Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատրաստակամ է սերտորեն աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հակամարտությունը հաղթահարելու գործում, Շառլ Միշել


Եվրոպական խորհրդի նախագահը վստահեցրել է երկու երկրների ղեկավարներին Եվրամիության պատրաստակամության մասին՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հակամարտությունը հաղթահարելու, համագործակցության և վստահության մթնոլորտի ստեղծման գործում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որն ի վերջո կամրագրվի համապարփակ խաղաղության համաձայնագրով։

Վարչապետ Փաշինյանը և Նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները հարգվելու են, և որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնությունները պետք է ամրապդնվեն, ասել է Շառլ Միշելը։

Նա բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու համար։

Մասնավորապես, ընդունվել է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատումը՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանը և դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով տեղում լարվածության թուլացմանը:

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ առանցքային հումանիտար խնդիրների լուծումը վճռորոշ նշանակություն ունի։

Նա ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից տասը հայ կալանավորների ազատ արձակումը և ականազերծման մնացած բոլոր քարտեզների հանձնումը Հայաստանի կողմից՝ կոչ անելով արագ լուծել մնացած բոլոր հումանիտար խնդիրները, ինչպիսիք են կալանավորների հետագա ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագիրը, ընդգծելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահության և խաղաղությանը միջավայրի ստեղծմանը:

ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն և օգնություն հակամարտությունից տուժած բնակչությանը: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ասել է նա։

Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել՝ տեղում լարվածությունը նվազեցնելու՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։

Շառլ Միշելը և՛ Երևանին, և՛ Բաքվին կոչ է արել բարեխղճորեն և ակտիվորեն աշխատել դեէսկալացիայի ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման էական տարր է։ ԵՄ-ն կտրամադրի փորձագիտական առաքելություն/խորհրդակցական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ երկու երկրներին տրամադրելով տեխնիկական աջակցություն:

Նախագահ Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը, միևնույն ժամանակ լիովին հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին:

Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել մնալ կապի մեջ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG