի ձայներն ստացած հայտարարությունում Արցախի Ազգային ժողովը համոզմունք է հայտնում, որ «Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը»:

«Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը, փորձելով տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում բնակվող խաղաղ բնակչին, շարունակում զավթել նորանոր տարածքներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988 թվականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը», - ասված է հայտարարությունում:

«1991 թվականի Սեպտեմբերի 2-ի հռչակագրով, այնուհետև համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձևավորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը: 30 տարիների ընթացքում մենք անցել ենք հաղթանակների և անհաջողությունների միջով: 2020թ. սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրված ու 44 օր տևած պատերազմի հետևանքով մենք ունեցանք մարդկային և տարածքային կորուստներ: Սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից: Խոնարհվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև` մեր հավատարմությունն ու պատրաստակամությունն ենք արձանագրում հետևողական լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգման գործընթացներին:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը», - հայտարարում է Արցախի Ազգային ժողովը:

XS
SM
MD
LG