Մատչելիության հղումներ

Անվտանգության միջավայրը փլուզվել է, և փորձում են ինչ-որ անվտանգության երաշխիքներ գտնել. Հայկ Խանումյան


«Ազատության» թղթակից Արտակ Խուլյանը զրուցում է Հայկ Խանումյանի հետ։
«Ազատության» թղթակից Արտակ Խուլյանը զրուցում է Հայկ Խանումյանի հետ։

«Ազատության» թղթակիցը Ստեփանակերտում զրուցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։

«Ազատություն». – Վերջին շրջանում անընդհատ Ռուսաստանին միանալու հանրաքվեի հարցն է դրվում, հատկապես սոցցանցերում ինչ-որ խմբեր են այդ հարցը բարձրացնում։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

Խանումյան. – Մարդիկ երևի ֆրուստրացիայի մեջ են, անվտանգության միջավայրը փլուզվել է, և փորձում են ինչ-որ անվտանգության երաշխիքներ գտնել։ Մարդկանց մեղադրելու չէ։ Բայց էստեղ էականն այն հարցն է, թե ինչպես է Ռուսաստանը դրան վերաբերվում։ Որովհետև էնպես չի, որ հանրաքվե են անում, միանում Ռուսաստանին, ԱՄՆ-ին կամ Իրանին։ Խնդիրը այն է, որ նման հանրաքվե անելու նախաձեռնությունը պետք է այդ երկրներից լինի, ովքեր որ ուզում են, որ իրենց միանան։ Հետևապես ստեղ լուրջ խնդիրներ կան, և մարդկանց մտահոգությունը էս առումով հասկանալի է։ Հայաստանի Հանրապետությունն էր անվտանգության երաշխավորը, որը էս պահին փաստորեն չի կարողանում էդ ֆունկցիան իրականացնել։ Ռուսական խաղաղապահ զորախումբը չունի պաշտպանություն իրականացնելու մանդատ, և մարդիկ ընդամենը փորձում են անվտանգային խնդիրներ բարձրացնել, պաշտպանված լինել են ուզում։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ դա չնայած ծանր, ռեսուրսատար աշխատանք է, բայց էդ աշխատանքը՝ պաշտպանությունն ապահովելու, հենց տեղում պետք է իրականացվի։

«Ազատություն». – Դուք այն տեսակետի՞ն եք, որ կառավարությունը այնտեղ, ներքին ուժերով պետք է դա անի։

Խանումյան. – Ոչ միայն ներքին ուժերով։ Էդ թվում՝ ներգրավելով Հայաստանի կառավարության հնարավորությունները, այդ թվում՝ փորձելով գտնել դաշնակիցներ և այլն։ Որովհետև պաշտպանությունը մենակ սպառազինությամբ, ռազմամթերքով չէ, նաև միջոցառումների համակարգ է ամբողջ, որի մեջ կարևոր նշանակություն ունի նաև դիվանագիտությունը, դիվանագիտական ծառայությունը, որը, ցավոք, մեր օրերում, Հայաստանի մասին է խոսքը, բավականին ծանր վիճակում է և շատ հաճախ ոչ միայն խնդիրներ չի իրականացնում, այլ խնդիրներ չի ստանում։ Այսինքն՝ արտաքին քաղաքականություն մշակող մարմինները, որոնց հանձնարարականները պիտի կատարեր դիվանագիտական ծառայությունը, Արցախի հարցում, պաշտպանության հարցում շփոթված են, կամ նորմալ չեն գործում։

«Ազատություն». – Ռուսական կողմը ասում է՝ Փառուխն իրենց վերահսկողության տակ է, բայց Ադրբեջանից հակառակն են հայտարարում, թե հենց իրենք են վերահսկում գյուղը։

Խանումյան. – Փառուխը մի գյուղ է, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո կորցրել է իր հիմնական ենթակառուցվածքները՝ ճանապարհը, որը Խրամորթով էր գնում, և էլեկտրականության գիծը, որը նույնպես էդ ճանապարհի եզրով էր գնում։ Դրանից հետո անտառի մեջով ճանապարհ էր կառուցվել, որով գնում էին Փառուխ։ Այս իրադարձությունը սկսելու ժամանակ Փառուխով ադրբեջանական զորքը էկավ բարձրացավ Քարագլուխ։ Այսինքն՝ տվյալ դեպքում իրենց հետաքրքրում էր ոչ թե Փառուխը, որը մեծ հաշվով ռազմավարական առումով, ռազմական նաև, իրենց համար նշանակություն չունի։ Նշանակություն ունեն բարձունքները, որի ճանապարհն անցնում էր Փառուխի միջով։ Հետագայում էդ զորքը բարձրացավ, ռուսաստանցի խաղաղապահները Փառուխից Քարագլուխ գնացող հիմնական ճանապարհը փակել են՝ թույլ չտալով տեխնիկայի բարձրացում, թույլ չտալով զորքերին մատակարարում և այլն, սակայն ադրբեջանցիները շատ արագ շրջանցել են ռուսական Բե-Տե-Էռ-ները։ Սա կարևոր պահ է պատմության մեջ. պետք է ֆիքսենք, որ խաղաղապահները Արցախի սահմանների պաշտպանության ֆունկցիա չունեն, նրանք միջադեպերը կանխելու, որոշակի ենթակառուցվածքները վերականգնելու ֆունկցիա ունեն։ Եվ նրանց ո'չ ուժերը, ո'չ սպառազինությունը չեն հերիքում պաշտպանություն իրականացնելու համար։ Հետևաբար, Արցախի սահմանների պաշտպանությունը պետք է իրականացնի միայն ու միայն Արցախի Հանրապետությունը՝ ի դեպս Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների։

«Ազատություն». – Հետքաշումը հայելային եղանակով... վստահություն կար, որ ադրբեջանական կողմը ևս նույնը կկատարի, այդ պատճառո՞վ եղավ։

Խանումյան. – Էդպիսի հետքաշումներ տարբեր շրջաններում ևս եղել են՝ Մարտակերտում, Շուշիում, Մարտունիում և այլն։ Սա դրա հերթական տարբերակներից մեկն է եղել։ Փաստորեն ստացվել է այսպես. Խրամորթից և Փառուխից որոշակի դիրքեր հանելուց հետո, հենց Փառուխի միջով ադրբեջանցիները բավականին մեծաթիվ ուժերով, առաջին օրը հենց 550-ից ավելի զինծառայողով բարձրացել են լեռը և կանգ են առել փաստորեն միայն Պաշտպանության բանակին հանդիպելուց հետո։

«Ազատություն». - Գազի թեման անընդհատ շահարկվում է ադրբեջանական կողմից, կարծես թե ուզում էին իմիտացիա ստեղծեին, թե իրենք են մատակարարում գազը։ Բայց փաստորեն օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը հաստատեց, որ Հայաստանից է գալիս։ Այս մասո՞վ ինչ կասեք։

Խանումյան. - Դա հստակ է. մեկ գազատար կա՝ Հայաստանից էկող։ Փոքր մասով անցնում է իրենց դիրքի մոտով, փորձում են դրա վրա... չգիտեմ պայթեցնել, փակել, բացել... Չգիտեմ իրենց ինչ մասնագետներ են դա նորոգում կամ չեն նորոգում։ Փորձում են դրա շուրջ նաև ինֆորմացիոն աղմուկ ստեղծել, ինֆորմացիոն պատերազմ մղել։ Ադրբեջանի նպատակը հստակ է՝ դրել են Արցախի հայաթափման հարց, էթնիկ զտման հարց և փորձելու են օգտվել միջազգային վիճակից, տարբեր իրողությունների փոփոխությունից, որպեսզի էդ քաղաքականությունն իրականացնի։ Գազը էդտեղ մի փոքր բաղադրիչ էր։ Բավականին մեծ աղմուկ բարձրացվեց, էդ թվում միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների կառավարությունների մակարդակով, բայց տեսանք, որ էդ աղմուկի ներքո ինքը ռազմական ներխուժում իրականացրեց։ Սողացող պատերազմի քաղաքականություն է վարում, մարդկանց ուշադրությունը շեղում է հումանիտար հարցերի վրա, ուրիշ տեղով առաջանում ա և այլն»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG