Մատչելիության հղումներ

«Պետք է ձգտել նոր եռակողմ փաստաթղթի, որտեղ արտացոլված կլինեն մեր կենսական շահերը». Սաղաթելյան


«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատավճիռ չէ։ Դա անընդունելի, բայց կայացած փաստ է։ Պայմանագրերն ապրում են այնքան, որքան ապրում են նրանց ծնունդ տվող պայմանները, կփոխենք պայմանները, կփոխվի իրավիճակը։ Պետք է ձգտել նոր եռակողմ փաստաթղթի, որտեղ արտացոլված կլինեն մեր կենսական շահերը»,- Հայ հեղափոխական դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը հայտարարեց կուսակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, շարունակելով՝ իրենց պատկերացմամբ՝ ելքը Հայաստանում, Արցախում և սփյուռքում համազգային դիմադրության ձևավորումն է։

«Դիմադրությունը, որը պետք է համահայկական միասնականությամբ վիժեցնի Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափության գործի դրած ծրագիրը, դիմադրություն, որ պետք է ուղղված լինի մեր թշնամիներին և նրանց սպասարկող ուժերին, դիմադրություն մեր պետականությունը կազմաքանդող ուժերին, դիմադրություն մեր հայրենիքը հերթական անգամ պարտության և աղետի տանող օրակարգին, դիմադրություն որը ամբողջ աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդյունքները դատավճիռ չեն», - հայտարարեց Սաղաթելյանը։

Իսկ թե ինչպես են հասնելու նոր եռակողմ փաստաթղթի, մինչ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների մեծ մասն արդեն կյանքի են կոչվել, մյուսների շուրջ էլ բանակցություններ են ընթանում, խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակն իր ելույթում չհստակեցրեց։ «Ազատությանը» չհաջողվեց նրանից հավելյալ մանրամասներ պարզել։

Դաշնակցության 131-ամյակին նվիրված հանդիսությանը ներկա էին Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, այլ ուժերի ներկայացուցիչներ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի մաս կազմող Դաշնակցության ղեկավար անդամը այսօր խոսեց նաև փողոցային պայքարի մասին՝ չհստակեցնելով, թե երբ են մտադիր սկսել այն։

«Հայաստանի, Արցախի, սփյուռքի բոլոր պատասխանատու քաղաքական ուժերը, պահանջատեր երիտասարդությունը, պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու, հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ փողոց և պայքարել։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է, Սյունիքը չի զիջվելու, Հայաստանը չի թուրքացվելու, Արցախը վերականգնվելու է», - ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Համազգային դիմադրության մասին Սաղաթելյանը առաջին անգամ չէ, որ խոսում է։ Դրա մասին հայտարարել էր նաև նախորդ տարվա նոյեմբերի 8-ի հանրահավաքի ընթացքում՝ ասելով, թե այն պետք է ունենա 2 ճակատ՝ արտաքին և ներքին։ Ի՞նչ գործողություններ է ենթադրում համազգային դիմադրությունը։ Դաշնակցությունից ասում ե՝ պայքարը բազմաշերտ է՝ թե՛ փողոցային, թե՛ քաղաքական։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո սկսած փողոցային պայքարը ընդդիմադիր ուժերը դադարեցրեցին անցած տարվա խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Այդ ուժերից երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը և Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ»-ը անցան խորհրդարան։

XS
SM
MD
LG