Մատչելիության հղումներ

Երկարատև քննարկումներից, ծեծկռտուքներից հետո Փարաքարը նորից համայնքապետ ունի


Ծանր ու երկարատև քննարկումներից, ծեծկռտուքներից, անվավեր ճանաչվող ավագանու որոշումներից ու չստացվող բանակցություններից հետո Փարաքարում համայնքապետ ընտրվեց այն թեկնածուն, որ ամենաքիչ ձայնն էր հավաքել ընտրություններում` Դավիթ Մինասյանը: Փարաքարի ավագանին երեկ նիստ է հրավիրել, «Քաղաքացիական պայմանագրի» ու «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ ավագանու 11 անդամներով ընտրել են Մինասյանին: «Ապրելու երկիր» խմբակցությունը 10 հոգով մանդատները վայր են դրել-հեռացել:

«Բանակցությունները չստացվեցին, ինչպես երեկ նշեցի, ես գնահատում եմ, որ հաղթող չկա, մենք բոլորս պարտվեցինք մեծ քաղաքականությանը», - ասում է Փարաքարի ավագանու «Մինասյան» խմբակցության անդամ Գոռ Սարիբեկյանը` հավելելով՝ համերաշխություն փնտրեցին, բայց չգտան: Այժմ պայմանավորվել են՝ համայնքապետի պաշտոնավարման 5 տարիները կկիսեն երկու հավասար մասի՝ սկզբում Մինասյանը կնստի համայնքապետի աթոռին, 2.5 տարի հետո` «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարը` Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Մերձավանցի Գրետա Մանուկյանը դառնանում է՝ այս ընտրությունների հետ մեծ հույս էին կապում, Մերձավանը Փարաքարին միավորվող 8 գյուղերից է: Երեկ տեսան՝ 49 տոկոս ձայն ստացած ուժը` «Ապրելու երկիրը» վայր է դնում մանդատները, իրենք վստահ էին` այդ ուժի համայնքապետի թեկնածուն էլ կընտրվի՝ Վոլոդյա Գրիգորյանը. «Թող նոր ընտրություն անեին, մենք համաձայն ենք, կես-կես` մի տարի մեկը, մի տարի` մյուսը: Խուժանություն է դա: Հիմա մենք մնացել ենք գյուղում անտեր, մեր Վոլոդիկը մեզ տիրություն կաներ, այս տարի աղբի վիճակը չեն էլ լուծել»:

Ռուբեն Հովհաննիսյանն էլ է զայրացած, այնքան, որ ընդունելի է համարում մանդատները վայր դնելու որոշումը, բա ի՞նչ անեին: Գրիգոր գևորգյանը համաձայն չէ. «Պետք չէր վայր դնել, պետք է պայքարեինք մինչև վերջ»:

Փարաքարի հետընտրական գործընթացներում Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները մի քանի անգամ բողոքի ալիք բարձրացրին, երբ պարզվեց, որ «Մինասյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» միավորվել ու 11 մանդատով ցանկանում են իրենց թեկնածուին համայնքապետ դարձնել, իսկ 10 մանդատ ստացած «Ապրելու երկիրը» խաղից դուրս է մնում. «Ի՞նչ եք ուզում, ընտրել ենք, թող անցներ էդ մարդը, թող ստեղ էլ «Ապրելու երկիր» կուսակցությունից» լիներ, սաղ ազգը պիտի ՔՊ լինի՞»:

Ի տարբերություն Փարաքարին միավորվող համայնքների՝ Փարաքար Թաիրովում հիմնականում դժգոհ չեն, որ առաջիկա տարիներին համայնքը իրենց նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն է ղեկավարելու:

Օրենքը տալիս է հնարավորություն ավագանու հաղթած ուժերին միավորվել ու համայնքապետ ընտրել, օրենքը ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Էմմա Թորոսյանը շատ լավ գիտի, բայց անարդարության զգացումը նրան չի լքում. «Գյուղացիները ամբողջ խիստ վրդովված են, որ 49 տոկոս ձայն հավաքած թեկնածուն լինի 3-4-րդ տեղերում, իսկ ընդամենը 5 տոկոս վաստակած թեկնածուն համայնք ղեկավարի»:

Թստ Էմմա Թորոսյանի` այժմ այս 8 համայնքների բնակիչները, որտեղ մեծամասնությունը Վոլոդյա Գրիգորյանին են ընտրել, իրեն արհամարհված են զգում, այդ դեպքում գոնե մանդատները պահպանեին: Ավագանու անդամը խորհրդավոր ակնարկ է անում. «Դրել ենք և չգիտենք` վերջ, թե ինչ-որ բանի սկիզբ»:

Վոլոդյա Գրիգորյանը հարցազրույցից հրաժարվեց, սակայն շեշտեց՝ մանդատներից հրաժարվելու որոշումը հնարավոր է վերանայվի, եթե իր ընտրողները պահանջեն։ Ավագանու «Մինասյան» խմբակցության անդամ Գոռ Սարիբեկյանն ասում է՝ դեռ բաց են համագործակցության համար. «Մենք ուզում ենք եռակողմ կառավարում համահարթեցման սկզբունքով, այսինքն` մենք չենք ուզում մեր համայնքում լինեն որոշակի ցնցումներ»:

«Հանուն համայնքի շենացման ու համերաշխության» այսպիսի խոստումնալից խորագրի ներքո էին երեք ուժերը մինչև մինչև երեկվա ընտրությունը բանակցություններ սկսել, պարզվեց` բանակցել են համայնքապետի կառավարման 5 տարիները երեքի մեջ բաժանելու շուրջ ու համաձայնության չեն եկել հերթականության հարցում:

XS
SM
MD
LG