Միջազգային հանրապետական ինստիտուտի նոր հարցման արդյունքները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության վարկանիշը վերջին ամիսների ընթացքում ընկել է, միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ամենադրական գնահատականներն են ստացել:
Հարցերից մեկը եղել է, թե ինչ կարծիք ունեն տարբեր քաղաքական գործիչների մասին: Ի պատասխան` քաղաքացիներն ամենադրական գնահատականները տվել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին (45 տոկոս) և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին (40 տոկոս)։
Նկատենք, որ հարցումները կատարվել են մինչև սահմանային վերջին լարվածությունը` ապրիլի 8-ից մինչ մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Մարտին նույն կազմակերպության հրապարակած հարցումների համաձայն` եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեին, բնակչության 33 տոկոսը կընտրեր իշխող «Իմ քայլը» խմբակցությանը, 3 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանին», 2 տոկոսը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին կքվեարկեր։ Այս հարցման արդյունքներով ևս իշխող կուսակցությունը առաջատարն է ընտրողների նախապատվության ցուցակում, սակայն նրա վարկանիշը նվազել է. հարցին, թե ում օգտին են քվեարկելու հունիսի 20-ի ընտրություններում, միայն 26 տոկոսն է նշել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անունը, մեկական տոկոսն ասել է, որ ձայն կտա ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին, ԼՀԿ-ին, «Հանրապետություն», «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններին։
Քաղաքացիների 55 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին։
Հարցվածների ճնշող մեծամասնությունը (72 տոկոս) ասում է, որ անպայման կամ ամենայն հավանականությամբ մասնակցելու է ընտրություններին:
Համաձայն հարցվածների՝ երկրի կարևորագույն խնդիրներն են քաղաքական անկայունությունը (12 տոկոս), ռազմագերիների վերադարձը (11 տոկոս) և գործազրկությունը (11 տոկոս):