Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահներին դեռ չի հաջողվել լուծել հիմնական խնդիրը


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները, արձանագրում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում», - ասված է հաղորդագրությունում։

Արցախի իշխանություններն, «այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր, իսկ Արցախի խաղաղ բնակչությանը՝ իրենց տներ, հակառակ պարագայում լուրջ կերպով կասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները», - շեշտում է Տեղեկատվական շտաբը։

Արցախի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Bayraktar տիպի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ: Ուստի, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով, շեշտում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Բնակիչների անվտանգության համար տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Այդուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն, գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայկական կողմից վիրավորվել է 5 զինծառայող, ադրբեջանական կողմը 5 զոհ ունի։
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG