Մատչելիության հղումներ

Եվրոպայում չեն բացառում, որ կորոնավիրուսի համավարակը կարող է աստիճանաբար մարել


Ավստրիայի աջակողմյան ուժերի բողոցի ցույցը կորոնավիրուսի հետ կապված նոր պահանջների դեմ, Վիեննա, 20 հունվարի, 2021թ.
Ավստրիայի աջակողմյան ուժերի բողոցի ցույցը կորոնավիրուսի հետ կապված նոր պահանջների դեմ, Վիեննա, 20 հունվարի, 2021թ.

Մինչդեռ, շատերը բողոքում են պատվաստման և «կորոնաանձնագրերի» դեմ:

Ամբողջ աշխարհում մեծ արագությամբ տարածվում է կորոնավիրուսի վերջին ենթատեսակը՝ «օմիկրոն»-ը: Իշխանությունները և առողջապահական հաստատությունները բնակիչներին հորդորում են պատվաստվել:

Գրեթե բոլոր մայրցամաքներում հանրության մի մասը բողոքի ակցիաներ է անցկացնում և պահանջում է չեղարկել, այսպես կոչված, «կորոնաանձնագրերը» [պատվաստման կամ կազդուրվելու մասին վկայող փաստաթուղթը կամ QR-կոդը] և գրեթե պարտադիր դարձող պատվաստումները:

Մինչդեռ, մասնագետների մեկնաբանություններում ի հայտ է գալիս զգուշավոր լավատեսություն և տեսանելի ապագայում այս պատուհասից վերջապես ազատվելու ակնկալիք: Համենայնդեպս, Եվրոպայում դա միանգամայն հնարավոր է համարվում: Այդ մասին է ասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ծրագրերի տնօրեն Հանս Կլյուգեն:

«Օմիկրոն»-ն առաջին անգամ գրանցվել է անցած տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայում և սկսել է կորոնավիրուսի մինչ այդ հայտնի ենթատեսակների համեմատությամբ չափազանց արագ տարածվել:

«Օմիկրոն»-ը հունարենի այբուբենի 15-րդ տառն է, գիտական ավանդույթի համաձայն, վիրուսները դասակարգվում են ըստ հունարենի այբուբենի:

Արդեն դեկտեմբերին մասնագետները նշել են, որ «օմիկրոն»-ով ախտահարվածները համեմատաբար հեշտ են տանում հիվանդությունը, դրա ծանր ընթացքի և մահվան դեպքերը «դելտա»-ի համեմատությամբ ավելի քիչ են:

Առավել լավատեսորեն տրամադրված մասնագետները նույնիսկ կարծիք են հայտնել, որ «օմիկրոն»-ը կարող է դառնալ «բնական պատվաստանյութ», քանի որ վարակված մարդու օրգանիզմում գոյանում են հակամարմիններ, որոնք նրան ինչ-որ ժամանակ պետք է պաշտպանեն:

Հանս Կլյուգեն դեռ երկու շաբաթ առաջ է ասել, որ եթե «օմիկրոն»-ը շարունակի այս արագությամբ տարածվել, ապա առաջիկա 6-8 շաբաթների ընթացքում Եվրոպայի բնակչության կեսից ավելին կվարակվի:

ԱՀԿ Եվրոպայի ծրագրերի տնօրենի փոխանցմամբ, կորոնավիրուսը կարող է պանդեմիկ փուլից թևակոխել էնդեմիկ փուլ: Կլյուգեն երեկ էլ է խոսել համավարակի մասին, նշելով, որ այն կարող է մարել: Միաժամանակ նա ընդգծել է, որ կորոնավիրուսն այս ընթացքում այնքան շատ անակնկալներ է մատուցել գիտնականներին, որ չի կարելի միանշանակ պնդել, թե համավարակն անպայման կավարտվի: «Գուցե և ի հայտ կգա մի նոր վտանգավոր ենթատեսակ»,- նախազգուշացրել է Կլյուգեն:

Մասնագետները ենթադրում են, որ «օմիկրոն»-ից հետո ինչ-որ տևական ժամանակ դադար կլինի և տարեվերջին կորոնավիրուսը «կվերադառնա», սակայն ոչ թե պանդեմիկ, այլ էնդեմիկ տարբերակով:

Շատ պարզ մեկնաբանությամբ դա կնշանակի, որ հիվանդությունն այլևս համաշխարհային ծավալ չունի և տարածվում է կոնկրետ քաղաքում, շրջանում, երկրում կամ տարածաշրջանում: Դա բնավ չի նշանակում, որ այն կդառնա քիչ վտանգավոր: Մարդիկ կարող են ծանր հիվանդանալ և մահանալ նաև, այսպես կոչված, սովորական սեզոնային գրիպից:

Մասնագետները շարունակում են պնդել, որ լավագույն բուժումը հիվանդության կանխումն է, տվյալ դեպքում՝ պատվաստումը: Սակայն այստեղ ի հայտ են գալիս մի շարք էթիկական հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդու իրավունքի հետ:

Բռնատիրական երկրներում իշխանությունը հպատակներին կարգադրում է պատվաստվել, զգուշացնելով, որ խուսափողները կպատժվեն: Եվ այդպիսիք իսկապես պատժվում են: Դեմոկրատական երկրներում իշխանություններն առաջին հերթին փորձում են համոզել և մեծագույն դժվարությամբ են պարտադրանք կիրառում:

Եվրոպայում բացառիկ է Ավստրիայի օրինակը: Խորհրդարանը 137 կողմ 33 դեմ քվեների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք կորոնավիրուսի դեմ չափահասների պարտադիր պատվաստման մասին:

Առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուքշտայնն ասել է, որ դա թույլ կտա խուսափել տնտեսությունը քայքայքող լոքդաուններից:

«Մենք գիտենք, որ պատվաստումը, հատկապես երրորդ խթանիչ ներարկումը պաշտպանում է նաև «օմիկրոն»-ից: Եթե ուզում ենք խուսափել նոր սահմանափակումներից՝ պետք է պատվաստվենք»,- ասել է նախարարը:

Ընդդիմության ներկայացուցիչ, «Ազատություն» կուսակցության լիդեր Հերբերտ Կիկլը պնդել է, որ օրենքը ծանր հարված է հասցնում դեմոկրատիային:

«Մեկ որոշմամբ միլիոնավոր ավստրիացիներ դառնում են ստորադասված, նրանք արդեն անկախ չեն, ինքնիշխան չեն, նրանք դառնում են ենթականեր և ծառաներ»,- ասել է Կիկլը:

Նոր օրենքն ուժի մեջ կմտնի փետրվարից, իսկ ամբողջ ծավալով կսկսի գործել մարտի կեսից: Օրենքը ենթադրում է բազմաթիվ բացառություններ և չի գործի հղիների, առողջական սպեցիֆիկ խնդիրներով մարդկանց ու վարակված և կազդուրվածների նկատմամբ:

Հարևան երկրներն ուշիուշով հետևում են, փորձելով գուշակել, թե ինչ ընթացք կունենա այս նախաձեռնությունը և արդյո՞ք հետագայում նպատակահարմար կլինի հետևել Ավստրիայի օրինակին:

XS
SM
MD
LG