Մատչելիության հղումներ

«Զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է կայացվել». Պուտին


«Զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է կայացվել», - Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդների միջև բանակցություններին հետևած համատեղ մամուլի աուլիսին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատերա՞զմ է ուզում, Պուտինը պատասխանել է. «Իհարկե, ոչ։ Հենց դրա համար էլ մենք ներկայացրել ենք առաջարկներ, որոնք նախատեսում են բանակցություններ, որոնց արդյունքը պետք է լինի բոլորի, այդ թվում` մեր երկրի համար անվտանգության հավասար ապահովման շուրջ պայմանավորվածությունը»:

Պուտինը հերթական անգամ ներկայացրեց ռուսական դիրքորոշումը` ասելով, թե առանցքային հարցերի շուրջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը ռուսական առաջարկներին Կրեմլին չեն գոհացրել, սակայն կան կետեր, որոնց շուրջ ռուսական կողմը համաձայն է բանակցել։

Թերևս, ամենաուշագրավը այսօրվա ասուլիսին Դոնբասի անջատականների հանրապետությունների անկախությունը ճանաչելուն վերաբերող Պետդումայի ընդունած փաստաթղթի մասին հարցին Պուտինի պատասխանն էր։ Նա չի ասել, թե Մոսկվան պատրաստվում է ճանաչել այդ հանրապետությունների անկախությունը` շեշտելով, թե ակնկալում է, որ ճգնաժամը կարգավորելու համար Արևմուտքը կստիպի Կիևին կատարել Մինսկի համաձայնագրերը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Կիևը նման քայլի չգնա, և արդյոք Մոսկվան կճանաչի՞ ինքնահռչակ հանրապետությունները, Պուտինը չի ասել, սակայն պնդել է, թե Ռուսաստանի գերակշռող մեծամասնությունը համարում է, որ Դոնբասի հանրապետությունների անկախությունը պետք է ճանաչել. «Մեր երկրի բնակչության գերակշրող մեծամասնությունն աջակցում է Դոնբասի բնակիչներին և հուսով է, որ իրավիճակը կփոխվի»։

Պետդուման լիագումար նիստի ժամանակ այսօր կողմ է քվեարկել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին որոշման նախագծին։ Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, թե փաստաթուղթն անհապաղ կուղարկվի նախագահ Պուտինին։

Դոնբասի հանրապետությունները ճանաչելու գործընթացը նախաձեռել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը։ Ռուսաստանցի վերլուծաբանները գրում են, որ Պետդուման ինչպես միշտ գործում է Կրեմլի թելադրանքով, սակայն Կրեմլը հրապարակավ գոնե զգուշավորր հայտարարություններ է անում այս թեմայով: Ամեն դեպքում դիտորդներն արձանագրում են, թե անջատականների հանրապետությունների ճանաչումը Մոսկվայի կողմից հնարավոր սցենարներից մեկն է, և Կրեմլում այսօր փորձում են հասկանալ, թե ինչպես կարձագանքի Արևմուտքը, և ինչքան կոշտ կլինեն անխուսափելի պատժամիջոցները։

Ի դեպ, հետևելով Ֆրանսիայի առաջնորդի օրինակին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը ևս հրաժարվել է Մոսկվայում կորոնավիրուսի թեստ հանձնել և Պուտինի հետ այսօր բանակցում էր շատ երկար սեղանի շուրջ:

Վարժանքներն ավարտվում են. ՌԴ ՊՆ

Ինչ վերաբերում է զորքերը ետ քաշելուն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել է, թե Արևմտյան և Արևելյան ռազմական օկրուգի ստորաբաժանումները Բելառուսից վերադառնում են իրենց նախկին տեղակայման վայրեր։ Մոսկվան նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են տեղաշարժվում տանկերի և այլ զրահատեխնիկայի շարասյուները։

Վարժանքներն ավարտվում են, հայտարարել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Մարտական պատրաստության աշխատանքների մի մասն արդեն ավարտվել է, և զորքերն, ինչպես միշտ, այսօրվանից սկսում են վերադառնալ մշտական տեղակայման կետեր», - ասել է Կոնաշենկովը։

Դեռ հստակ չէ՝ այս տեղաշարժից հետո կոնկրետ քանի զինվոր է շարունակում մնալ Բելառուսի տարածքում, և արդյոք Մոսկվան պատրաստվում է ետ քաշել նաև հարյուր հազարանոց զորքը, որ կենտրոնացրել էր Ուկրաինայի սահմանների մոտ։

Ուկրաինայում և ՆԱՏՕ-ում դեէսկալացիայի նշաններն չեն տեսնում

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հոռետես է և դեէսկալացիայի նշաններ դեռ չի տեսնում․ «Մենք շարունակաբար տարբեր հայտարարություններ ենք լսում Ռուսաստանի Դաշնությունից, բայց մենք մի օրենք ունենք՝ հավատում ենք տեսածին։ Երբ տեսնենք զորքերի ետքաշում, այն ժամանակ կհավատանք դեէսկալացիային»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես այսօր հայտարարել է, թե նշաններ, որ ռուսական զորքերի մի մասը ետ է քաշվում Ոկրաինայի հետ սահմանի մոտից, դաշինքը չի տեսնում, սակայն փոխարենը տեսնում է երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն Ռուսաստանի կողմից։

Արևմուտքը, ինչպես և Մոսկվան հայտարարում է, որ բանակցությունների միջոցով ուկրաինական այս աննախադեպ ճգնաժամը կարգավորելու հնարավորություն դեռ կա։

Դրան զուգահեռ, սակայն երեկ Վաշինգտոնը հայտարարեց, թե ամերիկյան դեսպանությունը ժամանակավորապես Կիևից տեղափոխում է երկրի արևմտյան մաս՝ Լվով` ռուսական հնարավոր ներխուժման մասին լուրերի ֆոնին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG