Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սկզբունքային է. Արարատ Միրզոյան


Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիսում։
Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիսում։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանն ընդառաջ պաշտոնական Երևանը այսօր կրկին հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սկզբունքային է։

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նաև ընդգծեց՝ Երևանն ակնկալում է, որ Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունները ԵԱՀԿ օրակարգից դուրս չեն թողնի Ղարաբաղի հակամարտությունը։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, և մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ դրանք այնուամենայնիվ ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը։ Եվ մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը առաջիկայում այունամենայնիվ կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով», - նշեց Միրզոյանը։

Միաժամանակ, Միրզոյանը չասաց՝ արդյո՞ք Բաքուն համաձայնել է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը կամ խաղաղության բանակցությունները սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես Երևանն է առաջարկել։

Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հիմնախնդիրը համարում են լուծված։ Ընդ որում, առաջիկա հանդիպումից առաջ՝ երեկ, Ադրբեջանի նախագահը կրկնել էր այդ դիրքորոշումը։

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան

«Ուզում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը սահմանագոտում ձեռնարկել կայունության բարձրացման քայլեր և այնուհետև ձեռնամուխ լինել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Ուզում եմ նշել նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես գիտեք, ընթանում են բանակցություններ, խորհրդակցություններ տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, և այստեղ ևս մենք հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», - ասաց նախարար Միրզոյանը։

Անդրադառնալով այսօր Արցախում ստեղծված իրավիճակին՝ Հայաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ նախորդ ամիս ցուրտ եղանակային պայմաններում Ադրբեջանը երկու անգամ անջատել էր Արցախի գազամատակարարումը, իսկ մարտի 24-ից ադրբեջանական զինուժը ներխուժել է Ասկերանի շրջան։

Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ չնայած Մինսկի խմբի համանախագահող երկրների հորդորներին ու ռուսական կողմի հավաստիացումներին՝ ադրբեջանական զինուժը առայսօր շարունակում է մնալ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։

Զբիգնև Ռաու
Զբիգնև Ռաու

Բաքվից Երևան ժամանած եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը վստահեցրեց՝ ԵԱՀԿ-ն հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը. - «Ինձ լրջորեն անհանգստացնում է, որ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը մնում է շատ փխրուն, և սա իմ ամենակարևոր ուղերձներից մեկն էր հյուրընկալող կողմին։ Մեր զրույցը կենտրոնացած էր տարածաշրջանում իրավիճակի և այն ուղիների բացահայտման վրա, թե ինչպես ընդլայնել ԵԱՀԿ ներգրավվածությունը Հայաստանի հետ և Հայաստանում»։

Զբիգնև Ռաուն նաև նշեց՝ աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ հասնելու առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը. - «Հուսով ենք, որ առաջընթացը հնարավոր է, մասնավորապես՝ հումանիտար հարցերում, օրինակ՝ պահվող անձանց ազատ արձակում, անհետ կորածների մասին տեղեկության տրամադրում, ականազերծում, պատմական ու մշակութային տարածքների պահպանում»։

ԵԱՀԿ գորող նախագահը, սակայն, չանդրադարձավ Մինսկի խմբի գործունեությանը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծված միջնորդական առաքելությունը վերջին պատերազմից հետո՝ արդեն մեկուկես տարի Հայաստան և Ղարաբաղ չի այցելել։

Այսօր Զբիգնև Ռաուին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Հայաստանի կառավարության, կողմերը անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին, կարևորել են հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG