Մատչելիության հղումներ

Չէինք պատկերացնում, որ կվերածվի լայնամասշտաբ պատերազմի. Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ


Կիևում հանգիստ է, բայց մերձակայքում բախումներ են

Կիևի մերձակայքում հենց հիմա ուժեղ բախումներ են, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, ով միացել էր Կիևից:

«Կոնկրետ Կիևի կենտրոնում հիմա համեմատաբար հանգիստ է», - ասաց նա:

Ուկրաինայում ապրող հայերի շրջանում այս պահի դրությամբ հաստատվել է մահվան մեկ դեպք, որ գրանցվել էր Խերսոն քաղաքում, վիրավորների մասին տվյալներ չկան, նշեց Դավիթ Մկրտչյանը:

Նրա ներկայացմամբ` տվյալներ չկան, թե Ուկրաինայից հեռացող հայերը արդյոք հենց Հայաստան են վերադառնում, թե այլ երկրներ են մեկնում, իրենք հնարավորինս օգնել են իրենց դիմած հայերին` և անհրաժեշտ պարագայով, և թեկուզ տարածքը լքելու հարցում:

Դավիթ Մկրտչյանը հայտնեց` փորձել են օգնել, որ ավտոշարասյունով հեռանան մարդիկ տարածքներից, նույնը արել են Խարկով քաղաքի համար, որտեղ մեծաթիվ հայեր են բնակվում. «Մեկ միլիոնից ավելի քաղաքում ահագին հայություն կա, որոնք առաջին օրերից դուրս եկան, բայց շատ շուտ հայտնվեցին շրջափակման մեջ, ու նրանք սահմանափակված էին դուրս գալու միջոցներից օգտվելով: Նման էլի կազմակերպություններ ստեղծեցինք, մարդիկ փորձեցին իրենց մեքենաներով մտնել քաղաք, դուրս հանել ժողովրդին: Նույն երիտասարդությունը շատ խիզախ գործունեություն էր վարում` վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Խոսքը հայ երիտասարդների մասին է»:

Հայտարարված հումանիտար միջանցքների մասին

Դավիթ Մկրտչյանի ենթադրությամբ` Կիևում ՌԴ ՊՆ-ի հայտարարած հումանիտար միջանցքը չի բացվել, քանի որ ինչպես ինքը նշեց` ժողովուրդը սպասում էր նման բանի, սակայն ոչ մի տեղեկություն չկա այդ մասին, նույնը Խարկովի մասին` վերջին տվյալներով. «Երեկ էլ էր նույն բանը Մարիուպոլ քաղաքի հետ կապված` հայտարարվել էր 4 ժամ զինադադար, բայց դա տևել է 1.5 ժամ, ու այն քանակի ավտոբուսները, որ մտել էին քաղաք, բերել էին դեղորայք, սննդամթերք, ոչ բոլոր ավտոբուսներն են հասել նախապես նշված կետերին: Ընթացքում նաև ենթարկվել են ռմբակոծության օդից, բայց իշխանությունը հայտարարեց, որ ոչ մեկը չի տուժել»:

«Բոլոր տեղերում ռազմական իրավիճակ է»

Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահն ասաց նաև, որ մարդիկ ձգտում են ավտոշարասյունով դուրս գան, որպեսզի ավելի ապահով զգան: «Քանի որ Կիևից դուրս գալու երեք բլոկ պոստ ես անցնում, մինչև մայրուղի, որն այսօր աշխատում է` Կիև-Օդեսա մայրուղի, որը եթե հակառակորդը փակի, Կիևը լիովին շրջափակված կլինի, ու այնտեղից դուրս գալն անհնար կլինի», - նշեց նա:

Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահը, անդրադառնալով հարցին, թե ինչու պատերազմի մեկնարկից ավելի վաղ չէին տարհանել բնակիչներին Ուկրաինայի ավելի ապահով հատվածներ, նա ասաց. «միության նախաձեռնությամբ փետրվարի 12-13-ին` պատերազմից մոտ 10 օր առաջ, կապվել եմ Դոնբասի երկու մարզերի ներկայացուցչությունների հետ, ստեղծել ենք ճանապարհային քարտեզ, որտեղ նշված է եղել, թե որտեղից ինչ քանակով ու ինչպես ենք տարհանելու ժողովրդին:

Մենք ահռելի գործունեություն ենք կատարել մինչև ամսի 24-ը: Մենք պատկերացնում էինք, լսում էինք, գիտեինք, որ մի բան կլինի, բայց չէինք պատկերացնում, որ դա դուրս կգա Դոնբասի տարածքից և կվերածվի լայնամասշտաբ պատերազմի: Ճիշտ հասկացեք, մենք, իհարկե, այդ ճանապարհով անցել ենք, բայց մենք մտածում էինք, որ իրենց ուզածն ընդամենը այդ ... հասկացողությունն է, բայց դա վերածվեց մեծ պատերազմի, ու այնպես ստացվեց, որ բոլոր 24 գործող համայնքները դարձան Դոնեցկի, Լուգանսկի մարզ, բոլոր տեղերում ռազմական իրավիճակ է», - նշեց նա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG