Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը այս պահին օրակարգում չէ․ Գերմանիայի կանցլեր


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ ասուլիսը Կիևում, 14-ը փետրվարի, 2022թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ ասուլիսը Կիևում, 14-ը փետրվարի, 2022թ․

Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը այս պահին օրակարգում չէ։ Այդ մասին նախօրեին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարեց Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

«[Ուկրաինայի] դաշինքին անդամակցության հարցը գործնականում չի քննարկվում։ Դա է պատճառը, որ բավական տարօրինակ է, երբ Ռուսաստանը քաղաքական բարդություններ է սկսում հարուցել մի հարցի շուրջ, որը գործնականում դուրս է օրակարգից», - հայտարարում էր Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ ասուլիսի ընթացքում Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ պաշտոնական Կիևը Դոնբասում խնդրում պատրաստ է որոշակի ընդառաջ քայլերի դիմել։

«Նախագահ Զելենսկին ինձ հավաստիացրեց, որ Ուկրաինան քննարկման կներկայացնի [Դոնբասի] հատուկ կարգավիճակի և այնտեղ տեղական ընտրությունների անցկացման մասին օրինագծերը», - հայտարարում էր գերմանական կառավարության ղեկավարը՝ միաժամանակ հայտարարելով, որ պաշտոնական Բեռլինի համար Ուկրաինայի միասնականությունը կարևորագույն նշանակություն ունի։

«Ցանկանում եմ այստեղ՝ Կիևում, մեկ անգամ ևս հստակորեն հայտարարել՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Գերմանիայի համար քննարկման ենթակա հարցեր չեն։ Դրա հետ մեկտեղ, մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի ներկա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Գերմանիայի կառավարության դիրքորոշումը հստակ է՝ Ուկրաինայի դեմ հետագա ագրեսիան Ռուսաստանի համար լրջագույն քաղաքական, տնտեսական և աշխարհքաղաքական հետևանքներ կունենա», - պնդում էր Գերմանիայի դաշնային կանցլերը, որն, ի դեպ, այսօր ժամանում է Մոսկվա՝ Ռուսաստանի ղեկավարների հետ ուկրաինական ճգնաժամը քննարկելու նպատակով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, օգտվելով Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի հնարավորությունից, երեկ իր դժգոհությունն արտահայտեց արևմտյան մի շարք պետությունների` նախևառաջ Միացյալ Նահանգների գործողություններից։ Դժգոհության հիմնական առիթը պաշտոնական Վաշինգտոնի՝ հանգստյան օրերին կայացրած այն որոշումն էր, որի համաձայն Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան անձնակազմը Կիևից վերատեղակայվում է Լվով։

«Որոշ դեսպանատների տեղափոխումը Արևմտյան Ուկրաինա մեծ սխալ է։ Դա իրենց որոշումն է, սակայն պետք է նշեմ, որ Արևմտյան Ուկրաինա գոյություն չունի,գոյություն մեկ, միասնական Ուկրաինա։ Եթե, Աստված մի արասցե, հանկարծ մի բան պատահի, լարվածությունն ամենուր է լինելու», - զգուշացնում էր Ուկրաինայի նախագահը։

XS
SM
MD
LG