Ուկրաինայում, տեղի հայկական կառույցների տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր զոհված հայերի թիվն արդեն 11 է։ Ըստ այդ երկրի հայերի միության՝ երեկ Խարկովում մահացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը, նա կամավոր էր, օգնում էր իր քաղաքի կարիքավորներին՝ նրանց սնունդ և դեղորայք հասցնելով։
Հայերի շրջանում զոհերից 8-ը քաղաքացիական անձինք են։
«7-ը խաղաղ բնակիչներ են` ազգությունով հայ, 3-ը, այսպես ասած, զինվորականներ: Առաջին զոհը Խերսոն քաղաքում էր, որից արդեն 10-15 օր անցել է, ունենք Չոնգար քաղաքում, Մարիուպոլ քաղաքում», - հայտնեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:
Ուկրաինայում հայերի թիվը մինչև պատերազմը մոտ 350 հազար էր, թե նրանցից քանիսն է վերջին 3 շաբաթների ընթացքում կարողացել լքել պատերազմող երկիրը, հայտնի չէ։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասում է` փորձում են հասկանալ, թե քանիսն են մնացել։ Դիմել են Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը, բայց վերջինս գերծանրաբեռնված է և հնարավորություն չունի նման վիճակագրություն վարելու. «Շատ դժվարանում են գոնե ազգանուններով անջատել ամբողջ ցուցակից, որ առանձին ցուցակ մեզ համար կազմեն»:
Հայտնի է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի սահմանը հատել է շուրջ 4000 Ուկրաինայի քաղաքացի, պարզ չէ՝ նրանցից քանիսն են հայ, քանիսը` ուկրաինացի։
«Մի քիչ դանդաղ ենք շարժվել». Զարեհ Սինանյան
Ակնհայտ է, սակայն, որ հազարավոր հայեր, այդ թվում` ՀՀ քաղաքացիներ դեռ Ուկրաինայում են, իսկ նրանցից մի մասը ամենավտանգավոր քաղաքներում, ներառյալ` Մարիուպոլում։
Պատերազմից 3 շաբաթ անց ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունն Ուկրաինայի հայերին աջակցելու համար, փորձեցինք պարզել Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանից։
«Մենք այս ընթացքում այն անցակետերն ենք ռեալ ռեժիմով ներկայացրել, ներկայացրել ենք ելման երկրների` հիմնականում Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Սլովակիա և այլ երկրներում տեղեկություն, թե ում հետ կապնվեն հայտնվելուց հետո, որպեսզի կարողանան իրենց կենցաղային հարցերը գոնե ժամանակավորապես լուծել», - ասաց Սինանյանը:
Սփյուռքի հանձնակատարի խոսքով՝ դիտարկումներ են արել` հասկանալու, թե դեպի Հայաստան տարհանման ինչ պահանջարկ կա, սակայն պատերազմի 23-րդ օրն էլ դեռ պարզ չէ։ Եթե անգամ ծրագիր լինի հայերին Ուկրաինայից տարհանելու, ապա դա արվելու է 3-րդ երկրի միջոցով, որտեղից կարող է օդանավ թռչել։ Ըստ Սինանյանի՝ հարևան երկրներում արդեն մեծաթիվ հայեր կան. «Ես, օրինակ, կասեի, որ մի քիչ դանդաղ ենք շարժվել այս իմաստով, որովհետև մենք ունենք բավարար տեղեկություն, որ շատ մարդիկ հավաքվել են արդեն այնտեղ, և ցանկությունը կա Հայաստան գալու, չկա այնպիսի խնդիր, որ ՀՀ-ն պատրաստ չէ վճարել այդ ինքնաթիռների համար, այսինքն` ես նման բան չեմ լսել: Այս պահին զուտ մարդկանց տեղեկությունը հավաքելու, այդ քանակը պարզելու խնդիր է»:
«Ուկրաինահայերին աջակցելու հարցում Հայաստանի կառավարությունը արդեն շատ է ուշացել»
Մինչ Հայաստանում դեռ տեղեկություններ են հավաքում, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչն ասում է՝ ուկրաինահայերին աջակցելու հարցում Հայաստանի կառավարությունը արդեն շատ է ուշացել. «Այդ առաջին շաբաթը, առաջին 10 օրը շատ-շատ էին այդ հարցը տալիս` ինքնաթիռ կլինի՞, կտրամադրի՞ Հայաստանը, թե՞ չի լինի»:
Հայաստանի պատկան մարմիններից լուրեր չստանալով՝ համայնքի մարդկանց հայտնել են՝ փորձեք ինքնուրույն դուրս գալ պատերազմող քաղաքներից. «Եթե Հայաստանի Հանրապետությունը մեզ կտրամադրի ինքնաթիռ, մենք կարող էինք նույնիսկ փորձել այդ հոսքն ուղղել ինչ-որ մի երկիր կոնկրետ, ասեինք, որ ժողովուրդ ջան, ձրի ձեզ կտեղափոխեինք, բայց կոնկրետ մենք ոչ մեկին նամակ չենք գրել, ոչ մեկին բան չենք արել, որովհետև մենք մտածել ենք, որ պետությունը պետք է դրա մասին մտածի»:
Հայերի մեծ մասը սիրով Հայաստան կվերադառնար, բայց հեռացել է դեպի այլ երկրներ. Քնարիկ Կոդաբաշյան
Լվովում արդեն մի քանի տասնամյակ բնակվող Հայաստանի քաղաքացի Քնարիկ Կոդաբաշյանը «Ազատությանը» պատմեց, որ անձամբ ինքը չի պատրաստվում լքել սիրելի քաղաքը, քանի որ որդու հետ որպես կամավոր օգնում է Ուկրաինայի այլ քաղաքներից գաղթած ու Լվով եկած մարդկանց։ Սակայն ճանաչում է հայերի, հատկապես անչափահաս երեխաներ ունեցողների, որոնք հնարավորության դեպքում կնախընտրեին Հայաստան գալ, բայց մեծ մասն արդեն սեփական միջոցներով հեռացել է պատերազմող քաղաքներից դեպի Եվրոպա կամ Հայաստան։
«Կան մարդիկ, որ ինչ-որ երկու շաբաթ ժամանակ ունեն ապրել Եվրոպայում, մինչև տեսնեն` ինչ է լինում, այն ժամանակ նորից կվերադառնան Ուկրաինա: Կան մարդիկ, ովքեր այդ ընթացքում վերադառնում են Հայաստան, իսկ ես ինքս հյուրեր ունեի, ովքեր եկել էին Կիևից, մի երկու օր առաջ եմ ճանապարհել Լեհաստան, ամսի 20-ին վերադառնալու են Հայաստան», - նշեց նա:
Կոդաբաշյանն ասում է՝ անհնար է երեխաների հետ երկար ժամանակ նկուղներում ապրել. «Երբ որ միանում է տրիվոգան քաղաքում` գիշերը 1-ին, 3-ին, առավոտը 6-ին, ուղղակի ֆիզիկապես անճար են երեխաներին հանեն, իջնեն պադվալային հարկերով, նրանք երեխաներին դուրս են հանում»:
Հենց Լվովում մնացած մեծահասակներին ու մյուս կարիքավորներին էլ փորձում են օգնել։ Մինչ այս քաղաքում ջրի ու սննդի խնդիր չկա, ամենատագնապալի լուրերը ստացվում են շրջափակված Մարիուպոլից։ Հայերի համար գրեթե անհնար է պարզել, թե ինչ վիճակում են գտնվում այնտեղ մնացած իրենց ազգականները, կապի միջոցները չեն գործում, հայտնում են համայնքի ներկայացուցիչները։