Մատչելիության հղումներ

Չնայած շոշափելի գնաճին, խանութներում նախատոնական եռուզեռ է


Հերթեր և կուտակումներ բաստուրմայի կրպակներից մինչև խաղալիքների խանութներ, դրսում էլ՝ վազվզոց ու խցանումներ։

Մայրաքաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկում տոնական եռուզեռ է. մեկը տան առևտուրն է անում, մյուսը՝ նվերներ գնում։ Առտրականներն էլ դժգոհելու պատճառ չունեն։

2021-ի հետպատերազմական տխուր Ամանորից հետո շատերը որոշել են նշել տոները, մեկը՝ համեստ սեղանով, մյուսը՝ ավանդական ճոխ տարբերակով։

Բայց գնաճը բոլորի աչքն է ծակում։

«Չարազ պետք է վերցնեմ, բայց անցած տարվա համեմատ թանկ է», - ասում է Նախշուն Երիցյանը։ Նա Ամանորը համեստ է նշելու, կարևորը, ասում է, ծանր տարվանից հետո 2022-ը լավ տրամադրությամբ դիմավորելն է. - «Քանի որ ասում են՝ ինչ տրամադրությամբ, որ տարին դու փակում ես, նույն տրամադրությամբ հաջորդ տարին սկսում ես։ Ուղղակի նրա համար, որ մենք ուզում ենք հաջորդ տարին մեր ամբողջ ազգի համար, մեր ամբողջ հայ ժողովրդի համար լավ, ուրախ տարի լինի, Աստված թող ուրախություն բերի մեր ընտանիքներին»։

Ողջունելով տոնական շրջանում ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշումը՝ տիկին Նախշունը քաղաքացիներին կոչ է անում շատ բան չգնել, խնայել գումարը, առանց այն էլ բարձր գնաճի պայմաններում ավելի կարևոր ծախսեր կան. - «Այդ գումարը ծախսելու շատ տեղեր կան։ Մենք դեռ պետք է տաքանալու համար կոմունալները վճարենք, փառք Աստծո, այս տարի էլ եղանակը երևէ մեր ժողովրդի կողմից ա, բարեբախտաբար»։

Անցած ամսվա տվյալներով, սննդամթերքի գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է ավելի քան 17 տոկոս։ Ամենաշատը բարձրացել են տոնական շրջանում շատ սպառվող կաթնամթերքի, ձվի, մսամթերքի գները։

Չնայած թանկացումներին, վաճառականներն այս տարվա առևտրից հիմնականում գոհ են, ասում են՝ 2020-ի տխուր Ամանորի համեմատ մարդկանց տրամադրությունը բարձր է։

Խաղալիքների խանութում էլ չեն դժգոհում, ամենատարբեր, գույնզգույն նվերներ վաճառող Մարիամ Հակոբյանի տպավորությամբ քաղաքացիները 2022-ից լավ ակնկալիքներ ունեն ու դրական են տրամադրված, իսկ իր կրպակից գնումներ են սկսել անել դեռ նոյեմբերից. «Էս տարի շարժը ավելի շատ ա, խաղալիքները, լույսերը ավելի շատ են վաճառվում»։

Երևանի փողոցներում «Ազատության» հարցերին պատասխանած որոշ քաղաքացիներ էլ անկեղծացան՝ Հայաստանի համար ծանր այս ժամանակահատվածում տոների սիրտ չունեն, ոչինչ չեն անելու։

«Խի սենց կռվից հետո Նոր Տարի՞ են անում։ Թող անողը անի», - ասաց մի տղամարդ։

XS
SM
MD
LG