Մատչելիության հղումներ

Հայկական զինված ուժերը Սյունիքում հետ են քաշվել «գրավոր փաստաթղթի հիման վրա». ընդդիմադիր պատգամավոր


Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյան («Հայաստան»)
Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյան («Հայաստան»)

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների պնդմամբ՝ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում Հայաստանի զինված ուժերն ու կամավորական խմբերը շուրջ 20 կիլոմետր հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա։

Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը ասում է, որ այդ մասին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ իրեն ուղղված գրությունն է փաստում։

Պատգամավորը հիշեցնում է՝ 1 տարի առաջ իրականացված գործընթացից հետո է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլիոմետրանոց հատվածն անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, մինչդեռ եռակողմ հայտարարությամբ կողմերը համաձայնել էին՝ կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում. - «Խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ենթակայության տակ եղած տարածքների վերաձևակերպման, վերաձևման, վերափոխման պահանջի, նաև ռազմավարական մայրուղու մի հատվածը թշնամուն հանձնելու մասին է այս ամենը։ Չի բացառվում, որ սրա հետ կապված նաև իրավական ընթացք տրվի»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հարցմանը պատասխանելով՝ հաստատել է, որ փաստաթուղթը Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև է կնքվել՝ առանց այլ մանրամասների, ասում է Մանուկյանը. - «ՀՀ և Ռուսաստանի պաշտպանության գերատեսչությունների միջև առկա է 2020 թվականի դեկտեմբերի ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը գաղտնագրման ենթակա է, չի կարող տրամադրվել կամ հրապարակվել»։

Ընդդիմադիր պատգամավորները հենց իրենց ձևակերպմամբ՝ լրագրողական հետաքննության արդյուքները ներկայացնելու համար էին այսօր մամուլի ասուլիս հրավիրել։ Մեկ տարի շարունակ փորձել են հասկանալ՝ հայկական զորքեը ի՞նչ փաստաթղթի հիման վրա են հետ քաշվել, հարցումներ են ուղարկել տարբեր գերատեսչությունների, հարցեր ուղղել պաշտոնյանների։

«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտպանական գերատեսչությունը հասարակությունից թաքուն են պահել, խուսափել են բարձրաձայնել, հարցումներին հրաժարվել են պատասխանել, թե ինչի հիման վրա է Սյունիքում զորքերը հետ քաշվել։ Եվ միայն հիմա, մեկ տարի հետո Գլխավոր շտաբը եկավ փաստելու, որ իրականում եղել է փաստաթուղթ», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ մի քանի անգամ վստահեցրել էր, թե հայկական զորքերը բանավոր պայմանավորվածությամբ են հետ քաշվել. - «Որոշումը կայացվել ա՝ հասցեագրելու համար ձեր հիմա հնչեցվող քննադատությունները, կայացվել ա պատերազմից խուսափելու համար։ Որովհետև իմ համոզմունքը այն էր, որ եթե էդ որոշումը չկայացվեր, էնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ։ Ես ձեզ հարյուր անգամ ասել եմ՝ ինչի մենք ընտե՞ղ էինք կանգնած... Եվ ես ասել եմ նախկինում և խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Ղուբաթլուի և Զանգելանի հատվածները իննսուն տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք էդտեղ կանդրադառնանք, որովհետև էդտեղ կային խնդիրներ, որ պետք էր հավելյալ ճշգրտել՝ այդ նույն ճանապարհների գործունեության հետ կապված»։

Բայց արդեն դեկտեմբերի 8-ին խորհրդարանում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հերքեց իր նախկինում ասածը. դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց, թե հայկական կողմը բանավոր պայմանավորվածություններ չի իրագործել։ Հայաստան խմբակցության արդեն մեկ այլ պատգամավորի՝ Աննա Գրիգորյանի ուղիղ հարցին էլ արձագանքելով, հաստատեց, թե զորքերը գրավոր փասատթղթով են հետ քաշվել։

«Նման հակասող հայտարարությունն ինքնին խիստ վիճահարույց է՝ չկա փաստաթուղթ և չկա բանավոր պայմանավորվածություն... բա էդ ինչպե՞ս են այսօր ադրբեջանցի զինվորները հայտնվել Գորիս-Կապան, Կապան-Ճանատեն ճանապարհներին, դրանից հետո էլ մաքսակետեր են ավելացել։ Այսինքն՝ եթե բանավոր չի, գրավոր չի, ի՞նչ ձևակերպում տանք սրան», - հարցրել էր Աննա Գրիգորյանը։

Փաշինյանն արձագանգքել էր. - «Ձեր ասած դրվագով բանավոր պայմանավորվածության վրա չի եղել, այլ եղել է գրավոր պայմանավորվածության վրա»։

Իշխող խմբակցության պատգամավորները ընդդիմադիրների մատնանշած փաստաթղթի մասին հրաժարվեցին խոսել՝ տարբեր պատճառաբանություններով։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզվեց ժամանակ չունի, իսկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար էլ հարցն անլուրջ էր մեկնաբանություն տրամադրելու համար։

XS
SM
MD
LG