Մատչելիության հղումներ

Գլխավոր պահանջը թեստի պատասխան ներկայացնելն է. նախարարը` ՍԴ որոշման մասին


Սահմանադրական դատարանն ամբողջ հրամանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա` իր իսկ հրամանը, կանոնը ենթադրում է կորոնավիրուսի թեստի պատասխանի ներկայացում, իսկ թե ով է դրա համար վճարելու, ամրագրված չէ:

Ասուլիսից որոշ հատվածներ ներկայացնում ենք ստորև.

Որևէ պահանջ չկա, որ պետք է գործատուն վճարի թեստի համար

Ո՞վ պետք է վճարի աշխատող քաղաքացու կորոնավիրուսի թեստի համար, այս հարցը Սահմանադրական դատարանի որոշումից շաբաթներ անց էլ հստակ պատասխան չունի։
Այսօր պատասխանելով օգտատերի հարցին` նախարար Ավանեսյանն ասաց. «Սահմանադրական դատարանն ամբողջ հրամանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան: Կանոնը ենթադրում է թեստի ներկայացում, թե դրա համար ով է վճարելու, կարող է պայմանավորվածություն լինել գործատու-աշխատողի միջև, որ վճարում է գործատուն, արդեն մասնավոր դեպքերի շրջանակում ազատ են կողմերը իրենց հարաբերությունները կառուցելու: Այստեղ գլխավոր պահանջը թեստի պատասխան ներկայացնելն է, վճարում է ոչ պետությունը: Որևէ պահանջ չկա, որ պետք է գործատուն վճարի»:

Նրա մեկնաբանմամբ` միայն մեկ արտահայտություն, որ քաղաքացին իրականացնում է թեստավորումը իր հաշվին, «իր հաշվին» բառակապակցությունը համարվել է, որ պետք է ուժը կորցրած ճանաչի. «Հրամանը չի կարող հստակ շրջանակ սահմանել, թե ով պետք է իրականացնի վճարումը», - նշեց առողջապահության նախարարը` հավելելով, որ սա համահունչ է նաև այլ բժշկական օգնության ստացման հանգամանքներին, երբ որ քաղաքացին կարիք ունի որևէ բժշկական միջամտության, դրա համար վճարում է ինքը, իր բարեկամները, ծնողները և այլն:

«Օրենքը չի կարող պարտադրել, որ հենց տվյալ քաղաքացու հաշվին պետք է իրականացվի, բայց ցավոք սրտի, արագ կեղծ լուր տարածելու շնորհիվ ունենք անընդհատ կրկնվող այս նույն հարցը», - նկատեց նա:

Ինքնամեկուսացման նոր կարգի մասին

Ըստ նրա կարգի` Հայաստանում ինքնամեկուսացման ժամկետները նվազեցվում են. չպատվաստածները մեկուսանում են 10 օր, իսկ պատվաստվածները` 7 օր: Անդրադառնալով այս նոր կարգին` Անահիտ Ավանեսյանը շեշտեց. «Այս որոշման հիմքում ընկած է «օմիկրոն» շտամի առանձնահատկությունը, թե ինչպես են պատվաստված քաղաքացիները տանում այս հիվանդությունը:

Մենք հասկանում ենք, որ արագ տարածելիության արդյունքում շատ կարճ ժամանակում ունենում ենք հիվանդացած քաղաքացիների մեծ բազմություն, եթե մեր նախորդ դիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը տանելու առումով այն թեթև է, 5-6 օրվա ընթացքում սիմպտոմները վերանում են, ապա մենք պետք է ապահովենք ծառայությունների անխափան աշխատանքը, չենք կարող, որ բոլորը 14 օր մնան տանը և չաշխատեն: Սա համահունչ է նաև այլ երկրների փորձին»:

«Ամենակարևոր խնդիրը ընդհանուր մահացության ցուցանիշների նվազումն է»

Դիտարկմանը, որ կան գնահատականներ, որ «օմիկրոնը» կարող է այս համավարակի վերջը լինել, նախարարը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում վերջ. «Հասկանում ենք, որ այս վիրուսն արդեն իսկ կդառնա էնդեմիկ, ժամանակ առ ժամանակ շրջանառվող և որևէ տեղ չի չքվի ամբողջությամբ, բայց ամենակարևոր խնդիրը ընդհանուր մահացության ցուցանիշների նվազումն է, և իհարկե հիվանդացության այսպիսի մեծածավալ ալիքների խստացումը»:

Հարցին` ինչո՞ւ պատվաստվել, եթե «օմիկրոնով» վարակվածները այն թեթև են տանում, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մեծածավալ պատվաստումների արդյունքում են մարդիկ վիրուսը թեթև տանում. «Այո, այդպես է, բայց այն երկրներում, որտեղ պատավստումների թիվը բավական բարձր է, մենք այդ տենդենցը նկատում ենք, որ ընդհանուր ավելի հիվանդությունը թեթև է ընթանում քաղաքացիների մոտ:

Մեր երկրում էլ ենք դա նկատում. եթե «դելտա» շտամի պարագայում ունենայինք 3500 դեպք, ինչ ունեցանք նախորդ նախորդ շաբաթ, և այս շաբաթ էլ երևի կկրկնվի ցուցանիշը, նախորդ շտամի պարագայում իսկապես առողջապահական համակարգը աղետալի վիճակում կհայտնվեր դիմելիության աստիճանի համեմատությամբ` մահերի և հոսպիտալացումների առումով»:

Ամբողջապես պատվաստվել է չափահաս բնակչության 37.3 տոկոսը

65 + քաղաքացիները ռիսկային խումբ են հանդիսանում, և մեր գլխավոր թիրախներից է նաև նրանց հասցեական հասցնել պատվաստումների կարևորության մեսիջը, նկատեց առողջապահական գերատեսչության պատասխանատուն: Վերջին շրջանում բացի զանգերից, բրոշյուրներ տրամադրելուց, տնական այցեր են նաև իրականացնում` շարժական կետերը մոտենում են ու տանն իրականացնում են պատվաստումներ, ինչի արդյունքում, ըստ Ավանեսյանի, ունեցել են պատվաստումների թվի որոշակի, բայց ոչ գոհացուցիչ աճ:

Նրա տեղեկացմամբ` Հայաստանում ամբողջապես պատվաստվել է չափահաս բնակչության 37.3 տոկոսը, 45.7 տոկոսը ստացել է միայն առաջին դեղաչափը:

«Սյս տոկոսները համադրելի են մեր հարևան երկրների տոկոսների հետ, բայց ԱՀԿ-ի ցուցումներով 70 տոկոսն է, որ կարող է մեզ համար բավարար ցուցանիշ ապահովել», - հավելեց Ավանեսյանը:

«Բոլոր սահմանափակող միջոցները ֆիլտրեր են, որոնք բերում են արդյունքի»

Բոլոր սահմանափակող միջոցները ֆիլտրեր են, որոնք բերում են արդյունքի, նպատակն է, որ քաղաքացիները պատվաստվեն և պաշտպանեն իրենց առողջությունը, չունենանք ծայրահեղ ծանր և մահվան դեպքեր, խոսելով սահմանափակումների մասին` ասաց Անահիտ Ավանեսյանը:

«Սահմանափակումներն ունեն մի քանի նպատակ, որոնցից մեկը նաև դա է»:

Մոտ 2000-ից ավելի հղի պատվաստվել է

Հարցադրմանը, թե «ո՞վ է ասել, որ հղին չի կարող վարակել-վարակվել, միգուցե պետությունը վճարի նրանց թեստավորման ծախսերը», նախարարն արձագանքեց, որ պատրաստ են եղել հղիների պարբերական թեստավորման որոշակի ծախսերն իրենց վրա վերցնել. «Բայց երբ գնահատեցինք համաճարակային իրավիճակն ու լրացուցիչ ռիսկերը նրանց ամեն անգամ գնալու պոլիկլինիկա, հետ գալու և գտնվելու որոշակի միջավայրում, որտեղ վարակվածների թիվը կարող է ավելի լինել, զերծ մնացինք նրանց վրա լրացուցիչ պարտավորություններ դնելուց»:

Նա հայտնեց` մոտ 2000-ից ավելի հղի կա, որ պատվաստվել է, ոչ մի ծանր դեպք չի գրանցվել պատվաստումից հետո:

Ամբողջությամբ` այստեղ.

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG