Մատչելիության հղումներ

«Ուզում եմ, որ Պուտինը դադարեցնի այս խելահեղությունը». ակցիա Երևանում Ուկրաինայի դեսպանատան առջև


Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առջև ուկրաինացիներն իրենց հիմն են երգում` «դադարեցրեք պատերազմը», «ո՛չ պատերազմին» պաստառները պարզած:
«Ուզում եմ, որ այս հիմար պատերազմն ավարտվի»,- ասում է Անաստասիա Սախալտուևան: Ինքն այստեղ է, բոլոր հարազատները, ընկերները` Կիևում:

«Ես ուզում եմ, որ հարազատներս, ընկերներս ողջ-առողջ մնան, ուզում եմ, որ Պուտինը դադարեցնի այս խելահեղությունը, այլ կերպ չես անվանի. այնտեղ ազգայնականներ չկան, նացիստներ չկան, իմ ընկերները սովորական ուկրաինացիներ են», - ասում է նա:

Ալյոնան Հայաստանում անիմացիոն մուլտֆիլմեր է նկարահանում պատերազմի այս օրերին. «Մենք խաղաղության, երեխաների կողմից ենք, չենք ուզում, որ մահանան նրանք»:

Ալյոնա Ստեպանովան Ղրիմում է ծնվել, 20 տարի ապրել այնտեղ ու տեղափոխվել Կիև: «Տեսնում էի, թե ինչպես է Ղրիմն անջատվում ամեն ինչից, չդիմացա, Հայաստան եկա, - ասում է, - ես դեմ եմ պատերազմին, ոչ ոք չպետք է մեռնի, ոչ ոք չպետք է ամեն օր ասի՝ մենք ողջ ենք, մի՛ անհանգստացելք: Դա սարսափելի է, էլ բառեր չունեմ»:

Դեսպանատան առջև ուկրաինացիներ են, կիսով չափ ուկրաինացիներ, կիսով չափ ռուսներ, հայեր: Ռուբինա Շահվերդյանը կես հայ-կես ուկրաինուհի է՝ Երևանի ու Օդեսայի միջև է ապրում:

«Այս պատերազմներին սիրտ չի դիմանում,-ասում է՝ հիշելով իր տառապանքները նաև արցախյան պատերազմի օրերին, - դե Օդեսայում, փասռք Աստծո, մի քիչ հանգիստ է, բայց էսօր օրինակ` էսօր Օդեսայի կողքերը ռումբեր էին, շատ ահավոր բան է: Այսքան կյանքում երբեք անեծք չեմ արել, որքան այս 10 օրում»:

«Ուկրաինան կռվում է, Ուկրաինան չի հանձնվում, մենք առավելագույն վնաս ենք հասցնում Եվրոպայի թիվ մեկի համարումն ունեցող բանակին, չենք հանձնվելու, կապիտուլյացիայի չենք ենթարկվելու, նրանց պայմանները չենք ընդունելու», - հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, որը ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում Հայաստանի ձեռնպահ քվեարկությունը:

«Ռուսական աշխարհը պարփակվել է 5 երկրներով,-շեշտում է նա` հավելելով, - իմ դպրոցական որդին 14 տարեկան է, հարցրեց` հայրի՛կ, ի՞նչ է նշանակում էրիթրեա, բարկացա, ասացի` աշխարհագրություն սովորիր»:

Ալեքսանդրա Ստեֆանյուկը Հայաստան հանգստանալու էր եկել 10 օրով, պատերազմն սկսվեց, վերադառնալ չի կարող: Կիևում ակտիվ ռմբակոծություններ են նաև իր թաղում, չգիտի` տունն ինչ վիճակում է: Կինն ավելի շատ տառապում է, որ հայրենիքում չէ ու փորձում է օգնել այստեղից. «Փող եմ փոխանցում, միակ բանը, որ կարող եմ այստեղից անել»:

Ռազմական հանցագործություն, ագրեսիա. ուկրաինացի Սերգեյ Շտանկոն այս դիրքորոշման պատճառով կորցրել է ընկերների մեծ մասին Ռուսաստանում, այնտեղ է ծնվել, մեծացել:

«Շատերն իրականությունն այնպես չեն պատկերացնում, ինչպես կա, աջակցում են, շատերի հետ շփումս կամ բարդացել է, կամ ընդհատվել», - պատմում է նա:
Երկու տարի է` Հայաստանում է ապրում, ոչ մի դեպքում Մոսկվա չի վերադառնա, ասում է` կամ Լվով, կամ Օդեսա, ինչո՞ւ, որովհետև Օդեսան ծովափնյա է, իսկ Լվովը, ասում է, աշխարհի ամենալավ քաղաքն է:

Հայաստանում ապրող ուկրաինացիների երեխաներին կիրակնօրյա դպրոցում ուկրաիներեն է սովորեցնում Ելենա Շևչուկը: Օդեսայից է, տասը տարի առաջ է ամուսնացել, Երևան հարս եկել, տարեց ծնողները Օդեսայում են:

«Ոչ մի քաղաքական շահ ու հետաքրքրություն մարդկային կյանք չարժե… որպես կին, որպես մայր` այդ ամենը հասկանալ չեմ կարող», - նկատում է նա:

Ուկրաինայի դեսպանատան մոտ բոլորով ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի երգ դարձած բանաստեղծությունը հնչեցրին՝ «Դնեպրը»:

Ելենա Շրևչուկը հընթացս մեկնաբանում է, տեսեք` ինչ տխուր են ուկրաինական երգերը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG