«Վիզա դեպի Ուզբեկստան»
Այն բանից հետո, երբ Visa և Mastercard միջազգային վճարային քարտային համակարգերը (ի թիվս բազմաթիվ արևմտյան ընկերությունների) միաժամանակ դադարեցրին իրենց գործունեությունը ռուսական շուկայում, տուրիստական գործակալությունները սկսեցին «դեբիտային քարտի շրջագայության» փաթեթների զանգվածային վաճառքը։
Մեծ թվով ռուսաստանցիներ այսօր նախընտրում են այցելել հարևան երկրներ, այդ թվում՝ Ուզբեկստան, որտեղ, շրջանցելով Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները, կարող են տեղական բանկերից քրեդիտ և դեբիտային քարտեր ձեռք բերել։
Մարտի 6-ից Ռուսաստանում թողարկված Mastercard և Visa քարտերը չեն գործում արտերկրում և չեն ընդունվում վճարման արտասահմանյան առցանց խանութներում, նաև հակառակը` Ուզբեկստանում կամ այլ երկրներում թողարկված այս քարտերը ՌԴ-ում չեն գործում, հետևաբար Ռուսաստանի քաղաքացիները կարող են դրանք օգտագործել միայն արտասահման մեկնելիս:
Մոսկվայում և Ռուսաստանի 10 այլ քաղաքներում գործող VEDI Group-ը, որն առաջին ռուսական տուրիստական գործակալությունն է, մարտի 23-ից սկսած հատուկ փաթեթներ է վաճառում իր հաճախորդներին` «Վիզա դեպի Ուզբեկստան»: Այս տուրօպերատորը ժամանակին հայտնի էր իր «COVID-19 պատվաստանյութի զբոսաշրջության» փաթեթով, որը առաջարկում էր այցելություն արտերկիր այն ռուսներին, ովքեր գերադասում էին արևմտյան արտադրության պատվաստվանյութերը՝ Sputnik-ի փոխարեն։
VEDI Group-ի Ուզբեկստանի փաթեթի արժեքը 23 հազար ռուբլի է՝ մոտ 280 ԱՄՆ դոլար։ Այն ներառում է երկու գիշերվա հյուրանոցային ծախսեր, Տաշքենդի տեսարժան վայրեր այցելելու փոխարեն կազմակերպում է այցելություն տեղական բանկ, որտեղ հաճախորդները կարող են բանկային հաշիվ բացել և դեբիտային քարտեր ստանալ։ Մատուցվող ծառայությունների հայտադիմումները տուրիստական գործակալությունը նախապես է ընդունում։ «Դեբիտային քարտի զբոսաշրջության» փաթեթները ձեռքբերած զբոսաշրջիկների առաջին խումբը Տաշքենդ կժամանի ապրիլի 3-ին: Ինքնաթիռի տոմսը փաթեթի մեջ չի մտնում։
BSI Group և Russkiy Express ընկերությունները, օրինակ, նույնպես սկսել են նմանատիպ փաթեթներ առաջարկել, քանի որ պահանջարկը գնալով մեծանում է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով տուրիստական գործակալություններին, որոնք նաև ուսումնասիրում են «դեբիտային քարտի զբոսաշրջության» այլ ուղղություններ, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան:
Ինչո՞ւ Ուզբեկստան
Հեռավորություն, մատչելիություն և պարզ պահանջներ. սրանք հիմնական գործոններն են, որ Ուզբեկստանը դարձնում են գրավիչ և նախընտրելի ուղղություն «դեբիտային քարտի զբոսաշրջության» փաթեթներ գնող ռուսաստանցիների համար։ Հաճախորդներին բանկային քարտ ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ օր, ասվում է VEDI Group-ի գովազդում:
Տուրիստական գործակալությունը նախապես է կազմակերպում թղթաբանությունը և ամրագրում բանկ այցելելու օրը։ Հաճախորդներից միայն պահանջվում է անձնագրով ներկայանալ բանկ և ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը: Ռուսաստանի քաղաքացիներին Ուզբեկստանում մշտական բնակության հասցե ունենալու մասին փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Ռուսաստան վերադառնալուց հետո ուզբեկական բանկերի հաճախորդները կարող են հարկ եղած դեպքում համալրել իրենց բանկային մնացորդը՝ փոխանցումներ կատարել տարբեր, այդ թվում՝ ռուսական Zolotaya Korona վճարային համակարգով:
Ուզբեկստանի բանկերն առաջարկում են նաև ռուսալեզու բջջային հավելվածներ, հաճախորդների սպասարկման շուրջօրյա հեռախոսային ծառայություն։ Իսկ ուզբեկական տուրիստական գործակալությունները ռուսաստանցի հաճախորդներին տրամադրում են նաև մայրաքաղաք Տաշքենդի հայտնի դիզայներական խանութների մասին տեղեկություններ, իրազեկում Ուզբեկստանի անշարժ գույքի շուկան ուսումնասիրելու հնարավորության մասին՝ փորձելով սփոփել դիզայներական ապրանքների սիրահարներին, ովքեր պատժամիջոցների պատճառով զրկվել են սիրելի ապրանքանիշերից։
Ipak Yoli-ին, Asaka Bank-ը և Kapital Bank-ը Ուզբեկստանի հիմնական բանկերն են, որ պատրաստակամ են սպասարկել ռուսաստանցի հաճախորդներին։ Նրանք առաջարկում են հաշիվներ բացել ոչ միայն տեղական արժույթով, այլև դոլարով կամ եվրոյով։
Հայաստանի բանկերից քարտ ստանալու համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում՝ մինչև վեց աշխատանքային օր, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները` հավելելով, որ հայաստանյան բանկերի դեպքում հաճախ անհրաժեշտ է լինում նաև մշտական բնակության հասցե կամ վեցամսյա վարձակալության պայմանագիր՝ որպես մշտական բնակության ապացույց։
Վրացական և թուրքական որոշ բանկեր օտարերկրացիներից նույնպես հասցե են պահանջում, իսկ որոշները` նաև բարձր ավանդ ոչ ռեզիդենտների համար:
Ղազախներից ոմանք միջնորդական ծառայություններ են առաջարկում իրենց երկրում քարտային հաշվեհամար բացել ցանկացող ռուսներին՝ պնդելով, որ բանկային հաշիվ բացել Ղազախստանում հնարավոր է երրորդ անձի միջոցով՝ առանց Ռուսաստանից ճամփորդելու։
Ղազախստանում վերոնշյալ միջնորդական ծառայությունից օգտվելու համար նախքան բանկային հաշիվ բացելը անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և տեղական հեռախոսահամար։ Ըստ որոշ բլոգերների՝ կենսաչափական տվյալներն ու մյուս փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել առցանց։ Նրանց փոխանցմամբ՝ միջնորդների օգնությամբ Ղազախստանում արդեն տասնյակ ռուսաստանցիներ են հաջողությամբ դեբիտային քարտեր ստացել:
Ռուս փորձագետներն ու բլոգերները հորդորում են աչալուրջ լինել և չօգտվել անհայտ անձանց կամ ընկերությունների կողմից առաջարկվող ծառայություններից և աշխատել միայն հեղինակավոր ընկերությունների հետ: Իսկ տեղի իշխանությունները միաժամանակ հիշեցնում են` արտասահմանյան բանկային հաշիվների մասին պարտավոր են տեղեկացնել հարկային մարմիններին։
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, արգելել է ռուսաստանցիներին գումար փոխանցել արտասահման, այդ թվում՝ ռուսական բանկային հաշիվներին։ Թեև արգելքը ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 1-ից, սակայն այն կարծես չի տարածվում այն երկրների վրա, որոնք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին չեն միացել, օրինակ՝ Ուզբեկստանի: ՌԴ քաղաքացիներն ունեն արտասահման փոխանցումներ կատարելու ամսական սահմանաչափ՝ 5 հազար դոլար:
Ռուսաստանցի քարտատերերը ռուսական բանկերի կողմից տրամադրված իրենց Visa և Mastercard-երից կարող են օգտվել, քանի դեռ չի լրացել դրանց վավերության ժամկետը։ Ռուսաստանում գործող՝ «Միր» համակարգի թողարկած քարտերը կիրառելի են միայն մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում և Վիետնամում: