Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրապարակում հանրահավաք անցկացնելու փոխարեն գնալ Արցախ և իրենց աջակցությունն ավելի շոշափելի դարձնել հենց Արցախից՝ շեշտելով՝ Արցախի հետ կապված խնդիրները պետք է լուծել բուն Արցախում։
«Առաջարկում եմ, որ ընդդիմադիր երկու ուժերի լիդերները՝ իրենց աշխատակազմերով և իրենց համակիրներով, փորձեն կազմակերպեն մեկ ամսյա բանակում Արցախում։ Փոքր խմբերով գնան և համալրեն Պաշտպանության բանակի կորցրած հնարավորությունները՝ իրենց նաև մասնակցությամբ, իրենց նաև ֆինանսներով։ Բայց էս պահի դրությամբ առայժմ բացի պետական իշխանության աջակցությունից, ընդդիմադիր ուժերի ծրագրային աջակցություն, գոնե սրտացավ աջակցություն, տեսանելի չէ մեր հասարակության համար, էդքանով էլ ես համոզված եմ, որ վաղվա իրենց միջոցառումը ոնց կսկսվի, այնպես էլ կավարտվի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ընդդիմադիրներն այնուամենայնիվ ազնիվ չեն․ - «Իմանալով, որ ամսի 6-ին Բրյուսելում տեղի է ունենալու հանդիպում, իրենք այդ հանդիպումից առաջ, չգիտես ինչու, Արցախի անվտանգության խնդիրները բերում են Ազատության հրապարակ և Երևանի փողոցներ՝ մոռանալով, որ Արցախի խնդիրները պետք է լուծել հենց բուն Արցախում»։
Հարցին, թե ինչ-որ փաստաթուղթ, հայտարարություն ընդունվելո՞ւ է Բրյուսելում, Քոչարյանը պատասխանեց․ - «Նախ կլինի հանդիպումը, դրանից հետո, բնականաբար, թաքցնելու ոչինչ չունի իշխանությունը, և արձանագրությունները գոնե հասնելի կլինեն բոլորին»։
«Ադրբեջանի ախորժակը չափավոր զսպվածության միջավայրում է»
Անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատությանը, թե իշխանությունները չեն զսպում Ադրբեջանի ախորժակը՝ Քոչարյանը պնդեց՝ Ադրբեջանի ախորժակը չափավոր զսպվածության միջավայրում է՝ ընդգծելով՝ այս պահին գործում է հրադադարի ռեժիմը և հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։
«Հիմա էստեղ զսպել-չզսպելու պատկերացումները մի քիչ տարբեր են․ իշխանությունները շարժվում են խաղաղության օրակարգով, մեր ընդդիմադիր գործընկերները երազում են պատերազմ և, ամենայն հավանականությամբ, նաև պատերազմի ընթացքում իշխանությունների կողմից արձանագրված պարտություն, որը կլինի հայ ժողովրդի պարտությունը և պետականության կորուստ։ Իրենք երևի թքած ունեն, թե պատերազմն ինչ հերթական զոհեր կբերի, որովհետև զոհերի մեջ իրենք ո՛չ իրենց, ո՛չ իրենց հարազատներին չեն տեսնում», - ասաց իշխանական պատգամավորը։
Քոչարյանը պնդեց՝ իշխանությունը փորձում է կառավարել արտաքին քաղաքական ռիսկերը՝ դա համարելով հնարավոր պատերազմի դրսևորումները զսպելը առաջին պայմանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․