Մատչելիության հղումներ

Այս պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Պուտինի ռեժիմը․ դեսպան Ջոն Գալագեր


Այս պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Վլադիմիր Պուտինի ռեժիմը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը՝ շեշտելով՝ նրա ընտրությունն էր հարձակվել անկախ, ինքնիշխան պետության վրա և նրանք պետք է բացատրություններ տան իրենց դրդապատճառների վերաբերյալ:

Ընդգծելով, որ այս հարձակումը չարդարացված ու չհրահրված էր՝ Գալագերը նկատեց՝ միջազգային հանրությունը դատապարտել է այն։

«Կարծում եմ, որ մենք աշխարհում տեսանք համերաշխության մեծ դրսևորում: Միահամուռ կերպով մշակվեց լայն պատժամիջոցների փաթեթը, որը, իմ կարծիքով, շատ արդյունավետ է՝ Վլադիմիր Պուտինի համակարգը և կառույցները թիրախավորելու առումով: Այն ցույց է տալիս, որ Ռուսաստանն իրական գին կվճարի այս պատերազմը սկսելու համար: Կարծում եմ, որ սա իսկապես ապացուցում է, որ միջազգային հանրությունը հանձնառու է պահպանել համամարդկային արժեքները՝ հարգել երկրների ինքնիշխանությունը և իրենց ապագան ընտրելու իրավունքը: Կարծում եմ, որ Ռուսաստանի գործողություններին նման պատասխանը աննախադեպ է: Այն արդյունավետ է այն առումով, որ շատ հստակ ուղերձ է հղում, որ նմանատիպ ագրեսիան արդարացված չէ ու որ մենք մի կողմ չենք քաշվում, երբ նման բան է տեղի ունենում», - ասաց դեսպանը։

Գալագերի խոսքով՝ Մեծ Բրիտանիան շատ հստակ նպատակաուղղված գործողություններ է ձեռնարկել այն ռուս օլիգարխների դեմ, ովքեր Միացյալ Թագավորությունում ունեն բիզնես շահեր, ֆինանսական միջոցներ կամ այլ ունեցվածք: «Եթե չեմ սխալվում, նրանցից մոտավորապես 300-ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել: Սա նշանակում է, որ նրանք չեն կարողանալու օգտագործել Միացյալ Թագավորությունը որպես գումարները շարժելու կամ իրենց միջոցները թաքցնելու միջոց», - ասաց դեսպանը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մի մասը»

Խոսելով ղարաբաղյան հակամարտությունից՝ դեսպանը հայտարարեց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մի մասը և ունի մանդատ՝ նպաստելու երկարաժամկետ կարգավորմանը՝ շեշտելով՝ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը պատերզմի ավարտից հետո էլ այս հարցում չի փոխվել։

«Մենք ուզում ենք տեսնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին դեր է տրված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ճանապարհով խաղաղ, երկարաժամկետ համաձայնագրի հասնելու գործին նպաստելու առումով: Եվ այդ առումով նրանք դեռ շատ հստակ դերակատարում ունեն։ Այսպիսով, մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ լուծման մի մասը և ունի մանդատ՝ նպաստելու երկարաժամկետ կարգավորմանը: Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դերակատարում ունեն։ Մենք հետևողականորեն պահպանել ենք այն տեսակետը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի այս դերը, և դա չի փոխվել», - ասաց Գալագերը։

Դիտարկմանը, թե արևմտյան երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան անտարբեր են եղել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և վճռականորեն չեն գործել՝ այն կասեցնելու ուղղությամբ, դեսպանը չհամաձայնեց՝ շեշտելով՝ Մեծ Բրիտանիան, անշուշտ, շատ ակտիվ է եղել պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում։

«Մինչ պատերազմը շարունակվում էր, մենք աշխատում էինք կուլիսներում միջազգային հանրության հետ՝ փորձելով նպաստել հրադադարի հաստատմանը։ Մենք շատ սերտորեն աշխատում էինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և հաճախակի կապի մեջ էինք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այնպես որ, կարծում եմ, որ անարդար է ասել, որ միջազգային հանրությունը անմասն էր մնացել: Միացյալ Թագավորությունը, անշուշտ, այդ ջանքերի մի մասն է և իսկապես փորձում էր վերջ տալ հակամարտությանը, պայմաններ ստեղծել՝ կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու համար, և մենք շարունակում ենք դա անել»։

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա երկխոսության մեկնարկը

Միացյալ Թագավորությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանն ու Թուրքիան խոսում են, ասաց դեսպանն՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին։

«Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ներգրավված չէ այս գործընթացում։ Բայց կարծում եմ, իրականում բավականին լավ բան է, որ երկու երկրներն էլ ուղղակիորեն խոսում են միմյանց հետ, քանի որ դրա մեջ կա ամենամեծ ներուժ, որ կլինի համաձայնություն: Եվ կարծում եմ, որ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան նույնպես ողջունում են կարգավորված հարաբերություններ ունենալը։ Կարծում եմ՝ դա օգուտ է բերում թե՛ Հայաստանին, թե՛ Թուրքիային։ Բոլոր երկրների համար օգտակար է նորմալ հարաբերություններ ունենալ իրենց հարևանների հետ՝ թե անվտանգության առումով, թե՛ տնտեսական հնարավորությունների հասանելիության, թե՛ նաև մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորության առումով։ Դրանք սկզբունքորեն դրական երևույթներ են», - ասաց դեսպանը՝ շեշտելով՝ ողջունում են այս գործընթացը։

Մոտ երեք տասնամյակ փակ սահմաններով ու առանց դիվանագիտական հարաբերությունների, հարևանությամբ ապրող Հայաստանն ու Թուրքիան անցյալ տարեվերջին հայտարարեցին հատուկ բանագնացներ նշանակելու ու հաշտեցման գործընթաց սկսելու ցանկության մասին։ Բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը երկու անգամ արդեն հանդիպել են, իսկ շաբաթ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցավ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Ողջունելով այս գործընթացը Գալագերը՝ նկատեց․ -«Դա լավատեսության առիթ է տալիս, որ կարող է լինել բեկում, որը կհանգեցնի ավելի նորմալ հարաբերությունների և օգուտ կբերի երկու երկրներին»։

Դեսպանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG