Մատչելիության հղումներ

Արդարության կոչերով Փարաքարի բնակիչներն այսօր հասան կառավարության շենքի մոտ


Մեկ ամսից ավելի է` Փարաքար խոշորացված համայնքի բնակիչները արդարություն են կանչում։ Կոչերն այսօր Փարաքարից տեղափոխվեցին Երևան` կառավարական շենքի մոտ:

«Մարդը 49 տոկոս ձայն է հավաքել, երրորդ տեղ ընկածը գա, ղեկավար կանգնի՞, արդար չի», - ասում են ներկաները, շարունակում. «Իրենք չեն կարողանալու ղեկավարել, իրենք այդքան շնորհք ու հնարավորություն չունեն, որ ղեկավարեն մեր մյուս գյուղերը, որտեղ 5 տոկոս են հավաքել: 5 տոկոս հավաքողը կարա՞ ղեկավարի, հո զոռբայությունով չի»:


«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի կողմնակիցներն են՝ Փարաքարին միավորվող 8 գյուղերի բնակիչներ: Վերջին ընտրություններում 4637 հոգի իր ձայնը Գրիգորյանին է տվել, բայց ավագանու երկու խմբակցություններ` «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Մինասյան» դաշինքը միացան ու ընտրեցին 2227 ձայն ստացած Դավիթ Մինասյանին:

Անարդար է, չեն լռում Գրիգորյանի համախոհները և կառավարություն են բերել ստորագրություններ, որ նոր ընտրություններ նշանակվեն. «Բոլոր համայնքներում ստորագրահավաք է իրականացվել, ու այսօր ստորագրահավաքի մեր թերթիկները` 6000 ձայնից մի փոքր ավելի բերել ենք կառավարություն»:

Նոր ընտրությունները նաև օրենքի պահանջ է, շեշտում է «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը. «Երբշաբաթյա ընթացքում չի ձևավորվել համայնքի ղեկավարի պաշտոնը, ես ամսի 3-ին, 5-ին դիմել եմ կառավարություն` օրենքի այդ կետը հաշվի առնելով, որպեսզի ավագանու լիազորությունները դադարեցվեն, և արտահերթ նոր ընտրություններ նշանակվեն»:

Նույն հարցով նաև վարչական դատարան են դիմել: Փարաքարում համայնքապետի ընտրության հարցը ի սկզբանե դատական վիճարկման թեմա էր, դատարանն անվավեր էր ճանաչել դեկտեմբերին հրավիրված ավագանու նիստի որոշումը: Տարածքային կառավարման նախարարության իրավաբանական վարչության պետ Արամ Խաչատրյանի մեկնաբանմամբ՝ երկշաբաթյա ժամկետ հաշվարկվում է դատարանի որոշումից հետո հրավիրված ավագանու նիստից սկսած, ուստի ըստ նախարարության` արտահերթ ընտրության հիմք չկա։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը պնդում է՝ ավագանու համայնքապետի ընտրության օրակարգով նիստն էլ խախտումներով է անցել. «Նիստը վարել է ոչ տարիքով ամենամեծը, և այս ստորագրահավաքը ևս մեկ անգամ արտացոլում է, որ ընտրողների 60 տոկոսը պահանջում է արտահերթ ընտրություններ և չի ընդունում այդ ընտրության արդյունքները»:

Ավագանին համայնքապետի ընտրության համար մի քանի նիստեր էր հրավիրել, բոլորն անպտուղ, ի վերջո «Մինասյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը», որ առանձին-առանձին Գրիգորյանից պակաս ձայներ էին հավաքել, որոշեցին Փարաքարում իշխել հերթով՝ սկզբում 2.5 տարի Մինասյանը, հետո` «Քաղաքացիական պայմանագրից» Գյուլնազարյանը: Մինասյանը հունվարի 12-ին երդվել է ծառայել համայնքին ու նույն օրն անցել գործի:

Դավիթ Մինասյանն ինքը համարում է, որ իր ընտրության ընթացակարգերում որևէ խախտում չկա, բայց «եթե որոշվի նոր ընտրություններ, խնդրեմ», ասում է նա: Մինասյանը ընտրություններում հաղթել է միայն Փարաքար ու Թաիրով համայնքներում, մյուս 8-ում Վոլոդյա Գրիգորյանն է ավելի շատ ձայներ ստացել: Ասում է՝ այդ գյուղերի բնակիչների բողոքներին զուգահեռ աշխատում է նրանց համար. «Արդեն սուբվենցիոն ծրագրերի հայտերն են գրել, ներկայացրել մարզպետարան, հրավիրել ենք գյուղապետարանների աշխատակազմերի ղեկավարներին, քննարկել ենք, թե որ համայնքում ինչ խնդիր կա, ավելի առաջնական այս տարվա ծրագրերի մեջ ներառել ենք արդեն»:

Փետրվարի 8-ին Փարաքարում ավագանու նիստ է հրավիրվել: «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները ասում են՝ մանդատները վայր չեն դրել, նիստին կմասնակցեն, թե ոչ, դեռ պարզ չէ:

XS
SM
MD
LG