Գորիսից Շուռնուխ, Որոտան, Բարձրավան դասավանդելու գնացող ուսուցիչներն այսօր աշխատանքի չեն գնացել, քանի որ ձյունը ճանապարհը դժվարանցանելի է դարձրել նույնիսկ զինվորական «Ուրալի» համար։
Վերջին օրերի առատ տեղումներն ավելի են բարդացրել կյանքը Սյունիքի այն համայնքներում, որոնք գրունտային այլընտրանքային ճանապարհների հույսին մնացին։ Գորիս - Կապան մայրուղու Որոտանի հատվածում և Կապան - Ճակատեն ճանապարհին ադրբեջանական կողմը մաքսակետեր էր տեղադրել նախորդ տարվա նոյեմբերից, շուրջ 9 գյուղերի երթևեկը իրականացվում էր անտառային ճանապարհներով։
«Այո, էս պահի դրությամբ էլ փակ ա, էրկու կողմի ճանապարհն էլ փակ ա։ Կապան – Գորիս մեր էն նախկին ճանապարհը, խաչմերուկից մինչև գյուղ ութ կիլոմետր ա, էդ ութ կիլոմետրանոց հատվածն էլ ա փակ էս պահի դրությամբ», - «Ազատությանը» փոխանցեց Բարձրավան համայնքի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը։
Արդեն 4 օր է, ինչ փակ է Տաթև - Կապան ճանապարհի Աղվանի հատվածից Բարձրավան տանող այլընտրանքնային ճանապարհը։ Ավագյանն ասում է, որ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները փորձում էին գյուղ հասնել, չկարողացան. - «Նույնիսկ ես «ՈւԱԶ»-ով ցանկացել եմ գնամ հասնեմ իրանց, որ տեսնեմ ինչում ա խնդիրը, ես էլ չեմ կարացել բարձրանամ»։
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ Բարձրավանի բնակիչների համար սնունդ ու հիգիենիկ պարագաներ պետք է տանեին, բայց կազմակերպության ամենագնացները չհաղթահարեցին ճանապարհը. - «Մեր ծրագրերը նաև նախատեսում են որոշակի աջակցություն, որը հասցվում է սահմանամերձ համայնքներին, հասցվում է այնտեղ բնակչության խոցելի խմբերին։ Եվ հերթական այդպիսի ծրագրի շրջանակներում մեր աշխատակիցները մեքենաներով երեկ փորձեցին հասցնել այդ աջակցությունը, որը անսպասելի եղանակային պայմանների պատճառով դժվարություն մենք տեսանք մեր ճանապարհին»։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս տարվանից Գորիսում ենթապատվիրակություն է հիմնել։ Զառա Ամատունու շեշտմամբ, սահմանի բնակիչներին իրենց հասանելիքը անպայման կստանան՝ հենց ճանապարհներն անցանելի դառնան։
Գորիսի 3 գյուղեր՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, այժմ հասանելի են միայն Արտակարգ իրավիճակների նախարարության «ՈՒԱԶ»-ի համար, որով հաց է հասցվում այս գյուղերին։
«Էրեկ ու էսօր մի քիչ դժվարությամբ ենք գնացել։ Առաջինը մենք են գնացել, մոտ մի 40-50 սանտիմ ձյուն դրած ա եղել։ Նորմալ ձևի գնացել, գոհ-շնորհակալ մեզանից, տարել հաց թողել, ծառայության ենք անցել», - «Ազատությանն» ասաց ԱԻՆ Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանը։
Նա է համակարգում Որոտան, Շուռնուխ ու Բարձրավան հաց տանելու հարցը. ամեն օր 280 բոքոն Գորիսի արտադրամասից հավաքում ու բաժանում են երեք գյուղերին՝ Խոտ-Որոտան-Թասի շրջադարձերով դեպի Բարձրավան ու Շուռնուխ։
Փրկարարների «ՈւԱԶ»-ը, Սահակյանի խոսքով, բնակիչների շտապ օգնությունն է նաև. - «Անհրաժեշտության դեպքում, եթե գյուղացիք ինչ-որ բան են խնդրում տանելու, էլի տանում ենք։ Կարող ա խանութի ապրանք լինի, կամ ինչ-որ մեկը մեր հետ գա, հետ գնա, վեշ տեղափոխի, իրա բարեկամին մի բան ուղարկի։ Որևէ մեկի խնդրանքը չենք մերժում»։
Կապանի 6 համայնքներ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ ու Շիշկերտ, նույնպես հիմնական ճանապարհ չունեն հիմա։ Ձյունը դժվարանցանելի է դարձրել Ճակատենից Կապան Գեղանուշով այլընտրանքնային ճանապարհը։
«Էս տեղումների պատճառով մի քիչ դժվարանցանելի էր Ճակատեն-Կապան հատվածը, Գեղանուշի հատվածը, բայց փակ չի եղել, ուղղակի դժվարանցանելի էր։ ու Շիշկենտ գյուղն ա դժվարանցանելի, որովհետև էնտեղ էլ ա բարձր ու գրունտավոյ ճանապարհ ա, էնտեղ մաքրելու խնդիր կա, էսօր պիտի մաքրեն», - ասաց Ծավ համայնքի վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանը։
Շիշկերտում այժմ ընդամենը 4 ընտանիք է ապրում։ Կապանի այս գյուղերում հացի խնդիրը ավելի հեշտ է լուծվում. Ծավում փուռ կա, թխում-բաժանում են։ Գորիս - Կապան մայրուղու Ադրբեջանի հսկողության տակ անցած 21 կիլոմետրանոց հատված շրջանցող ճանապարհներ կառավարությունը սկսեց կառուցել միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը մաքսային հսկողություն սահմանեց և ճանապարհի այդ հատվածները փակվեցին հայկական կողմի համար։ Ճանապարհային դեպարտամենտը խոստանում էր օրերը տաքանալուն պես գրունտային շրջանցիկները ասֆալտապատ դարձնել։
9 գյուղեր դեռ պետք է սպասեն, որ ձյունը մաշվի, գարունը գա, տեխնիկան մտնի անտառ։