Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական ուժի ամրապնդման հարցը և ընդգծել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման կարևորությունը Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ Բայդենը և Շոլցը համաձայնել են, որ իրավիճակը Ուկրաինայում պետք է գնահատել որպես «չափազանց լուրջ», քանի որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վտանգը դեռ պահպանվում է։
Միացյալ Նահանգների և Գերմանիայի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ներկայիս ճգնաժամի դիվանագիտական լուծումը շարունակելու անհրաժեշտության մասին։