Մատչելիության հղումներ

Նոր խստացումներին ընդառաջ` մշակութային վայրերի տոմսերի վաճառքը նվազում է, սննդի կետերը խնդիրներ են տեսնում


Մի քանի օրից Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կթույլատրվի։ Առողջապահության նախարարի հրամանը ուժի մեջ է մտնում հունվարի 22-ին։

Այդ օրը Արամ Խաչատրյան համերգասրահում սպասվում է գերմանացի հայտնի թավջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթի համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի գլխավոր մասնագետ Աստղիկ Դալլաքյանն ասում է՝ սպասում էին, որ բոլոր տոմսերը կսպառվեն, սակայն նոր հրամանից հետո տոմսեր գնած շատ քաղաքացիներ զանգում, գրում են, որ չունեն պատվաստման հավաստագիր, համերգից առաջ էլ չեն ցանկանում թեստ հանձնել։ Որոշները արդեն սկսել են վերադարձնել տոմսերը։

«Այս երևույթից ելնելով հասկանում ենք, որ կլինեն մարդիկ, որ կուզեն այցելել համերգ, բայց չեն այցելի, արդեն հետագայում ուղղակի տոմս չեն գնի։ Տեսնենք, 22-ը առջևում է, արդեն կհասկանանք, թե տեխնիկապես ինչ խնդիրների առջև կարող ենք կանգնել», - ասում է նա։

Եթե տնտեսվարողները չպահպանեն կանոնները, ապա առաջին անգամ կտուգանվեն 100-300 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ մինչև 500 հազար դրամով։ Խստացումները նախաձեռնած առողջապահության ոլորտի պատասխատուները կարծում են, որ այսպես կմեղմացնեն քովիդի նոր ալիքները:

«Եթե մենք դա չիրականացնենք, մենք կունենանք հետագայում, հաշվի առեք, որ «օմիկրոնը» շատ ավելի արագ է տարածվում, «դելտայից» 5 անգամ ավելին, այսինքն` մեր երկիրը հիմա նախապատրաստվում է, ու մենք շատ ժամանակին ու տեղին ենք իրականացրել, որովհետև մենք փաստորեն հրամանի հաստատմանը զուգահեռ արդեն հայտնաբերեցինք «օմիկրոն» շտամը, այսինքն` մենք տվել ենք հնարավորություն այդ շտամի տեմպերը կանխելու համար», - ասում է ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նոր խստացումներն այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկն են։ Արդյո՞ք, օրինակ, մինչև 10 հազար հանդիսատես տեղավորող մարզահամերգային համալիրը կարող է պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Համալիրի տնօրենն ասում է՝ իրենք ծառայությունների մատուցման պայմանագրում ավելացրել են ևս մեկ կետ, համաձայն որի՝ համերգը կազմակերպող ընկերությունը պարտավորվում է ինքը ստուգել քաղաքացիների QR կոդերի առկայությունը, դրանց չլինելու դեպքում այդ ընկերությունն է պատասխանատվություն կրելու։

«Պայմանագրերի մեջ միշտ լինում են որոշակի պարտավորություններ կազմակերպողների վրա, այսուհետ այս նոր փոփոխությունները նույնպես կընդգրկվեն պայմանագրերի մեջ, և յուրաքանչյուր կազմակերպիչ, որը որևիցե մեծ միջոցառում է անում Մարզահամերգային համալիրում, պարտավոր կլինի բոլոր օրենքի սահմաններում հետևել, որ QR կոդերը ստուգվեն, թեստերը ստուգվեն և այլն, բոլոր սահմանափակումները նորմալ կիրառվեն և ստուգվեն: Պայմանագրի մեջ այդ կետը լինելու է, և պատասխանատվությունը իրենց վրա է, եթե մեր կողմից ինչ-որ աջակցության խնդիր լինի, և նրանք դիմեն, ասեն` կարո՞ղ եք այս կամ այն հարցով աջակցել, իհարկե մեր ուժերի սահմաններում մենք կանենք ամեն ինչ»:

Մարտին մարզահամերգային համալիրում սպասվում է ռուս ռեփերներից մեկի մենահամերգը։ Համերգի կազմակերպիչ «Փրայմ փրադաքշընի» հիմնադիր Էդգար Հոկտանյանն ասում է՝ դեռ չեն պատկերացնում վերահսկման ողջ գործընթացը, տոմսերը գնողներին միայն տեղեկացնում են, որ մուտքը համապատասխան հավաստագրերով պետք է լինի։ Հոկտանյանը կարծում է, որ համերգի մասնակիցների թիվը կնվազի։

Ոչ հազարավոր, բայց մի քանի հարյուր քաղաքացու են ընդունում հարսանիքներ հյուրընկալող ռեստորանները։ Այստեղ ևս նոր կարգավորումների վերաբերյալ պատկերացումները դեռ մշուշոտ են։ Մայրաքաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում տաղավարները այգում են, ոչ թե մեկ մուտք է, այլ մի քանիսը։ Արդյոք բաց տարածքում յուրաքանչյուր մուտքի մոտ պետք է հսկիչ կանգնի, եթե հյուրերից ոմանք չունենան հավաստագիր, ի՞նչ պետք է անի տնտեսվարողը։ Ռեստորանի սեփականատեր Պետրոս Ղարագյոզյանն ասում է՝ նախապես հարսանիքի կազմակերպիչներին տեղեկացնելու են պայմանները, թեև կարծում է՝ հնարավոր չի լինի ամբողջովին վերահսկել. «Չենք կարող 100 տոկոսով հսկենք, բայց փորձելու ենք ամեն դեպքում պահել օրենքը»։

Տնտեսվարողները կարծում են՝ քովիդի հետևանքով տուժած ու դեռ չվերականգնված հանրային սննդի ոլորտը մեծ վնասներ կկրի, հաճախորդների թիվը կնվազի։ Ասում են՝ կարգավորումները սահմանելուց առաջ դրանք պետք է քննարկվեին հենց ոլորտի ներկայացուցիչների հետ, ընդգծում են, որ այս խստացումներին պետք է աստիճանաբար անցում կատարվեր, որպեսզի բիզնեսը ևս պատրաստվեր։ Իսկ Առողջապահության նախարարությունում մատնացույց են անում հանրային շահը և շատ արագ տարածվող նոր՝ «օմիկրոն» շտամը։

XS
SM
MD
LG