Միջին աշխատավարձի մեծությամբ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հինգ անդամ-երկրների շարքում նախավերջինն է, ընդ որում՝ հայաստանցիների իրական աշխատավարձերը նախորդ տարվա բարձր գնաճի պայմաններում անգամ նվազել են՝ փաստում են Եվրասիական տնտեսական միության կառավարող մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին տվյալները։
Ըստ այդմ, 2021-ի հունվար-սեպտեմբերին ԵՏՄ անդամ երկրներից ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը ունեցել են ռուսաստանցիները՝ 734 ԱՄՆ դոլար, հաջորդը՝ Ղազախստանում է՝ 568 դոլար, երրորդ տեղում Բելառուսն է՝ 547 դոլար աշխատավարձով։ Այդ ընթացքում Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 389 դոլար։ Դե իսկ, հնգյակը եզրափակում է Ղրղզստանը, ուր միջին աշխատավարձը կազմել է 232 դոլար։
2021-ի առաջին ինն ամսիներին՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ Ղրղզստանում իրական միջին աշխատավարձը նվազել է 2,1 տոկոսով, Հայաստանում՝ 0,3 տոկոսով։ Մնացած երեք երկրներում աճել է՝ ամենից շատ Ղազախստանում՝ 8,8 տոկոսով, այնուհետև Բելառուսում՝ 4,9 տոկոսով, և վերջապես Ռուսաստանում 3 տոկոսով։
Անցած տարվա հունվար-սեպտեմբերին՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ պարենային ապրանքները ամենից շատ թանկացել են Ղրղըզստանում՝ 17,1 տոկոս, այնուհետև՝ Ղազախստանում 10,8 տոկոս, երրորդ տեղում Հայաստանն է՝ 9,8 տոկոս թանկացմամբ, չորրորդ հորիզոնականում Բելառուսն է՝ 8,6 տոկոս։ ԵՏՄ-ում պարենային ապրանքները ամենից քիչ թանկացել են Ռուսասատնում՝ 7,6 տոկոս։
2021-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ԵՏՄ երկրներից ամենից քիչ գրանցված գործազուրկներ կային Բելառուսում՝ ողջ բնակչության ընդամենը 0,2 տոկոսը կամ 6.8 հազար մարդ։ Մինսկին հաջորդում է Ռուսաստանը՝ ողջ բնակչության 1,2 տոկոսն (877 հազար մարդ) էր այնտեղ գրանցվել որպես գործազուրկ։ Երրորդ հորիզոնականում Հայաստանն է՝ 2 տոկոս կամ 59.5 հազար մարդ։ Չորրորդը Ղազախստանն է, ուր որպես գործազուրկ գրանցվել էր ողջ բնակչության 2,3 տոկոսը կամ 210.1 հազար հոգի։ Ցանկը եզրափակում է Ղրղըզստանը՝ 3 տոկոս կամ 79.1 հազար գրանցված գործազուրկ։
ԵՏՄ-ում ամենից մեծ տնտեսությունը, բնականաբար, Ռուսաստանինն է. անցած տարվա սեպտեմբերի վերջին այն կազմում էր 1 տրիլիոն 236.9 միլիարդ դոլար։ Հաջորդը՝ Ղազախստանն է 124 միլիարդ դոլար ՀՆԱ-ով։ Երրորդ հորիզոնականում Բելառուսն է՝ 49.2 միլիարդ դոլար։ Չորրորդ տեղում Հայաստանն է 9.3 միլիարդ դոլար, իսկ Ղրղըզստանում տնտեսությունը 2021-ի սեպտեմբերի վերջին կազմել էր 5.7 միլիարդ դոլար։
Անցած տարվա առաջին ինն ամիսներին՝ 2020-ի հունվար-սեպտեմբերի հետ համեմատ ամենից բարձր տնտեսական աճը գրանցվել էր Հայաստանում և Ռուսաստանում՝ 4,6 տոկոս։ Այնուհետև՝ Ղազախստանում 3,5 տոկոս։ Բելառուսում աճը կազմել է 2,7 տոկոս, իսկ Ղրղըզստանում ընդամենը 0,1 տոկոս։