Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Երևանին և Բաքվին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու խնդիրների համապարփակ լուծմանը


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքը, արխիվ

Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը։

Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին այս հարցում։ Դեսպանատնից այսպես են պատասխանել «Ազատության» հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբում քննարկելու առաջարկին։

Պաշտոնական Երևանը այդ հարցով 4 օր առաջ է դիմել Մինսկի խմբի համանախագահությանը։ Արդյոք առաջիկայում նախատեսվա՞ծ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից պատասխանել են՝ «որևէ նոր բան չենք կարող հաղորդել»։

Միջնորդները պատերազմի ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չեն ունեցել, հայկական կողմի պնդմամբ, Ադրբեջանի դիրքորոշման պատճառով։

«Հարցը լուծված է, նրանք չպետք է զբաղվեն հակամարտությամբ», - այս հայտարարություններով Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հարցով զբաղվող ԵԱՀԿ միջնորդներին ամիսներ առաջ թոշակի էր ուղարկում։

Երեկ Հայաստանի վարչապետի գրասենյակը տեղեկացրել էր, թե Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է եղել նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Մինսկի խմբում կազմակերպելու Հայաստանի դիմումին։ Թե ի՞նչ զրույց է տեղի ունեցել, ինչպե՞ս է 3 համանախագահող երկրներից մեկի ղեկավարն արձագանքել բանակցություններ նախաձեռնելու հեռանկարին, չէին մանրամասնել։ Իսկ ահա նույն հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած հաղորդագրությունում նման հիշատակում ընդհանրապես չկար։

Մինսկի խմբի եռանախագահությունից Երևանի դիմումին չկա հրապարակային պաշտոնական արձագանք։ Երկու օր առաջ համանախագահող Ֆրանսիան, այսօր էլ՝ Ռուսաստանը խաղաղության գործընթացին աջակցելու պատրաստակամություն են հայտնել՝ առանց հստակեցնելու՝ կկազմակերպե՞ն Մինսկի խմբի շրջանակում Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախապատրաստումը սկսելու՝ Բաքվի և Երևանի պատրաստակամությունը և վերահաստատում ենք բանակցային գործընթացին ամեն կերպ օժանդակելու մեր տրամադրվածությունը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, թե առայժմ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներից։

Ֆրանսիան դեսպանի միջոցով էր հայտարարել, թե պատրաստակամ են արձագանքելու Երևանի դիմումին, և ամեն ինչ անելու, որպեսզի երկարատև խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Բաքուն, սակայն, անարձագանք է թողնում խաղաղության բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով անցկացնելու՝ Հայաստանի առաջարկը։ Փոխարենը գաղտնազերծել է իր 5 առաջարկները՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվել իրար նկատմամբ տարածքային պահանջներից, իրականացնել սահմանազատում, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել կոմունիկացիաները։ Եթե Երևանը խոսում է Մինսկի խմբի շրջանակներում խաղաղության բանակցություններից, Բաքուն իր հինգ առաջարկներն ընդունելու դեպքում է նման պատրաստակամություն հայտնում։

Ներկայացնելով Երևանի պատասխան դիրքորոշումը՝ արտգործնախարարն ասել էր, թե առաջարկված հինգ կետերը խնդիրների ողջ օրակարգը չեն արտացոլում։ Արարատ Միրզոյանը շեշտել էր Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը։

Վերջին օրերին Երևանի և Բաքվի հեռակա հայտարարությունները խաղաղության բանակցությունների շուրջ հստակություն չեն մտցրել՝ ե՞րբ, ի՞նչ պայմաններում և ի՞նչ հարթակում են դրանք հնարավոր։ Բացի այն, որ Բաքուն մերժում է Մինսկի խմբի ֆորմատը, ռուս-ուկրաինական բախման ֆոնին էլ աննախադեպ լարված են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները։

Մինսկի խմբում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի համագործակցության վրա կարո՞ղ է կոնֆլիկտը ազդել։ «Ազատության» այս հարցին ի պատասխան ԱՄՆ-ի դեսպանատնից հիշեցրել են պետքարտուղար Բլինքենի կոչը թե՛ Փաշինյանին, թե՛ Ալիևին՝ ցուցաբերել զսպվածություն և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ խնդիրների համապարփակ լուծման համար։

XS
SM
MD
LG