Սնանկ քաղաքական օրակարգ, ասելիք չունեցող իշխանություն ու ընդդիմություն, Հայ Ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասում է՝ դրա հետևանքն է հասարակությունը ժամանակ առ ժամանակ տեսնում օրենսդիրում։
Ազգային ժողովի նախկին պատգամավորը խորհրդարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին «գյադայական ինքնահաստատում» բնորոշումն է տալիս։ Նկատում՝ սա առաջին նման միջադեպը չէ նոր Ազգային ժողովում։
«Սա քաղաքական կյանքի, քաղաքական պայքարի դեգրադացիան է, լակոտացումը, ես կասեի, կամ գյադայացումը», - ասաց Հայ Ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահը:
Զուրաբյանը չի հիշում մի դեպք, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման օրոք կամ էլ արդեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ երկրի համար ամենալարված իրավիճակներում խորհրդարանում բանը հասներ բռունցքներին ու հայհոյանքներին:
«Լուրջ պայքար է գնացել, հակամարտությունը ամենաբարձ ջերմաստիճանի էր հասնում, բայց երբեք, մենք գոնե և՛ որպես իշխանություն, և՛ որպես ընդդիմություն քաղաքական պայքարը չենք շեղել քաղաքական գաղափարների պայքարից, տեսակետների պայքարից», - նշեց նա:
Ազգային ժողովի դահլիճից դուրս իշխանականների ու ընդդիմադիրների միջև երեկվա ծեծկռտուքին սուր է նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի արձագանքը. փողոցային բարքերը խորհրդարան են հասել, ասում է իրավապաշտպանը. - «Լսել եմ, չէ՞ էդ սեռական բնույթի հայհոյանքները, դա ի՞նչ խորհրդարան է։ Էդ պատգամավորներին զգուշացնո՞ւմ են, որ խորհրդարանում չի կարելի հայհոյել»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պնդում են՝ ծեծը իշխող ուժն է կազմակերպել ու սադրել, դրան նաև իշխանական պատգամավորներն են մասնակցել: «Հրաչյա Հակոբյան, Վահագն Ալեքսանյան, Ռուստամ Բաքոյան, Արմեն Խաչատրյան, մնացածներին չեմ հիշում», ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմադիրները քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտություն են տեսնում։
«Նախ քաղաքական լուծման առումով իշխանությունը կոնկրետ քայլ ունի անելու, սկսած դատապարտումից, ավարտած կոնկրետ պատասխանատվության միջոց կիրառելու տեսակետից: Երկրորդ՝ ակնհայտ է, որ այս խնդիրը պետք է նաև իրավական լուծում ստանա, հակառակ դեպքում այն կվերածվի ուղղակի անկառավարելի մի գործընթացի», - նշեց Մինասյանը:
ՔՊ-ից հակադարձում են՝ ծեծկռտուքին իրենք չեն մասնակցել, օգնականներն են եղել
«Քաղաքացիական պայմանագրից» հակադարձում են՝ ծեծկռտուքին իրենք չեն մասնակցել, օգնականներն են եղել։ Միջադեպի տեսագրություններում բուն ծեծկռտուքի դրվագը չկա, միայն լսվում է, թե կողմերը ինչպես են ամենաթունդ հայհոյանքները հնչեցնում իրար դեմ։ Իշխանականներն էլ ընդդիմադիրներին են մեղադրում միջադեպի համար։ Կադրերում նաև իշխող ուժի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանն են երևում, միջանցքում կանգնած մյուս գործընկերների հետ։ Մյուս կողմում էլ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներն են։
«Հասել եմ այն պահին, որ աղմուկ էի լսում, մոտեցել եմ մի տղա էր, որի հետ քաշքշուկ էր, ընդամենն իրան գրկել եմ և տարել եմ, ուղեկցել եմ հենց այն դուռը, որտեղ դուք էիք, ասել եմ՝ եղբայր էստեղով շուտ գնա», - ներկայացրեց Գաբրիելյանը:
Իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դատապարտում է միջադեպը՝ առանց հստակեցնելու՝ ովքե՞րն են եղել մասնակիցները, պնդում՝ չգիտի. - «Դատապարտում եմ, ցավալի միջադեպ է, անկախ նրանից ով ուզում է լինի, ուզում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր լինի, ուզում է «Հայաստան» դաշինքից, ուզում է «Պատիվ ունեմ» խմբակցությունից»:
Նախորդ ծեծկռտուքն Ազգային ժողովի նիստերի դահլիճում էր՝ օգոստոսին։ Չնայած կադրերում երևում էին, թե մի քանի իշխանական պատգամավոր իշխանականները ինչպես են հարվածում ընդդիմադիր պատգամավորներին, քրեական գործ հարուցվեց միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծելու դրվագով, հետո էլ այն կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։
Երեկվա միջադեպի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունն է նյութեր նախապատրաստում։ Քննությամբ կորոշվի՝ քրեական գործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ և ինչ հոդվածով պետք է քրգործը հարուցվի։ Դեռևս հայտնի չէ նաև՝ միջադեպի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծվելու է, թե ոչ։