Արտիստներին պետք է գնահատել իրենց մասնագիտական նվաճումների, այլ ոչ թե քաղաքական հայացքների համար։ Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որ ընդամենը մեկ՝ բարեգործական համերգով և ընդամենը մի քանի օրով Երևանում էր, «Ազատության» տաղավարում ցավով խոսեց, որ քաղաքական թեժ իրադարձությունների առաջին զոհերից մեկը դառնում է արվեստը։
«Իրենք քաղաքական գործիչներ չեն, իրենք զբաղված են երաժշտությամբ և պետք է մարդուն, որը երաժիշտ է, գնահատել իր արվեստով», - ասում է նա:
Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումից հետո արևմտյան տասնյակ մշակութային կառույցներ դադարեցրել են համագործակցությունը ռուս արվեստագետների հետ։
Նյու Յորքի «Կարնեգի հոլը», օրինակ, չեղարկել է համերգները՝ մեծանուն դիրիժոր Վալերի Գերգիևի մասնակցությամբ։ Ավելի վաղ Բավարիայի իշխանությունները նրան հեռացրել էին Մյունխենի նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից, պնդելով, թե Պուտինի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի երաժիշտը միանշանակ ու հստակ չի դատապարտել պատերազմն Ուկրաինայի դեմ։
Պրիմադոննա Աննա Նետրեբկոյի անունը հեռացվել է Լա Սկալայի մարտ ամսվա ազդագրերից։ Աֆիշաներից հանել են նաև դաշնակահար Դենիս Մացուևի անունը։ Կաննի կինոփառատոնը արգելափակել է ռուսական պատվիրակությունների մասնակցությունը, և սա դեռ ամբողջական ցանկը չէ։
«Մարդիկ սիրում են քաղաքականացնել ամեն ինչ, և էլի եմ ասում` ես կարծում եմ, որ այդ ամբողջ ակցիան, այսպես կոչված, որը գնաց թե Գերգիևի դեմ, թե ես համոզված եմ` նաև ուրիշ երաժիշտների դեմ, ուղղակի Գերգիևը վառ օրինակն էր, դրա համար բոլորը դրա մասին իմացան: Ես կարծում եմ, որ դա էլ է քաղաքականություն, դա ամեն դեպքում սխալ է, ուղղակի ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ մարդիկ ամեն տեղ առիթից օգտվում են, որ հասնեն իրենց նպատակներին, ցավոք սրտի, ոչ շատ լավ կողմով», - նկատում է ջութակահարը:
Ինքը՝ Սերգեյ Խաչատրյանն իր հայացքների համար չի ենթարկվել ճնշումների։ 44-օրյա պատերազմի ժամանակ ջութակահարը ֆեյսբուքյան էջում անգլերենով գրառում էր արել՝ սրտնեղելով, որ միջազգային և քաղաքական միջամտությունն անտեսանելի է, և ընդգծել՝ իր միակ հույսն անհատներն են, քանի որ այսօրվա քաղաքական գործիչները քաղաքական շահը գերադասում են արդարությունից, մարդկային իրավունքներից ու արժեքներից։
Սերգեյ Խաչատրյանն անկեղծացավ՝ իր այդ գրառման համար հիմա զղջում է, հետևություններ է արել, զուգահեռներ է անցկացրել. «Տեսեք` Ուկրաինայի դեպքում Արևմուտքն անտարբեր չէ չէ՞, օգնում է, իհարկե, կարող ենք ասել, որ դա ուրիշ է և այլն, բայց ես համոզված եմ, որ Հայաստանն էլ շատ կարևոր գեոպոլիտիկ տարածքում է գտնվում, և ինքը շատ կարող է լինել շատ կարևոր խաղացող` հաշվի առնելով Թուրքիայի զարգացումը և այլն` այդ ամբողջ պատմությունը: Եվ ինչո՞ւ եմ ասում` փոշմանեցի, որովհետև ես տեսնում եմ, որ մենք ինքներս ճիշտ որոշումներ չենք կայացրել, և մենք առաջին հերթին ինքներս չենք օգնում մեզ մաքսիմալ ձևով, որ հետո դեռ ինչ-որ ուրիշներից պահանջենք օգնություն: Ցավոք սրտի, շատ անգամ իրականությունից կտրված ենք, որովհետև չի կարող պատահել, որ պատմության ընթացքում մենք անընդհատ ենթարկվում ենք ինչ-որ խնդիրների, և միշտ մեղավոր են ուրիշները, չի կարող պատահել: Չի կարող պատահել, որ մեղավոր են թուրքերը, ռուսները, այն ժամանակ Սովետական Միությունը:
Մենք միշտ զոհ ենք, մեզ միշտ չեն սիրում, հայերը եթե ինչ-որ բանի չեն հասնում, մեղավոր են հրեաները, որովհետև չեն աջակցում կամ խանգարում են: Այդպես չի կարելի ապրել, որովհետև դա ուղղակի խուսափել է քեզ հայելու մեջ նայելուց»:
Վերջին անգամ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանում էր 3 տարի առաջ` հեղափոխությունից հետո: «Ազատության» հետ զրույցում խոսել էր իր երազանքերի մասին: Տղան` Հայկը մեկ տարեկան էր այդ ժամանակ, դուստրը դեռ չէր ծնվել: Մտածում էր՝ գուցե ճիշտ ժամանակն է տեղափոխվել Հայաստան: Հիմա հետհեղափոխական Հայաստանի մասին դժվարանում է նույն վստահությամբ խոսել. «Խոսում էինք Հայկի և Ամալյայի մասին: Իհարկե, առաջին հերթին մարդ փորձում է ապահովել, որ անվտանգության մեջ երեխաները մեծանան, բացի դրանից, որ պոտենցիալ ունենա երկիրը, որտեղ իրենք մեծանում են: Հիմա ես չգիտեմ` ինչ մասնագիտությամբ են զբաղվելու, բայց այսօրվա Հայաստանում ես դա, ցավոք սրտի, դժվար եմ տեսնում: Բայց համենայն դեպս, այն ժամանակ իմ մեջ այդ հույսն արթնացել էր, ոնց որ ես կարծում եմ` շատ քաղաքացիների, հայերի մեջ, բայց դա չի փոխում, իհարկե, այն ցանկությունը: Ինձ թվում է` մենք դրա մասին էլ ենք խոսացել:
Ես խոսել եմ դպրոց ստեղծելու մասին` ակադեմիա ստեղծելու մասին: Ես միևնույն է` հաշվում եմ, որ քանի որ քաղաքական այդ ամբողջ ոլորտից ես այսօր շատ մեծ հույս, ցավոք սրտի, չեմ տեսնում, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում եթե մենք մեզ հայ ենք համարում, բոլորս, ով կարող է, այդ հնարավորությունն ունի, պետք է փորձի լավագույնը անել»:
Սերգեյ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց գուցե մի օր Հայաստանում կբացվի, բայց ոչ թե գործողների նմանությամբ, այլ՝ կոնցեպտուալ առումով լրիվ այլ կրթական մոդելի առաջարկով։ Դա ջութակահարի մեծ գաղափարներից մեկն է, իսկ ավելի շոշափելի ծրագերից, ասաց, առաջիկայում թերևս նոր համերգ լինի։