Մատչելիության հղումներ

«Տունս կքանդվի, սենց կործանում կերթա իմ ընտանիքը»․ Խծաբերդից գերեվարվածի մայր


Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ, արխիվ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ, արխիվ

Ադրբեջանական գերության մեջ գտնվող մի քանի տասնյակ հայ գերիներ այս տարվա մեջ առաջին անգամ, Կարմիր Խաչի միջնորդությամբ, հնարավորություն են ունեցել կապվել իրենց ընտանիքի անդամների հետ։

Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող շիրակցի պահեստազորայիններից մեկի ընտանիքի համար այս նամակներն ու կարճ տեսագրություններն են ցավը մեղմելու միակ միջոցը։ «Ազատության» հետ զրույցում, անունը չհրապարակելու պայմանով, պահեստազորայինի մայրը պատմեց, որ այս անգամ որդուց նամակ ու տեսագրություն են ստացել։

«Նամակներում՝ «սպասեք, անպայման գուքամ, դուք լավ էղեք, ուժեղ էղեք», - պատմում է կինը։

Որդին գերեվարվել է 44-օրյա պատերազմից հետո Հադրութի շրջանի՝ այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ գյուղի տարածքից։ 29-ամյա պահեստազորայինի ընտանիքն առաջին անգամը չէ, որ նամակներ և տեսագրություններ է ստանում Ադրբեջանից։ Արդեն մոտ մեկ տարի է՝ կապի տարբեր միջոցներով են տեղեկանում տղայի մասին, որին ադրբեջանական դատարանները «ահաբեկչության» համար դատապարտել են 4 տարվա ազատազրկման։

Մայրը նկատում է, որ վերջին երեք տեսագրություններում որդու տեսքը լավը չէ։ «Ճիշտ է, բռնությունների չի ենթարկվել, բայց կարոտը մաշում է բոլորիս էլ», - արտասվելով պատմում է նա, - «Էլ սպասելու տեղ չունիմ, քշեր-ցերեկ էլ չեմ քնի, արդեն հոգեկան խանգարված ենք հիվանդանոցի։ Էլ, չեք պատկերացնի, էրեխեն տարի 9 ամսըկան կէղնի արդեն, էրեխուն նկարով ցույց կտանք, որ «պապադ է», զանգինք ձենը կլսենք, որ չսպասի։ Տունս կքանդվի, սենց կործանում կերթա իմ ընտանիքը»։

«Արդեն քանի վիդեո, քանի վիդեո, մի իրեք անգամ վիդեոյի մեջ ինքը փոխվում ա անընդհատ դբա վատը՝ նիհարած, մեծացած՝ իրա տարիքի համեմատ մեծացած։ Վատ չեն վերաբերվում, ուղղակի սպասումն ու կարոտն ավելի շատ, թե չէ երևի հաստատ վատ չեն վերաբերվում», - նշեց կինը։

Կարմիր Խաչի միջազգայի կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մոտ մեկ տարի է, ինչ կապն ապահովում են նաև տեսագրությունների միջոցով, ընթացքում պարբերաբար ծանոթանում են նրանց պահման պայմաններին, իրենց դիտարկումները ներկայացնում ադրբեջանական իշխանությանը։

«Ինչպես այս ընթացքում, այնպես էլ այս անգամ նույնպես՝ մեր կազմակերպության ներկայացուցիչները կարողացել են գնահատել պահման պայմանները, առողջական վիճակը բոլոր անձանց, որոնց տեսակցել են, իրականացնել առանձնազրույցներ և տվել են հնարավորություն՝ պահել կապը ընտանիքների հետ։ Եվ օգտագործվել են այս ընթացքում կապի տարբեր միջոցներ՝ Կարմիր Խաչի նամակներ, տրվել է հնարավորություն՝ կատարել հեռախոսազանգեր և ձայնագրել տեսաուղերձներ։ Նույնությամբ այդ տեսաուղերձները փոխանցվել են ընտանիքներից՝ մեր պատվիրակների միջոցով, գերեվարված անձանց», - մանրամասնեց Ամատունին։

Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչը չի հրապարակում տվյալներ, թե այս ամիս քանի գերու են այցելել, նրանցից քանիսն են խնդիրներ ունեցել, ինչպես են դրանք հարթվել՝ այդ ամենը արվում է առանց հրապարակայնացնելու․ - «Մենք չենք հրապարակում հանրայնորեն որևէ տվյալներ՝ կապված անձանց հետ՝ թե՛ իրենց թվի հետ և թե՛, ավելի բովանդակային առումով, թե ինչպիսին ենք մենք գտել պահման պայմանները կամ առողջական վիճակը, քանի որ այս հարցերը, լինելով մեր ուշադրության կենտրոնում, այնուամենայնիվ, գտնվում են մեր կազմակերպության և պահող իշխանությունների փակ, կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում»։

Ադրբեջանի տվյալներով՝ այս պահին իր հսկողության տակ 46 գերի կա, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG