Այսօր տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթի խոսքում նշել է, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին:
«Ուզում եմ արձանագրել, որ այն ծրագիրը, որը 2018 թվականից իրագործվում է Երևան քաղաքում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը պետք է ընդգծեմ՝ մեծամասամբ բխում է «Ելք» դաշինքի Երևանի ավագանու ընտրությունների 2017 թվականի ծրագրից: Եվ զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են Երևան քաղաքում, ահա, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում, որովհետև դեռ 2018 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականը և արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվեն այն նախընտրական ծրագիրը և այն նախընտրական ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարել է, որ Կառավարությունը 2018 թվականից ի վեր, ֆինանսական տարբեր գործիքներով, շուրջ 50 մլրդ դրամի հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին:
Մի փոքր շեղվելով թեմայից Փաշինյանը նշել է. - «Դեռևս մի քանի տարի քաղաքական վերլուծաբանները և տեսաբանները ասում էին, որ Կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը գործում է ինքն իր դեմ: Ի՞նչ նկատի ունեին:
Մենք, ըստ էության, 2018 թվականից ի վեր, եթե Երևանն էլ ներառենք, շուրջ 350 մլն դոլարի ներարկումներ ենք արել տեղական ինքնակառավարման մարմիններ և ստեղծել ենք համակարգ, որը պարտադրաբար համայնքների ղեկավարներին դնում է ընտրողին հանդիման, քաղաքացուն հանդիման, ժողովրդին հանդիման: Եվ դա արել ենք երկու գործիքով: Այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտի՝ առաջինը, որ որևէ մակարդակի ընտրությունների արդյունքները Հայաստանի Հանրապետությունում չեն կեղծվում, երկրորդը՝ մենք սուբվենցիոն համակարգերի ներդրմամբ հստակ ուղերձ ենք հղել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ չի լինելու ՏԻՄ, այսինքն՝ համայնքների զարգացմանը, իրոք, նպաստող որևէ ծրագիր, որ Կառավարության կողմից կմերժվի: Այդ սկզբունքը պահել ենք, պահում ենք և պահելու ենք, երրորդը՝ համայնքների ավագանու նոր ընտրակարգ հանրապետության ամբողջ տարածքում ներդնելով՝ մենք համայնքների գործող ղեկավարներին ինստիտուցիոնալ ավելի մոտիկ ենք դարձրել ժողովրդին, որովեհտև ավագանու անդամների գործունեությունը, ըստ էության, հանրային, հասարակական գործունեության տեսակ է, որի նշանակությունը քաղաքացու և քաղաքապետի կապն ապահովելն է: Եվ այդ կապի՝ ավագանու, ժողովրդի և համայնքի ղեկավարի կապի խզումն ուղղակի ինստիտուցիոնալ առումով անհամատեղելի է»:
Վարչապետն ընդգծել է, որ պետք է շարունակեն պետական ինստիտուտների կայացման այս քաղաքականությունը. «Մենք շարունակելու ենք աջակցել համայնքներին, մենք շարունակելու ենք աջակցել Երևանին, Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետին, ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որ միասին ձևակերպել ենք 2017, 2018 թվականներին»:
Դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայնով քաղաքապետ է ընտրել Հրաչյա Սարգսյանին, ով մինչ այս զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը: 3 քվեաթերթիկ անվավեր է եղել: Ավելի վաղ` ավագանու արտահերթ նիստին, ավագանին անվստահություն էր հայտնել արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: