Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որն ունի բավարար թվով ձայներ երկրի նախագահի թեկնածու առաջադրելու համար, առայժմ չի քննարկել այդ հարցը։
Առաջադրումներն ավարտվում են շաբաթավերջին, իշխանության թեկնածուն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է։
Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը թեկնածու առաջադրելու համար չունի բավարար թվով ձայներ։
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը միայն շտապել է հայտնել, որ երկրորդ նախագահը չի լինի իրենց թեկնածուն, պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց՝ մինչև երեկ՝ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարելը, հարցին չեն անդրադարձել։
«Հնգօրյա ժամկետ կա՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ, կոնկրետ թեկնածու, կամ ոչ՝ եկեք այդքան ժամկետը սպասենք և անպայման կտեղեկացնենք հանրությանը մեր դիրքորոշման մասին։ Քննարկումը կլինի հենց կարճ ժամանակահատվածում առաջիկայում, կարծում եմ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Վարդևանյանը։
Թեկնածու առաջադրելու դեպքում էլ ընդդիմությունը, անգամ եթե երկու խմբակցությունները միավորվեն, չունի բավարար ձայներ՝ նախագահ ընտրելու համար։ Փոխարենը՝ կարող են աջակցել կամ խափանել Վահագն Խաչատրյանի ընտրությունը առաջին փուլում, որի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ը նույնպես չունի բավարար ձայներ։
«Երբ ես տեսա, թե ով է թեկնածուն, կներեք, ես չեմ կարող կողմ քվեարկել՝ զուտ նրանից ելնելով, որ ես Սահմանադրության այդ հոդվածները, Սահմանադրության՝ նախագահի ինստիտուտի առաքելությունը հարգում եմ։ Եթե նույն անձը չլիներ քաղաքական թիմի անդամ, չլիներ որոշակիորեն փոխկապակցված, ես, օրինակ, այսպիսի գնահատական այս փուլում չէի հայտնի», - հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Այդուհանդերձ, ոչ «Հայաստան»-ը, ոչ էլ «Պատիվ ունեմ»-ը դեռ չեն հայտնում խմբակցության որոշումը՝ հնարավո՞ր է կողմ քվեարկեն Վահագն Խաչատրյանին։
«Երբ ես լսեցի՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք արդեն իսկ դիտարկում են երկրորդ փուլով ընտրվելու հարցը՝ իրենց հնարավոր թեկնածուի, դա ինձ չափազանց անհանգստացնող թվաց։ Սահմանադրությունը պատահական չէ, որ նախատեսել է, որ նախագահը պետք է ընտրվի 3/4-ով՝ որպեսզի նախագահը լինի անկախ, լինի վերկուսակցական և վայելի նման վստահություն՝ դա կլինի հենց իր անկախության երաշխիքը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։