Մատչելիության հղումներ

Երևանը հաստատեց 8 գերիների վերադարձը՝ հրապարակելով անունները


Լուսանկարը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, հրապարակել է Եվրամիության պատվիրակությունը
Լուսանկարը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, հրապարակել է Եվրամիության պատվիրակությունը

Պաշտոնական Երևանը հաստատեց Ադրբեջանից 8 գերիների վերադարձի փաստը՝ հրապարակելով նրանց անուն-ազգանունները․

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ

Հայաստանի արտաքին գաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։

«Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ միջնորդությամբ այսօր՝ 2022 թվականի փետրվարի 7-ին, ևս ութ հայ զինծառայողներ ազատ են արձակվել և ապահով ժամանել են Երևան», - իր հերթին հաղորդում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը։

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել ևս 8 հայ զինվորների՝ նշելով, որ նրանց թվում կան նաև 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալվածներ։

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերում գրել է․ - «Ադրբեջանի կողմից 8 հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու հայրենադարձումը Ֆրանսիայի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանս հաջորդած դրական զարգացումների ևս մեկ նշան է։ Եվրամիությունը սատարում է կայունությունը և բարգավաճումը տարածաշրջանում»։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էլ, նույնպես Թվիթերում, գրել է․ - «Ութ հայ ձերբակալվածներ ազատ արձակվեցին Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվեցին Երևան։ Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից բաժանվել էին ամիսներ առաջ։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորականներին։ Շարժվում ենք առա՛ջ»։

Թվիթերում գրառում է կատարել նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․ - «Ողջունում ենք հայաստանցի ձերբակալվածների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից։ Կարևոր մարդասիրական ժեստ, որ հետևում է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի՝ ուրբաթ օրը կայացած քառակողմ հանդիպմանը»։

Այսպիսով՝ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 149 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ:
XS
SM
MD
LG