2021-ի նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունների դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը երեք անձի՝ շրջանի պատասխանատուի, դիրքի ավագի և դիտորդի մասով ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։
Ըստ Քննչական կոմիտեի, պարզվել է, որ մայոր Գ.Գ.-ն, նոյեմբերի 16-ին, իրականացնելով զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու և ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում գումարտակի պահպանությանը հանձնված տեղամասում, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե.-ն նույն ժամանակ ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում որպես դիրքի ավագ, իսկ պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ն իրականացնելով մարտական դիրքի դիտորդի պարտականությունները, խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ։
Ըստ այդ, ինչպես Կոմիտեն է նշում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ, մարտական դիրքում գտնվող ընդհանուր 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են հակառակորդի կողմից, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը, համապատասխանաբար, նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին։ Գերեվարված զինծառայողներից 8-ը հետագայում վերադարձվել են, ևս 3 ռազմագերիներ դեռևս պահվում են Ադրբեջանում:
Գ.Գ.-ին, Ն.Ե.-ին և Ս.Մ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) 3-րդ մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։