78 օր է պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը չկա, անհետացել է Նախիջևանի սահմանագծի դիրքերից։
«Նստում եմ՝ մտածում եմ, պառկում եմ՝ մտածում եմ... Մտածմունքս էդ ա՝ ինչ կարա լինի, ոնց կարա լինի։ Ուղղակի էս Պաշտպանության նախարարության լռելը, էս բանակի լռությունը ինձ արդեն շատ ա հունից հանում», - ասում է Վահեի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը։
Նա պատմում է, որ ամուսնուն նոյեմբերի 12-ի վաղ առավոտյան ճանապարհել է հերթափոխի։ Ի դեպ, սա 33-ամյա պայմանագրայինի վերջին հերթափոխն էր, զինծառայության եռամյա ժամկետը լրանում էր։ Նույն օրը կեսօրից հետո հետը խոսել է հեռախոսով. - «Մեծ տղայիս ա ուզել, մեծ տղայիս։ Ասեցի՝ էրեխեն դուսն ա, դուս գա՞մ կանչեմ։ Դուս էկա, կանչեցի, էրկու րոպե էլ չէր անցել, նորից հետ զանգեցի, արդեն անհասանելի էր»։
Կինը ոչ մի վատ բան չի մտածել, երեկոյան ռազմական ոստիկանության աշխատակիցներն են տուն եկել՝ թե զինծառայող ամուսինդ չկա։
Լիանան Վայքի զորամաս է գնացել ու մի քանի բան պարզել. Վահեն իրենց դիրքից մեկ այլ դիրք է գնացել ծառայակցի համար ուղարկված ծանրոցը վերցնելու։ Ծանրոցը վերցնում է, բայց տեղ չի հասնում։ Լիանայի տեղեկությամբ, այդ երկու հայկական դիրքերից մի քանի հարյուր մետրի վրա ադրբեջանական հենակետն է. - «Ինքը ներքևի պոստից բարձրացել ա վերևի պոստ։ Վեշը վերցրել ա, կոֆա ա խմել։ Հետ ա էկել, ճանապարհի կեսից չկա արդեն։ Իրա հետ էրկու հատ շուն ա էղել, շները հետ են էկել, ինքը հետ չի վերադարձել»։
Ահա այն ամենը, ինչ հայտնի է ընտանիքին։ Ծառայակիցներն էլ ոչինչ չեն ասում։
Երկու ամսից ավելի անհետացած զինծառայողի մասին Պաշտպանության նախարարությունը որևէ հաղորդագրություն չի տարածել։ Անցյալ շաբաթ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բարձրաձայնեց այս մասին ու Պաշտպանության նախարարին դիմեց ՝ գերիների, ոչ մարտական պայմաններում զոհերի ու սահմանից անհետացող զինծառայողների հարցը համարելով մտահոգիչ ազդակ զինված ուժերում տիրող իրավիճակի մասին. - «Պարզաբանեք, թե ինչու երկրորդ անհետացման դեպքի հետ կապված պաշտոնական հաղորդագրություն չի եղել»։
«Այստեղից բարձրաձայնելու նոր բան չեմ կարող ասել։ Մնացածը Քննչական կոմիտեի շրջանակներում կարող եք ստանալ ինֆորմացիան։ Հանդիպման ժամանակ կարող ենք ավելի մանրամասն խոսել», - արձագանքել էր Սուրեն Պապիկյանը։
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել դասալքության՝ զինծառայությունից խուսափելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով։ Գործը գտնվում է նախաքննության փուլում։
Զինծառայողի կինը տարակուսած է. ամուսինը ծառայում էր սիրով ու մտադիր էր նոր պայմանագիր կնքել ծառայությունը շարունակելու համար. - «Ինքը եթե ինքնակամ պոստը լքեր, նորից երեք տարով չէր երկարացնի։ Ինքը պատերազմի մասնակից էլ ա, ինքը վիրավորում էր ստացել ոտքից։ Բուժվեց, ոտքի կանգնեց, իրա էրեխեքի համար աշխատում էր...»։
Լիանան ցույց է տալիս Վահեի անձը հաստատող փաստաթուղթը, աշխատավարձի քարտը, այս ամենը տանն է։ Այդ ո՞ւր պետք է ինքնակամ հեռանար, հարցնում է Լիանան։ Այդ օրն էլ տնից դուրս է եկել լավ տրամադրությամբ. - «Ժամանակից շուտ հելել ա, սապոգները մաքրել ա, շորերը հագել ա, մազերը կտրել ա՝ շարային ստուգատես ուներ։ Թրաշված, ակուրատնի, ամեն ինչը տեղը տեղին գնացել ա»։
Կինը ոչ մի կասկած չունի՝ Վահեն ծառայության վայրը ինքնակամ չի լքել. - «Կամ գերի ա ընկել ադրբեջանական ռազվեդկայի կողմից, կամ իրան միտումնավոր սպանած լինեն չգիտեմ մեր կողմից, թե իրանց կողմից»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից Լիանային տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմը գերեվարման հանգամանքը չի հաստատում, պետք է կրկնակի հարցում անեն։
Լիանան ու Վահեն երեք փոքր երեխաներ ունեն ՝ Արմանը, Ալենը և Դավիթը։ 29-ամյա կինը երեք երեխաների հետ մնացել է անորոշության մեջ։ Ամուսնու աշխատավարձը շատ պարտաճանաչ ընդհատել են, նոյեմբեր ամսվա համար ընդամենը 60 հազար դրամ փոխանցել են ու վերջ։ Աշխատավարձը 180 հազար դրամ էր. - «Զինվորն անհետ կորած, ճակատագիրը չի որոշված, մարդիկ հարսանիք են անում... ու չգիտեն էսօր զինվոր էրեխու վիճակը, որ դաժե աշխատավարձն են կասեցրել, չեմ կարողանում ստանամ»։
Լիանան երեկ է անապահովության նպաստն ստացել ու դեռ մտածում է, թե որ մի հոգսը հոգա. - «34 հազար ա... չգիտեմ տան վա՞րձը տամ, կոմունա՞լը տամ, թե՞ որն անեմ»։
Որևէ գերատեսչությունից, սոցիալական որևէ ծառայությունից անհետացած զինծառայողի ընտանիք չեն մտել, չեն հետաքրքվել։
Լիանան է բազմաթիվ դիմումներ գրում։ Եղեգնաձորի համայքնապետարանից դիմումներից մեկին պատասխանել են մակարոնեղեն-հնդկաձավարով։