Մատչելիության հղումներ

«Շատ դժվար է, անպատմելի պայմաններ են». Մարիուպոլից բնակիչները չեն կարողանում կամ մեծ դժվարությամբ են դուրս գալիս


«Ամենասուր պրոբլեմը ջուրն է, մարդիկ ջուր չունեն խմելու, կիսասոված, մի օր ուտում են, մի օր չէ, շատ դժվար է, շատ, անասելի, անպատմելի պայմաններ են», -
այսպիսի ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում ռազմական գործողությունների ամենաթեժ կետերից մեկի՝ շրջափակված Մարիուպոլի բնակիչները, նրանց թվում են նաև հայ ընտանիքներ, ովքեր չեն կարողանում կամ շատ մեծ դժվարությամբ են քաղաքից դուրս գալիս, «Ազատությանը» պատմեց Դոնեցկի մարզի հայերի միության ղեկավար Վահագն Մաթևոսյանը։

«Մարդիկ չունեն ուտելու, խմելու, ջեռուցում, ցրտեր են սկսվել, չունեն ոչ մի, ոչ մի պայման ապրելու գոյություն ունի խնդիր դուրս գալ քաղաքից ողջ առողջ», - ներկայացրեց Մաթևոսյանը։

Դոնեցկի մարզում գտնվող Մարիուպոլից դուրս գալու ճանապարհներն անվտանգ չեն, անընդհատ, անվերջանալի հրետակոծություն է, քաղաքն ավիրված է, կապի խնդիր կա։ Ինքը՝ Մաթևոսյանը օրերս է կարողացել դուրս գալ քաղաքից՝ հետևում թողնելով ավիրված իր տունը. «Տունը վառվել է, արկեր են ընկել»։

Մաթևոսյանն ասում է՝ երբ քաղաքի մի հատվածում համեմատաբար անվտանգ է լինում, կրակոցներ չեն հնչում, բնակիչները փորձում են դուրս գալ՝ չիմանալով, թե երբ կսկսվի հրետակոծությունը, ողջ կմնան, թե՝ ոչ։

«Վտանգավոր է, բայց երեկ ու նախորդ օրվա դրությամբ գրեթե 400 մեքենա շարասյունով դուրս են եկել դեպի Բերդյանսկ, բայց էնպես չի որ ապահով ճանապարհով են դուրս եկել։ Միշտ կա վտանգ, միշտ կան ռիսկերը», - ասաց Դոնեցկի մարզի հայերի միության ղեկավարը։

Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը Ուկրաինայում ապրող ծագումով հայերին ու Հայաստանի քաղաքացիներին տարհանելու համար. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ փորձում են Ուկրաինայի սահմանակից երկրներ հասած հայերին փաստաթղթային հարցերով օգնել. «Մարդիկ փնտրում են այն ճանապարհները, որտեղով կարող են դուրս գալ։ ունենք ընտանիքներ, ովքեր շարժվում են Լեհաստանի, Ռումինիայի սահման։ Կապի մեջ ենք նաև Արևելյան Եվրոպայի այն երկրների հայկական համայնքների հետ, որոնք կացարան և անհրաժեշտ օժանդակություն են ցույց տալիս արդեն սահմանը հատած մեր հայրենակիցներին»։

Հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ Հայաստան գալու ցանկություն, բայց հնարավորություն չունեցող ընտանիքներից դիմումներ են ստանում։ Բայց թե քանիսն են այդ ընտանիքները, առայժմ ամփոփ տվյալներ չկան։

«Ամբողջի վերաբերյալ լիարժեք պատկեր կազմելու համար պետք է մեր դեսպանատներում այդ մարդիկ արձանագրվեն կամ այդ մասին հստակ ամբողջ տեղեկատվությունն ամփոփվի, որպեսզի մենք տեսնենք՝ ինչ քանակի մասին է խոսքը», - ասաց Ալեքսանյանը։

Ուկրաինայում հայերի շրջանում ևս զոհեր կան

Ռուս - ուկրաինական պատերազմի 21-րդ օրն է. Հայ համայնքի պատասխանատուները «Ազատությանը» հայտնում են, որ հայերի շրջանում ևս զոհեր կան, թե քանիսն են, հստակ թիվ չկա, ավելի վաղ պաշտոնապես հաստատվել է մեկ զոհի մասին տեղեկությունը։

Արդյոք Հայաստանի կառավարությունը, այլ պետությունների նման պատրաստվո՞ւմ է թեկուզ Ուկրաինայի հարևան երկրներում ապաստանած հայերին տարհանելու համար օդանավ հատկացնել, նման որոշում մինչ այս պահը չի կայացվել. «Դեռ այդպիսի որոշում չկա, դեռ այդպիսի ծրագիր այս պահին չկա»։

Ի՞նչն է խոչընդոտում օդանավ տրամադրելուն, քանի՞ հայ է դիմել՝ Հայաստան վերադառնալու համար, քանիսին է հաջողվել լքել Ուկրաինան, «Ազատությունը» այս և այլ հարցերի շուրջ գրավոր հարցում է ուղարկել արտգործնախարարություն, պատասխան, սակայն, դեռ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG